Ինչպե՞ս նվազեցնել տոներին ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու վտանգը
Այս խորհուրդները կօգնեն պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքը։

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Պլանավորո՞ւմ եք տարեվերջյան տոնակատարություն կամ ճամփորդություն։ Շատերի համար տարվա այս շրջանն ասոցացվում է ընտանիքով և ընկերներով հավաքույթների հետ, սակայն դեռևս շարունակվող ՔՈՎԻԴ-19 համավարակը և վերջինիս նոր Օմիկրոն ենթատեսակը անհանգստություն են առաջացնում:
Ինչ էլ որ պլանավորել եք գալիք շաբաթների համար, հուսով ենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ և ձեր ընտանիքին առողջ տոներ անցկացնել։
Հիշեք վտանգների մասին
ՔՈՎԻԴ-19-ի պատվաստումների ցածր ծածկույթով վայրերում չպատվաստված մարդկանց, այդ թվում՝ երեխաների համար վարակվելու ռիսկերը բարձր են։ Վարակվելու ռիսկերը համեմատաբար ցածր են ամբողջությամբ պատվաստված մարդկանց համար։
Ցանկացած հավաքույթի դեպքում հաշվի առեք, թե արդյոք խմբի մյուս անդամները պատվաստված են, արդյոք նրանք հետևում են կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև՝ որտեղ և որքան ժամանակով եք մասնակցելու հավաքույթին։ Հաշվի առեք․ որ դրսում և ավելի կարճ ժամանակով հանդիպումներն ավելի քիչ վտանգ են պարունակում:
Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում շարունակել հետևել սահմանված կանխարգելիչ կանոններին՝ բազմամարդ վայրերում կրել դիմակ, պահպանել ֆիզիկական հեռավորություն և հաճախակի լվանալ ձեռքերը:
Պատվաստվեք
ԱՀԿ-ի կողմից հաստատված ՔՈՎԻԴ-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և բարձր արդյունավետությամբ պաշտպանում են ՔՈՎԻԴ-19-ի ծանր դեպքերից և մահից: Պատվաստանյութերը նաև օգնում են պաշտպանել ձեզ շրջապատող մարդկանց: Այնուամենայնիվ, ոչ մի պատվաստանյութ չի ապահովում 100 տոկոսանոց պաշտպանություն, ուստի կարևոր է նույնիսկ պատվաստվելուց հետո շարունակել հետևել կանխարգելիչ միջոցառումներին (դիմակ կրելը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը և ձեռքերը հաճախակի լվանալը)՝ ինքներդ ձեզ և մտերիմներին պաշտպանելու համար:
Եթե վատառողջ եք, մնացեք տանը
Մի մասնակցեք կամ կազմակերպեք հավաքույթներ, եթե Դուք կամ Ձեր ընտանիքից որևէ մեկը հիվանդ է կամ ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ ունի: Մնացեք տանը, դիմեք բժշկի և օգնեք կանխարգելել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը։
Ցանկացած ճամփորդություն պլանավորեք ամենայն մանրամասնությամբ
Բոլոր ճամփորդությունները կապված են ՔՈՎԻԴ-19-ով վարակվելու կամ այն տարածելու որոշակի վտանգի հետ: Ճամփորդելուց առաջ ստուգեք՝ արդյո՞ք ՔՈՎԻԴ-19-ը տարածվում է ձեր տարածքում և այն վայրերում, ուր ցանկանում եք ճամփորդել։
Մի ճամփորդեք, եթե Դուք կամ Ձեր ընտանիքի որևէ անդամ հիվանդ է, ունեք ՔՈՎԻԴ-19-ի որևէ ախտանշան կամ վերջին 14 օրվա ընթացքում եղել եք ՔՈՎԻԴ-19-ով հիվանդի կողքին: Ընտանիքի չպատվաստված անդամները, ովքեր գտնվում են ռիսկի խմբերում (ընտանիքի տարեց անդամներ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անդամներ), հնարավորության դեպքում պետք է հետաձգեն ճամփորդությունները՝ մինչև լիովին պատվաստվելը:
