Ինչպե՞ս խոսել երեխաների հետ կորոնավիրուսի մասին, եթե դուք ուսուցիչ եք
Տարբեր տարիքի երեխաների ուսուցիչներին ուղղված խորհուրդներ, որ կօգնեն երեխաների հետ կորոնավիրուսի մասին խոսելիս

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց, իրենց ընտանիքներին և իրենց համայնքներին կորոնավիրուսից պաշտպանելու միջոցներ են ձեռնարկում։ Այս շրջանում կարևոր է այնպես անել, որ երեխաները շարունակեն կրթություն ստանալ հարգալից, ներառական, աջակցող ու ջերմ միջավայրում։
Դպրոցներն ու ուսուցիչները հսկայական դեր ուներ այս գործում։ Կորոնավիրուսի մասին հնարավորինս ճիշտ ու գիտական փաստեր նրանց հաղորդելը կօգնի փարատել աշակերտների վախն ու անհանգստությունները, ինչպես նաև կօգնի նրանց հաղթահարել իրավիճակով պայմանավորված բարդությունները։
Ահա մի քանի առաջարկ ուսուցիչներին այն մասին, թե ինչպես ընդգրկել նախադպրոցական տարիքի, տարրական դասարանների, միջնակարգ և ավագ դասարանների երեխաներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող գործողությունների մեջ։ Ցանկացած զրույց վարելիս կամ գործողություն ձեռնարկելիս պետք է անպայման հաշվի առնել երեխայի կարիքները, դպրոցի, տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության կողմից տրամադրված ուղեցույցներն ու խորհուրդները, որոնք պետք է հիմնված լինեն միայն վստահելի աղբյուրների վրա, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Նախադպրոցականներին

- Հիմնականում շեշտադրե՛ք առողջ ապրելակերպի հետ կապված վարքը, այն է՝ փռշտալիս և հազալիս բերանը արմունկով կամ անձեռոցիկով ծածկելը։ Այս կայքէջում ավելի մանրամասն խորհուրդներ կան այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել վարակից։
- Կորոնավիրուսից և այլ վարակներից պաշտպանվելու լավագույն մեթոդը ձեռքերը հաճախակի լվանալն է։ Խրախուսե՛ք երեխաներին հնարավորինս հաճախ, քսան վայրկյան շարունակ լվանալ ձեռքերը։ Պետք չէ վախեցնել, փոխարենը կարող եք այս երգն ու այս պարը սովորեցնել նրանց։ Ձեռքերը լվանալու հետ կապված հիմնական խորհուրդներն այստեղ են։
- Մի մեթոդ մտածե՛ք, որ կօգնի ձեզ վերահսկել, թե ինչպես են երեխաները լվանում ձեռքերը։ Չմոռանա՛ք հաճախակի լվացվողների համար խրախուսման տարբերակներ ևս մտածել։
- Կարող եք թատրոնի և տիկնիկների միջոցով ցույց տալ նրանց վարակի նշանները՝ հազը, փռշտոցը կամ ջերմությունը, և թե ինչ կարող են նրանք անել, երբ իրենց լավ չեն զգում․ օրինակ, երբ գլուխն է ցավում կամ հոգնած են։ Կարող եք նաև ցույց տալ, թե ինչպես պետք է վերաբերվել հիվանդներին։ Սրանով կարելի է երեխաներին սովորեցնել միմյանց խնամելու և մյուսին ցավակից լինելու որակներ։
- Երբ մարմնամարզության ժամն է, կարող եք շրջանաձև՝ մեկը մյուսից մեկ մետր հեռավորության վրա նստեցնել երեխաներին և սկսել մարզանքը։ Երեխաները միմյանցից բավականաչափ հեռու պետք է լինեն, որպեսզի մարզանք անելիս միմյանց չվնասեն։
Տարրական դասարանների աշակերտներին

