Ինչպե՞ս դեռահասները կարող են պաշտպանել իրենց հոգեկան առողջությունը կորոնավիրուսի ժամանակ

6 մոտեցում այս նոր «սովորականի» հետ առնչվող դեռահասների համար

ՅՈՒՆԻՍԵՖ
Դեռահաս աղջիկը միայնակ նստած է այգում և տնային աշխատանքներ է անում։
UNICEF/Anush Babajanyan VII
25 Մարտ 2020

Դեռահաս լինելը առանց այն էլ դժվար է, իսկ այս կորոնավիրուսն ավելի է բարդացնում իրավիճակը։ Բոլոր դպրոցները փակ են, բոլոր միջացառումները՝ չեղարկված, շատ դեռահասներ արդեն կարոտում են իրենց երիտասարդ կյանքի ամենակարևոր պահերը, ինչպես նաև՝ ուղղակի իրենց ամենօրյա կյանքը՝ ընկերների հետ զրույցը, դպրոց հաճախելը, և այլն։

Բոլոր դեռահասներին, ում կյանքը փոխվել է վարակի բռնկման պատճառով, ովքեր իրենց միայնակ են զգում, անհանգստացած են կամ հիասթափված, ասում ենք՝ դուք միայնակ չեք։

Մենք խոսել ենք դեռահասների հոգեբանության մասնագետ Լիզա Դամուրի հետ (Dr. Lisa Damour)։ Նա «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր է և լավագույն վաճառք գրանցած գրքերի հեղինակ: Նա մեզ պատմեց այն ամենի մասին, թե ինչ կարող է անել դեռահասը իր մասին հոգ տանելու և իր հոգեկան առողջությունը բարելավելու համար։

1. Ընդունել, որ անհանգստանալը լրիվ նորմալ է։

Եթե դպրոցների փակ լինելը և տագնապալից նորությունները անհանգստացնում են քեզ, դու միայնակ չես։ Իրականում, պետք է անհանգստանալ։ «Հոգեբանները վաղուց են ընդունել, որ անհանգստությունը նորմալ և առողջ գործոն է, որը զգուշացնում է մոտալուտ վտանգների մասին,օգնում մեզ որոշակի գործողությունների դիմել ու պաշտպանել մեզ»,- ասում է տկն. Դամուրը։ «Հենց անհանգստությունն է, որ պետք է ստիպի քեզ անհրաժեշտ որոշումներ կայացնել, օրինակ՝ մյուս մարդկանց հետ կամ մարդաշատ վայրերում չգտնվելը, ձեռքերը հաճախակի լվանալը, դեմքին չդիպչելը»։ Այս զգացողության շնորհիվ կարող ես պաշտպանել ոչ միայն քեզ, այլև՝ մյուսներին։ «Հենց այսպես ենք մենք հոգ տանում համայնքի մյուս անդամների մասին։ Մենք պետք է մտածենք մեզ շրջապատող մարդկանց մասին»։

«Կորոնավիրուսի պատճառով անհանգստությունը կարելի է հասկանալ, պարզապեսմիայն վստահելի աղբյուրներից օգտվե՛ք։ Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և ստուգե՛ք բոլոր այն տեղեկատվության իսկությունը, որ ստանում եք»,- ասում է տկն. Դամուրը։

Եթե հանկարծ ինքներդ վարակի նշաններ ունեք, ապա խոսե՛ք ձեր ծնողների հետ։ «Հիշե՛ք, որ կորոնավիրուսը հիմնականում ագրեսիվ չէ, հատկապես՝ երեխաների և երիտասարդների համար»,-ասում է տկն. Դամուրը։ Նաև հիշե՛ք, որ կորոնավիրուսը հիմնականում բուժվում է։ Նա խորհուրդ է տալիս ծնողներին կամ վստահելի մեկ այլ անձի եք, պատմել, թե ինչպես եք զգում ձեզ և թե ինչու եք անհանգստանում, որպեսզի նրանք կարողանան օգնել ձեզ։

Եվ հաշվի առե՛ք․ «Մեզ և շրջապատող մարդկանց պաշտպանելու և իրավիճակը կառավարելու շատ արդյունավետ ձևեր կան, օրինակ՝ հաճախակի ձեռքեր լվանալը, դեմքին չդիպչելը և սոցիալական հեռավորությունը պահպանելը»։ Կարդացե՛ք ձեռքերը լվանալու կանոնների մասին:

2. Կտրվե՛ք այս ամենից։

«Մեզ՝ հոգեբաններիս, երբ խրոնիկական բարդ իրավիճակում ենք գտնվում, խնդիրը երկու խմբի բաժանելը շատ է օգնում․ բաներ, որոնց վրա կարող ենք ազդեցություն ունենալ, և բաներ, որոնց դեմ ոչինչ չենք կարող անել»,- ասում է տկն. Դամուրը։

Այս պահին երկրորդ խումբը ավելի մեծ է, և դա նույնպես նորմալ է։ Այնուամենայնիվ, կա մի բան, որ կարող է օգնել մեզ հաղթահարել այս իրավիճակը, այն է՝ այս ամենից կտրվելը։ Օրինակ՝ կարող եք տնային աշխատանքները անել, դիտել սիրած ֆիլմերը կամ մի նոր վեպ կարդալ։