Եթե ճամփորդելու եք, փորձեք խուսափել պիկ ժամերին ճամփորդելուց: Ստուգեք ճամփորդական սահմանափակումները, մեկուսանալու և թեստավորման պահանջները Ձեր երկրում և բոլոր այն վայրերում, որոնք նախատեսում եք այցելել: Նկատի ունեցեք, որ այդ սահմանափակումները կարող են փոփոխվել և վաղաժամ չծանուցվել, ինչի հետևանքով ձեր ճամփորդական ծրագրերը կարող են խախտվել: Եթե ճամփորդում եք օդանավով, ուշադիր ստուգեք ընտրված ավիաընկերության ճամփորդական պահանջները:
Ճամփորդությունից տուն վերադառնալիս, հետևեք կառավարության կողմից սահմանված կարգավորումներին և շարունակեք հետևել բոլոր կանխարգելիչ միջոցառումներին։ Բացի այդ, առաջիկա օրերին հետևեք Ձեր առողջական վիճակին և ՔՈՎԻԴ-19-ին բնորոշ որևէ ախտանշանի ի հայտ գալուն պես` անհապաղ դիմեք բժիշկի:
Հանրային վայրերում հետևեք կանխարգելիչ միջոցառումներին
Ահա մի քանի հիմնարար կանխարգելիչ միջոց, որ Դուք և Ձեր ընտանիքի անդամները կարող եք ձեռնարկել, երբ դրսում եք․
- Խուսափեք մարդաշատ վայրերից և վատ օդափոխությամբ փակ տարածքներից։ Փորձեք Ձեր և այլ մարդկանց միջև պահպանել առնավազն մեկ մետր ֆիզիկական հեռավորություն։
- Կրեք դիմակ հանրային վայրերում, որտեղ ՔՈՎԻԴ-19-ը տարածված է և հնարավոր չէ ֆիզիկական հեռավորություն պահպանել։
- Հաճախակի լվացեք ձեռքերը կամ ախտահանեք սպիրտային հիմքով քսուքով։
- Խուսափեք Ձեր դեմքին դիպչելուց (աչքերին, քթին, բերանին)։
- Եթե Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն կամ ՔՈՎԻԴ-19-ի որևէ այլ ախտանշան ունեք, դիմեք բժիշկի հնարավորինս շուտ։
Խուսափեք մեծ հավաքույթներից
Մարդաշատ, վատ օդափոխությամբ փակ տարածքներում հավաքույթները, ինչպիսիք են օրինակ համերգները, միջոցառումները և խնջույքները, կարող են է՛լ ավելի վտանգավոր լինել։ Բացօթյա միջոցառումներն ավելի ապահով են։ Եթե հավաքվում եք ընկերներով կամ բարեկամներով, հնարավորության դեպքում մինչև հանդիպումը թեստ հանձնեք։
Հաշվի առեք Ձեր մտերիմների կարիքները և անհանգստությունները
ՔՈՎԻԴ-19 համավարակը սթրեսային է բոլորի համար, և շատ մարդիկ անհանգստանալու են մարդկանց խմբերի, նույնիսկ իրենց սիրելիների կողքին լինելուց: Հնարավորության դեպքում մինչ հանդիպելը փորձեք կապվել ձեր ընկերների և հարազատների հետ՝ տեղեկանալու նրանց ինքնազգացողությունից և քննարելու ցանկացած մտահոգություն:
Հնարավորության դեպքում մի այցելեք ընտանիքի չպատվաստված անդամներին կամ ընկերներին, ովքեր ՔՈՎԻԴ-19-ի ռիսկի խմբերում են (ընտանիքի տարեց անդամներ, ուղեկցող հիվանդություններներ) կամ լրացուցիչ միջոցներ ձեռնարկեք նրանց հանդիպելիս․ օրինակ՝ անկախ ձեր պատվաստման կարգավիճակից, կրեք դիմակ և երեխաներին հնարավորինս հեռու պահեք ընտանիքի այդ անդամներից:
Յուրաքանչյուր ընտանիք պետք է որոշում կայացնի՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։ Չմոռանաք ժամանակ տրամադրել և ձեր երեխաներին այդ որոշումներն ու կանոնները և դրանց պահպանման կարևորությունը բացատրել:
Հիշեք, որ մեր անհատական որոշումներն ազդում են ոչ միայն մեզ, այլ նաև՝ մեզ շրջապատող մարդկանց վրա: Պաշտպանեք և պաշտպանվեք։ Մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին երջանիկ և առողջ տոներ:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: