Ի՞նչ է փոքր խմբային տունը

Հարցազրույց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի հետ

Ժաննա Ուլիխանյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկը Վանաձորի փոքր խմբային տանը զրուցում է տանն ապրող երեխաներից մեկի՝ Անիի հետ:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan
22 Մայիս 2019

Ի՞նչ է փոքր խմբային տունը

Հայկ - Վանաձորի փոքր խմբային տան մասին խոսելիս կարևոր է իմանալ, որ այն ոչ թե ընտանիքի, այլ մանկատան այլընտրանք է: Սա մի տուն է, որտեղ կարող է ապրել մինչև ութ երեխա, իհարկե, ցանկալի է՝ ժամանակավոր՝ մինչև յուրաքանչյուր երեխայի համար առավել կայուն և բարենպաստ լուծում գտնելը: Ավելի պատկերավոր՝ սա կարծես մի «բարեկամի տուն» լինի, որտեղ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխան ժամանակավոր բնակություն է հաստատել, մինչև ընտանեկան հարցերը լուծվեն, և նա կա՛մ վերադառնա իր ընտանիք, կա՛մ նրա համար խնամատար ընտանիք գտնվի: Սա այլընտրանքային խնամքի մոդել է, որը, ինչպես մյուս մոդելները, ուղղված է ամենախոցելի երեխաների կյանքը բարելավելուն ու նրանց իրավունքները, այս դեպքում՝ հատկապես ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքը ապահովելուն:

Ինչո՞վ է այն տարբերվում մանկատնից

Հայկ - Մանկատանը, նույնիսկ լավագույն ցանկության դեպքում, չափազանց բարդ կամ անհնար է երեխաների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել, քանի որ աշխատողները սակավաթիվ են, իսկ երեխաները՝ շատ: Փոքր խմբային տանը երեխաների առավելագույն թիվը ութն է, իսկ օրվա ընթացքում երկու մասնագետ և մեկ թիմի ղեկավար մշտապես նրանց հետ են անցկացնում: Այստեղ յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում է ցուցաբերվում, յուրաքանչյուր երեխա ստանում է սեր, խնամք և դաստիարակություն, ստանում է ընտանեկանին մոտ միջավայրում մեծանալու և ընտանեկան արժեքներին ծանոթանալու հնարավորություն: Այստեղ բոլորը մեկ սեղանի շուրջ նախաճաշում են, ճաշում ու ընթրում: Այստեղ երեխաները մասնակցում են տան որոշ գործերի, միասին գնումներ են անում, միասին որոշում՝ ինչ են ուտելու վաղը, ինչպես են նշելու այս կամ այն տոնը: Այստեղ երեխաները կարող են բացել սառնարանը՝ երբ ուզում են, ուտել՝ ինչ ուզում են, լվացվել՝ երբ ուզում են, բայց իհարկե, այստեղ, ինչպես յուրաքանչյուրիս տանը, կա ցանկալի օրակարգ, որին ամեն դեպքում փորձում են հետևել: Այստեղ երեխաները մի մեծ ընտանիքի անդամներ են, և կարևոր է, որ նրանք մասնակցում են իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Այստեղ երեխաների հետ միասին են գնում խանութ՝ հագուստ գնելու, և գուցե դա է պատճառը, որ նրանք սկսել են հատուկ խնամքով վերաբերվել իրենց իրերին, որովհետև իրե՛նցն է: Այստեղ երեխաները ժամանակավոր են ապրում և ձեռք են բերում կյանքի հմտություններ, որոնք չափազանց կարևոր են երբեք «լիարժեք» ընտանիք չունեցած երեխայի համար՝ որդեգրող, խնամատար կամ մեկ այլ ընտանիքում իր տեղը գտնելու կամ ապագայում ինքնուրույն կյանքի անցումն առավել սահուն ձևով կազմակերպելու առումով:

Ո՞վ է ֆինանսավորում փոքր խմբային տունը

Հայկ - Բուլղարիայի կառավարության ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ՝ 2018թ. դեկտեմբերից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հիմնել է փոքր խմբային տան մոդել: Բուլղարիայում արդեն 10 տարի է, ինչ հաջողվել է շուրջօրյա խնամքի բոլոր խոշոր հաստատությունները փոխարինել համայնքահեն և ընտանեկանին մոտ խնամքի տարբերակներով, այդ թվում՝ նմանատիպ փոքր խմբային տներով, և ստեղծել խնամատար ընտանիքի գործուն համակարգ: Լոռու մարզում փոքր խմբային տների ստեղծման առաջնային նպատակը մարզում գործող խոշոր հաստատությունների այն երեխաներին լուծում առաջարկելն էր, որոնց հնարավոր չէր առաջարկել շուրջօրյա խոշոր հաստատության այլ՝ առավել բարենպաստ այլընտրանքներ՝ մարզում իրականացվող վերակազմավորումների պայմաններում: Անշուշտ, փոքր խմբային տներում երեխաների տեղավորումը երեխաների համար լավագույն լուծումը չէ, բայց անհերքելի են այս տարբերակի առավելությունները, հատկապես, որ երկիրը գնում է շուրջօրյա խոշոր հաստատությունների վերակազմակերպման ճանապարհով:

Արդյունքում

Հայկ - Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում հավատացած ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, լինի դա կենսաբանական, խնամակալ, որդեգիր, թե խնամատար ընտանիք: Սակայն, եթե տարբեր պատճառներով հնարավոր չէ երեխայի խնամքը կազմակերպել վերոնշյալ տարբերակներից մեկի միջոցով, կամ եթե դա չի բխում երեխայի լավագույն շահերից, որպես անցումային լուծում՝ նախքան երեխայի պաշտպանության համակարգի լիարժեք կայացումը, առաջարկում ենք փոքր խմբային տան մոդելը, որն արդեն վաղուց արդյունավետ կիրառվում է զարգացած երկրներում:

Այս ծրագիրը իրականացվում է գործընկեր կազմակերպության՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ: Կենտրոնի անդամները հաճախակի են հյուր գալիս փոքր խմբային տուն: Երեխաներն անհամբերությամբ են սպասում իրենց ընկերներին, ովքեր նրանց շատ սեր են տալիս, երեխաներն էլ պատասխանում են նույն կերպ՝ սիրով:

Մանանեն խոսում է փոքր խմբային տան երեխաներից մեկի՝ Ալեքսի հետ, ով վազել էր Մանանեին դիմավորելու:
UNICEF Armenia/2019/Ulikhanyan

«Եթե դուք այս ութ երեխային տեսնեիք առաջին օրը ու այսօր՝ ընդամենը վեց ամիս անց, ապա անձամբ կնկատեիք այն հսկայական տարբերությունը, որը ես եմ զգում: Երեխաները սովորել են շփվել մարդկանց հետ, հոգատար լինել միմյանց հանդեպ, արտահայտել իրենց զգացմունքները, հասկանալ, թե ինչ է սեփական անկյունը, ինչպես նաև այն, որ իրենք ազատ են՝ արտահայտելու իրենց ցանկությունները, և ամենակարևորը՝ որ նրանց լսող ու նրանց ցանկություններն իրականացնող, նույնիսկ երբեմն երես տվող կա»:

Մանանե, Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի ծրագրերի ղեկավար