3. Ընկերների հետ շփվելու նոր ուղիներ գտե՛ք։

Եթե ընկերների հետ ուզում եք ժամանակ անցկացնել, միևնույն ժամանակ պահելով անհրաժեշտ հեռավորությունը, ապա սոցիալական մեդիան հրաշալի տարբերակ է։ Ստեղծագործ եղե՛ք․ Տիկ Տոկում միմյանց մարտահրավեր նետե՛ք։ «Ես երբեք չեմ թերագնահատի դեռահասների ստեղծագործ միտքը», - ասում է տկն. Դամուրը, - «նրանք հաստատ միմյանց հետ շփվելու այնպիսի առցանց տարբերակներ կգտնեն, որոնք կտարբերվեն մինչ այս ընդունված բոլոր ձևերից»։

«ԲԱՅՑ, էկրաններին անդադար կպած լինելը և առցանց սոցիալական հարթակներից դուրս չգալը նույնպես լավ գաղափար չէ։ Դա ուղղակի առողջ և խելամիտ չէ ու իրականում կարող է նույնիսկ խորացնել քո անհանգստությունը», - ավելացնում է տկն. Դամուրը՝ նշելով, որ ծնողների հետ պետք է գաջեթներից օգտվելու ժամանակ սահմանել։

Դրսում խոտերի վրա նստած աղջիկը գրում է մատիտով տետրի մեջ։
UNICEF/Anush Babajanyan VII

4. Ուշադրության կենտրոնում պահե՛ք ձեզ։

Երբևէ ցանկացե՞լ եք նոր բան սովորել, նոր գիրք կարդալ կամ երաժշտական նոր գործիք յուրացնել։ Հիմա հենց դրա ժամանակն է։ Քեզ վրա կենտրոնանալը և ի հայտ եկած ժամանակը արդյունավետ օգտագործելը հոգեկան առողջության մասին հոգ տանելու լավագույն միջոցներից են։ «Ես, օրինակ, ցանկալի գրքերի և անելիքների մի մեծ ցուցակ եմ պատրաստում»։

5. Զգա՛

«Մինչև ցավը չզգաս, չես ազատվի դրանից»

 

 

Ընկերների հետ միջոցառումները բաց թողելը, հոբիով չզբաղվելը կամ թեկուզ սպորտային խաղերի չեղարկումը հիրավի շատ հիասթափեցնող է։ «Կորուստն իսկապես մեծ է, և դա անհանգստացնում ու թևաթափ է անում դեռահասներին», - նկատում է տկն. Դամուրը։ Ինչպե՞ս հաղթահարել հիասթափությունը։ Ուղղակի զգալ այն։ «Մինչև ցավը չզգաս, չես ազատվի դրանից։ Կարող ես տխրել, այդ դեպքում գուցե ավելի շուտ ապաքինվես»։

Զգացմունքներին տեղի տալը անհատական բնույթ է կրում։ «Կան երեխաներ, ովքեր նկարում են, ոմանք ուղղակի ուզում են խոսել ընկերների հետ և զգալ, որ այս տխրության մեջ նրանք կրկին միասին են։ Իսկ ոմանք ուղղակի ցանկանում են սննդի պաշարներ հավաքել», - ասում է տկն. Դամուրը։ Կարևոր է, որ դուք անեք այն, ինչ ճիշտ է հենց ձեզ համար։

 

6. Բարի եղե՛ք ձեր և մյուսների հանդեպ։

Այս օրերին մի խումբ դեռահասներ բուլիինգի են ենթակվում կորոնավիրուսի պատճառով։ «Բուլիինգին վերջ դնելու լավագույն միջոցներից մեկը լուռ ականատեսներին ձայն տալն է ։ Բուլիինգի ենթարկվող երեխաները և դեռահասները չպետք է միայնակ դիմադրեն բուլիինգի ենթարկողներին, մենք պետք է նրանց խրախուսենք իրենց ընկերներին կամ վստահելի մեծահասակներին պատմել դրա մասին և աջակցություն ստանալ նրանցից»։

Եթե ձեր ընկերը ենթարկվում է բուլիինգի, փորձեք խոսել նրա հետ և ձեր օգնությունը առաջարկել։ Եթե դուք ոչինչ չանեք, նրանք իրենց ամբողջովին միայնակ կզգան ու կմտածեն, որ բոլորը իրենց դեմ են և իրենց մասին ոչ ոք հոգ չի տանում։ Ձեր բառերը իսկապես կարող են օգնել։

Եվ հիշե՛ք․առավել քան երբևէ, այսօր կարևոր է մտածել, նախքան որևէ բան տարածելը կամ ասելը, քանի որ այն կարող է ինչ-որ տեղ ինչ-որ մեկին վիրավորել։

Ահա առցանց բուլիինգից պաշտպանվելու մեթոդներ։

 

Եղե՛ք տեղեկացված, հետևե՛ք կորոնավիրուսի մասին մեր թարմացումներին։

ՅՈՒՆԻՍԵՖ
Ողջո՜ւյն: Ինչպիսի՞ն է կյանքը կորոնավիրուսի օրերին: Հարմարվո՞ւմ եք: Ձանձրանո՞ւմ եք: Միայնա՞կ եք: Անտրամադի՞ր եք: Եթե բնականոն կյանքի խաթարումը ձեզ վրա ծանր է անդրադառնում, իմացե՛ք, որ դուք մենակ չեք: Այստեղ 5 պարզ մոտեցումներ են, որոնք կօգնեն ձեզ այս անորոշ ժամանակաշրջանում հոգալ ձեր հոգեկան առողջության մասին։