- Անպայման ուշադրություն դարձրե՛ք, հաշվի՛ առեք և լսե՛ք երեխաների անհանգստությունների մասին։ Պատասխանե՛ք նրանց հարցերին երեխաներին հասկանալի լեզվով։ Պետք չէ նրանց ծանրաբեռնել ավելորդ տեղեկատվությամբ։ Քաջալերե՛ք նրանց արտահայտվել և խոսել իրենց զգացմունքների մասին։ Քննարկե՛ք բոլոր այն զգացմունքները, որ նրանք կարող են ունենալ, և անպայման հաղորդե՛ք նրանց, որ այդ իրավիճակում դա նորմալ է։
- Անընդհատ շեշտադրե՛ք, որ երեխաները կարող են շատ բան անել իրենց և իրենց շրջապատող անձանց պաշտպանելու համար։ Օրինակ՝ բացատրե՛ք նրանց սոցիալական հեռավորության գաղափարը, այն է, որ պետք է խուսափել մարդաշատ վայրերից, նույնիսկ ընկերներից պետք է մի քիչ ավելի հեռու կանգնել և մյուս մարդկանց ձեռք չտալ։ Նաև շեշտադրե՛ք հիգիենային հետևելու կարևորությունը։ ինչպես է պետք պաշտպանվել վարակից։
- Օգնե՛ք երեխաներին հասկանալ վարակից պաշտպանվելու բազային մեխանիզմները։ Այնպիսի վարժություններ կամ փորձարկումներ արե՛ք տանը, որոնք ցույց են տալիս երեխաներին, թե ինչպես կարող է վարակը տարածվել։ Օրինակ՝ կարող եք գունավոր ջուր լցնել շշի մեջ ու այն փչել մաքուր սպիտակ թղթի վրա։ Երեխաները կտեսնեն, թե որքան հեռու է տարածվում գույնը։
- Կրկին ու կրկին ցո՛ւյց տվեք, որ կարևոր է ձեռքերը լվանալը նվազագույնը քսան վայրկյան տևողությամբ։ Օրինակ՝ մի փոքր քանակությամբ փայլ լցրեք երեխայի ձեռքերի մեջ ու նրան ասեք, որ լվանա միայն ջրով։ Նրանք կհամոզվեն, որ միայն ջրով դրանք չեն լվացվում ու փայլերի մի մասը մնում է։ Հետո ասեք, որ օճառով փորձեն։ Նրանք կնկատեն, որ միայն այդ ժամանակ են փայլերը մաքրվում։
- Մի տեքստ պատրաստե՛ք ու աշակերտներին հանձնարարե՛ք վերլուծել տեքստում նշված տարբեր մարդկանց վարքն ու առանձնացնել դրանցից ամենառիսկայինը։ Օրինակ՝ ուսուցիչը հիվանդ է, սակայն շարունակում է գալ դասի կամ ընկերներից մեկը փռշտալիս ձեռքերով փակում է բերանը, հետո մաքրում է ձեռքերը թաշկինակով ու շարունակում խաղալ։ Ո՞րն է ռիսկային վարքը և փոխարենը ինչպես պետք էր վարվել։
Միջին դասարանների դպրոցականներին

- Անպայման լսե՛ք երեխաներին անհանգստացնող հարցերն ու փորձե՛ք պատասխանել դրանց։
- Անընդհատ շեշտադրե՛ք, որ աշակերտները շատ բան կարող են անել իրենց և իրենց ընկերներին պաշտպանելու համար։ Բացատրե՛ք, օրինակ, հեռավորություն պահելու ու հիգիենայի կանոններին հետևելու կարևորության մասին։ Այստեղ կարող եք կարդալ վարակից խուսափելու կանոնների մասին։
- Հիշեցրե՛ք աշակերտներին, որ այս կանոնները նրանք կարող են պատմել նաև ընտանիքի մյուս անդամներին։
- Քաջալերե՛ք աշակերտներին դիմակայել խտրականությանը և կանխարգելել բուլիինգը։ Քննարկե՛ք խտրականության հետևանքներն ու բացատրե՛ք, որ այս ամենը նման արտակարգ իրավիճակներում նույնիսկ բնական է։ Քաջալերե՛ք նրանց արտահայտել իրենց զգացմունքները, բայց նաև բացատրե՛ք, որ վիրավորանքն ու խտրականությունը իրավիճակն ավելի են բարդացնում։ Կարևոր է, թե ինչ բառապաշար կօգտագործեք։ Արդեն իսկ առկա կարծրատիպերը տարածող արտահայտություններ հնչեցնելով՝ կարող եք խանգարել մարդկանց անհրաժեշտ գործողություններն անել ու պաշտպանել իրենց։ Ահա՝ ինչպես ենք խորհուրդ տալիս ծնողներին խոսել երեխաների հետ վարակի մասին։
