Ի՞նչ կարող ենք անել աղետներից պաշտպանելու մեր երեխաներին

Հայաստանում դպրոցների մոտ 80%-ը չի համապատասխանում սեյսմիկ շինարարության նորմերին և անվտանգության չափանիշներին:

Ժաննա Ուլիխանյան
10-ամյա Արամն է դպրոցում. Նա գլխին է դրել իր դասագրքերից մեկն ու ժպտում է:
UNICEF Armenia/2018/Malkhasyan
29 Հունիս 2018

Երևանի դպրոցներից մեկի շենքի սեյսմիկ հետազոտության ժամանակ կայացվել է «փոխել շենքի նշանակությունը» որոշումը: Դպրոցն ունի բարձր սեյսմիկ խոցելիության մակարդակ և ամենաբարձր՝ 3-րդ աստիճանի վնասվածություն: Սակայն դպրոցը դեռ շարունակում է գործել: Յուրաքանչյուր օր այս դպրոց է հաճախում 280 աշակերտ: Հանկարծ երկրաշարժ լինի…

Հետազոտությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի շրջանակում 2014 թվականին: Հայաստանում միայն այս դպրոցը չէ, որ այսպիսի վիճակում է: Ավելի քան 425 դպրոց հիմնանորոգման կարիք ունի:

Ի՞նչ կարող ենք անել պաշտպանելու մեր երեխաներին: Այցելել ենք բարձր ու ցածր խոցելիություն ունեցող երկու դպրոց՝ համեմատելու աղետներին դիմակայելու այս դպրոցների պատրաստվածությունը:

Պատասխան 1. Սեյսմակայուն շենքեր

Բնականաբար, առաջինը մտածում ենք շենքերի սեյսմակայունության մասին: Պետք է վերահսկել արդեն իսկ գործող շենքերի վիճակը: Փորձել կատարել համապատասխան փոփոխություններն ու նորոգումները, որպեսզի դրանք հնարավորինս սեյսմակայուն լինեն: Իսկ նոր կառուցվողներն էլ պետք է բոլոր սեյսմիկ նորմերին համապատասխան կառուցվեն:

Անմխիթար վիճակում դտնվող դպրոց, որի պատը կիսաքանդված վիճակում է:
UNICEF Armenia/2018/Malkhasyan
Լավ վիճակում գտնվող դպրոցի շենք:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Պատասխան 2. Ի՞նչ անել աղետի ժամանակ: Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա ռիսկի կառավարման պլան և նորացված տարհանման պլան:

Դպրոցում աղջիկը նայում է պատին փակցված տարհանման պլանը:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Շատ կարևոր է տարհանման ելքերի քանակը. դրանք պետք է համապատասխանեն շենքի կառուցվածքին և աշակերտների քանակին: Օրինակ, մեր այցելած վթարային դպրոցում, չնայած տարհանման պլանում ելքերի առկայության, դրանցից մի մասը փակ են և չեն գործածվում, իսկ մյուս մասն էլ շատ վատ վիճակում են գտնվում: Մինչդեռ, որպես լավ օրինակ բերված մյուս դպրոցում, յուրաքանչյուր հատված իր ելքն ունի, և բոլոր ելքերը գործածելի են:

Դպրոցի տարհանման ուղին է, ունի ընդամենը մեկ դուռ, իսկ դռան մոտ՝ աստիճաններ, ինչը աղետի դեպքում կխանգարի երեխաներին անվտանգ դուրս գալ դպրոցից:
UNICEF Armenia/2018/Malkhasyan
Դպրոց, որտեղ տարհանման ուղու վրա 2 մեծ ելք կա՝ հնարավորություն տալով երեխաներին հանգիստ դուրս գալ դպրոցից աղետի ժամանակ:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Տարհանման ուղիները պետք է բաց լինեն. Ուղին փակող հավելյալ իրեր չպետք է լինեն: Անչափ կարևոր է, որ այդ ուղիների վրա գտնվող դռները դեպի դուրս բացվեն: Վթարային այս դպրոցում երկրորդ գործող տարհանման ուղու դուռը ոչ միայն դեպի ներս է բացվում, այլև առկա աստիճանները և խոչընդոտները կարգելակեն երեխաներին տարհանման ժամանակ:

Երեխաները դուրս են գալիս դասասենյակից աղետից պաշտպանվելու վարժանքի ժամանակ:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Լավ պատրաստվածություն ունեցող դպրոցի լուսամուտների ապակիները պատված են պաշտպանիչ թաղանթով: Այստեղ առաջնահերթությունը տրվել է դասասենյակներին և տարհանման ուղիների լուսամուտներին: Ի դեպ կարևոր է, որ առաջին հարկի լուսամուտները չունենան ճաղավանդակներ, իսկ առկայության դեպքում՝ լինեն շարժական:

Դպրոցի առաջին հարկի բոլոր պատուհաններին ճաղավանդակներ են, ինչը խորհուրդ չի տրվում:
UNICEF Armenia/2018/Malkhasyan
Այս դպրոցի առաջին հարկի բոլոր պատուհանները մեծ են ու առանց ճաղավանդակների:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Անհրաժեշտ է նաև նշել, որ բարձր դիմակայունություն ունեցող այս դպրոցում բոլոր պահարաններն ամրացված են պատերին: Մինչդեռ մյուս՝ բարձր խոցելիություն ունեցող դպրոցը, խնդիրը փորձել է լուծել՝ սենյակների մեծ մասից պահարանները դուրս հանելով:

Դասասենյակում պահարանն ամրացված չէ պատին: Աղետի դեպքում այն կարող է ընկնել երեխաների վրա:
UNICEF Armenia/2018/Malkhasyan
Դասասենյակում պահարանն ամուր ամրացված է պատին և աղետի դեպքում երեխաներին չի կարող վնասել:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Տարհանումը շատ ավելի հեշտ է կազմակերպել, եթե դպրոցի պատերին փակցված են տարհանման և հակահրդեհային նշանները՝ սլաքները, պահուստային ելքերը, դուրս գալու ուղությունները, հավաքատեղին և այլն:

Դպրոցում պատերին փակցված են տարհանման ուղիները ցուցադրող նշաններ:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Պատասխան 3. Գիտելիք ու պարբերաբար վարժանքներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մշակել է մեկ տասնյակից ավելի ուսումնական ռեսուրսներ՝ աղետների ռիսկի նվազեցման դասավանդման համար։ Երբ արդեն դպրոցն ունի աղետների ռիսկի կառավարման պլան, ներառյալ՝ տարհանման պլան, անհրաժեշտ է փոխանցել այդ գիտելիքը աշակերտներին և դպրոցի անձնակազմին: Ավելին՝ անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել և իրականացնել տարահանման և պատսպարման վարժանքներ:

Աղջիկը աղետներից պաշտպանվելու վարժանքի ժամանակ պատսպարվել է դասասենյակի սեղանի տակ ու հագուստով փակել բերանն ու քիթը:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանությունը

Այստեղ հատուկ ուշադրություն է պետք դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների անվտանգությանը և տարհանմանը, նշանակել համապատասխան պատասխանատուի: Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար վերացնել տարբեր բնույթի խոչընդոտները, ապահովել դռների համապատասխան լայնություն, կառուցել թեքահարթակներ և այլն: Իսկ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար տեղադրել լուսա-վիբրացիոն ազդանշաններ:

Երեխաները դուրս են վազում դպրոցից աղետներից պաշտպանվելու հերթական փորձի ժամանակ:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Այս ամենից է կախված տասնյակ հազարավոր աշակերտների անվտանգությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում Հայաստանի ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչներին, ծնողներին և այլ պատկան մարմիններին՝ անել հնարավորը արտակարգ իրավիճակի դեպքում ԲՈԼՈՐ՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաներին պաշտպանելու համար: Դպրոցները և նախադպրոցական հաստատությունները պետք է պատրաստ լինեն արձագանքել փոքր և մեծ արտակարգ իրավիճակներին, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա ապահով և անվտանգ միջավայրում:

Ավելին՝ հետևյալ տեսանյութում՝ https://bit.ly/2KCGcCo