Ինչպե՞ս համացանցում ապահովել երեխաների անվտանգությունը

Այս արտակարգ իրավիճակում ուսուցիչները կարող են աջակցել երեխաներին և ապահովել նրանց անվտանգությունը համացանցում

Ժաննա Ուլիխանյան
Երևանի թիվ 20 դպրոցի դասարաններից մեկում դաս է։ Ուսուցիչը լսում է գրատախտակի մոտ կանգնած աշակերտի պատասխանը։
UNICEF Armenia/2018/Osipova
08 Ապրիլ 2020

Կորոնավիրուսը բոլորիս փակել է տանը ու ստիպել ապրել առցանց կյանքով։ Սա մարտահրավեր է բոլորի համար՝ թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների, թե՛ երիտասարդների, թե՛ դպրոցական ու թե՛ ավելի փոքր տարիքի երեխաների համար։ Եթե որոշ ժամանակ առաջ «ապրում ենք թվային աշխարհում» պնդմանը վերապահումով էինք մոտենում, ապա այսօր, արդեն առանց նույնիսկ մեկ գրամ չափազանցնելու, հաստատում ենք այդ պնդումը։ Սա բոլորիս համար նոր մարտահրավեր է, և բոլորս էլ նոր ենք սովորում ապրել այսպիսի աշխարհում։

Ու եթե սովորական աշխարհում վտանգները շատ են, ապա թվային աշխարհում դրանք հազարապատիկ են, քանի որ թվային աշխարհը անսահման է ու հասանելի բոլորին։ Եվ ինչպես սովորական աշխարհում, այնպես էլ՝ թվային աշխարհում մեծահասակները պետք է ամեն ինչ անեն երեխաներին պաշտպանելու համար։

Մենք խոսել ենք երկու երեխաների մայր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանի հետ և նրանից համացանցում երեխաներին պաշտպանելու խորհուրդներ հարցրել։

Հարց։ Վիկտորի՛ա, ուսուցիչները այս արտակարգ իրավիճակում ինչպե՞ս կարող են աջակցել երեխաներին և ապահովել նրանց անվտանգությունը համացանցում։

Վիկտորիա։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված խտրական վարքի և բուլիինգի ծավալների ավելացումը՝ առաջարկում ենք դասը սկսել կամ ավարտել բարի լինելու կոչով։ Այս օրերի լարվածությունը նույնչափ կամ գուցե առավել զգում են նաև երեխաները։ Իսկ այդ լարվածությունը, գումարվելով տեխնիկական կարողությունների պակասի, իրերի անհասանելիության և շատ այլ բաների հետ, կարող է ընկերներին անհիմն վիրավորելու կամ բուլիինգի ենթարկելու հավելյալ պատճառ դառնալ։  

Առցանց շատ ավելի հեշտ է վիրավորելը, երբ կոնտակտ չկա, երբ գրում ես ու այլևս չես մտածում, թե ուր են գնում և ում են հարվածում բառերդ։ Ուստի հիմա, առավել քան երբևէ, կարևոր է միմյանց հանդեպ բարի լինելու ու միմյանց աջակցելու մշակույթը դասարան բերել։ Եթե նկատում եք, որ դասարանում որևէ մեկը բուլիինգի է ենթարկվում, ապա խրախուսե՛ք այդ երեխային խոսել իր ծնողների կամ վստահելի մեկ այլ անձի հետ։ Դասարանում բոլոր աշակերտներին խրախուսե՛ք աջակցել այն ընկերներին, ովքեր առցանց բուլիինգի են ենթարկվում։

«Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր դեռահաս կիբերբուլիինգի մասին» հոդվածում շատ օգտակար տեղեկատվություն կգտնեք։ Առաջարկում ենք նաև երեխաների հետ միասին անցնել կամ նրանց հանձնարարել «Ի՞նչ է կիբերբուլիինգը» թեստը։

Վիկտորիա Օհանյանը վարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած Վերջ երեխաների հանդեպ բռնությանը գագաթնաժողովը։
UNICEF Armenia/2018/Mkhitaryan

Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է միմյանց հանդեպ բարի լինելու ու միմյանց աջակցելու մշակույթը դասարան բերել։

Վիկտորիա։ Կորոնավիրուսով պայմանավորված առցանց ուսուցումը շատ մեծ մարտահրավեր է ուսուցիչների համար ևս, և շատ կարևոր է, որ մեր ուսուցիչները փորձում են ամեն ինչ անել՝ երեխաների հետ շփման կամուրջը նաև առցանց կառուցելու համար։ Մյուս կողմից, ուսուցիչները պետք է համոզված լինեն, որ երեխաներին ուղարկվող նյութերը և հղումները ստուգված են և անվտանգ։ Իսկ հանձնարարությունը տալիս՝ պետք է հնարավորինս հստակեցնել աղբյուրները, որպեսզի խուսափենք առցանց որոնում անելիս ի հայտ եկող հավելյալ ռիսկերից։