- Առողջապահական կրթությունը մյուս առարկաների մեջ ևս ներառեք։ Բնագիտական առարկաները, օրինակ, կարող են ծառայել տարբեր վարակների, դրանց տարածման պատմությունների, ինչպես նաև պատվաստումների կարևորությունը ուսումնասիրելու համար։ Հասարակագիտական առարկաներն էլ կարող են կենտրոնանալ համաճարակների պատմության, հանրային առողջության ու անվտանգության վրա քաղաքականության ազդեցության գնահատման վրա։
- Խրախուսե՛ք աշակերտներին իրենց սոցիալական գովազդը պատրաստել՝ դպրոցում կամ դասարանում փակցվող պաստառների տեսքով կամ այլ կերպ։
- Մեդիագրագիտության դասերը կարող են զարգացնել երեխաների քննադատական մտածողությունը ու նրանց ավելի արդյունավետ հաղորդակցվելու հմտություններով զինել։ Այսպիսով նրանք ավելի ակտիվ քաղաքացի դառնալու հնարավորություն կունենան և ավելի լավ կկարողանան տարբերել ապատեղեկատվությունը։
Ավագ դասարանների դպրոցականներին
- Անպայման լսե՛ք դեռահասներին անհանգստացնող հարցերն ու փորձե՛ք պատասխանել դրանց։
- Անընդհատ շեշտադրե՛ք, որ աշակերտները շատ բան կարող են անել իրենց և իրենց ընկերներին պաշտպանելու համար։ Բացատրե՛ք, օրինակ, հեռավորություն պահելու ու հիգիենայի կանոններին հետևելու կարևորության մասին։ Այստեղ կարող եք կարդալ վարակից խուսափելու կանոնների մասին։
- Քաջալերե՛ք աշակերտներին դիմակայել խտրականությանը և կանխարգելել բուլիինգը։ Քննարկե՛ք խտրականության հետևանքներն ու բացատրե՛ք, որ այս ամենը նման արտակարգ իրավիճակներում նույնիսկ բնական է։ Քաջալերե՛ք նրանց արտահայտել իրենց զգացմունքները, բայց նաև բացատրե՛ք, որ վիրավորանքն ու խտրականությունը իրավիճակն ավելի են բարդացնում։ Կարևոր է, թե ինչ բառապաշար կօգտագործեք։ Արդեն իսկ առկա կարծրատիպերը տարածող արտահայտություններ հնչեցնելով՝ կարող եք խանգարել մարդկանց անհրաժեշտ գործողություններն անել ու պաշտպանել իրենց։ Ահա՝ ինչպես ենք խորհուրդ տալիս ծնողներին խոսել երեխաների հետ վարակի մասին։
- Առողջապահական կրթությունը մյուս առարկաների մեջ ևս ներառեք։ Բնագիտական առարկաները, օրինակ, կարող են ծառայել տարբեր վարակների, դրանց տարածման պատմությունների, ինչպես նաև պատվաստումների կարևորությունը ուսումնասիրելու համար։ Հասարակագիտական առարկաներն էլ կարող են կենտրոնանալ համաճարակների պատմության, հանրային առողջության ու անվտանգության վրա քաղաքականության ազդեցության գնահատման վրա։
- Խրախուսե՛ք աշակերտներին իրենց անձնական սոցիալական գովազդը պատրաստել և տարածել սոց մեդիաների իրենց էջերում, ռադիոյով և ինչու չէ նաև տեղական հեռուստատեսային ալիքների օգնությամբ։
- Մեդիագրագիտության դասերը կարող են զարգացնել երեխաների քննադատական մտածողությունը ու նրանց ավելի արդյունավետ հաղորդակցվելու հմտություններով զինել։ Այսպիսով նրանք ավելի ակտիվ քաղաքացի դառնալու հնարավորություն կունենան և ավելի լավ կկարողանան տարբերել ապատեղեկատվությունը։
Ստուգաթերթ ուսուցիչների համար