Ժպիտից է սկիզբ առնում ընկերությունը

Սիսիանում կազմակերպված ճամբարն օգնում է Լեռնային Ղարաբաղից համայնքում հաստատված երեխաներին նոր ընկերներ ձեռք բերել և լավատեսությամբ ու դրական լիցքերով լցվել։

Ժաննա Ուլիխանյան
Աղջիկն ու տղան միասին պատրաստում են գրչատուփ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
07 Սեպտեմբեր 2021

«Դու ժպտա, որ վերևից

Ջերմություն գա արևից,

Ժպիտից է արթնանում երջանկությունը

Վտակից է կապուտակ,

Սկիզբ առնում,

Դառնում գետակ

Ժպիտից է սկիզբ առնում ընկերությունը»

 

Երգում էին սենյակում հավաքված երեխաները միասին՝ պատրաստվելով առաջիկա դասին։

Լեռնային Ղարաբաղից և Սյունիքից ավելի քան 50 երեխա միասին ճամբար են հաճախում և օրվա ընթացքում նրանք պետք է հասցնեն երգել, խաղալ, զվարճանալ, սովորել ու ամենակարևորը՝ իրենց հեքիաթը հորինել։ Այո, այո, ճիշտ լսեցիք՝ սենյակում հավաքված երեխաները ոչ միայն հորինելու են իրենց հեքիաթները, այլև՝ նկարազարդելու են դրանք ինքնուրույն։ Ավելին, այդ հեքիանթները ճամբարի ավարտին տպագրվելու են։

Այս երկշաբաթյա ճամբարը իրականացնում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ:

Ճամբարի հիմքում հեքիաթաթերապիան և լավատեսությունն է դրված։

«Հեքիաթաթերապիայի միջոցով երեխաներին սովորեցնում ենք երևակայել և երազել։ Երեխաներին պետք է լավատեսություն հաղորդել։ Հեքիաթի միջոցով փորձում ենք թևեր տալ երեխաներին, դրդում նրանց երազել և հավատալ, որ իրենց երազանքն անպայման իրականանալու է»,-

հավելեց տիկին Խառատյանը։
Դասվարն օգնում է երեխաներին պատրաստել գրչատուփ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Ուրախանում ենք, երբ տեսնում ենք, որ երեխաները հաճույքով են գալիս այստեղ և անգամ երբ դասն ավարտվում է, նրանք ցանկանում են ավելի երկար մնալ, միմյանց հետ խաղալ։ Մեր աշխատանքի արդյունքն արդեն տեսնում ենք։ Երեխաները սկզբում շատ վախվխորած էին, շատ լարված։ Հիմա ավելի շփվող են դարձել, նոր ընկերներ են ձեռք բերել»,- պատմեց խմբավար Հովհաննիսյան Ալինան։

Երկու ընկերները միասին զրուցում են։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Տասնամյա Ալեքս Արզումանյանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո ընտանիքի հետ միասին հաստատվել է Սիսիանում, ճամբարի ընթացքում հասցրել է ընկերանալ Մոնթեի հետ։ Նա պատմեց մեզ իր հեքիաթի մասին։

«Հեքիաթս բարության մասին է։ Մի ուժեղ ձիավորի մասին, ով պաշտպանում է իր թագավորական պալատը և չարին այնտեղից դուրս շպրտում։ Մեծանամ՝ ես էլ եմ ուժեղ ձիավորի նման պաշտպանելու իմ հայրենիքը։ Երազում եմ վերադանալ մեր գյուղ ու մեր տուն։ Այնտեղ են մնացել իմ ճագարները, իմ շունը, մեր բակը, իմ ընկերները»,- ասաց Ալեքսը, հետո շարունակեց պատմել ճամբարի մասին՝ նշելով․ «Այստեղ ամեն ինչ էլ դուրս գալիս է․ լավ խաղեր ենք խաղում, նոր իրեր ենք պատրաստում,աշխատում ենք մեր հեքիաթի վրա»։

Տղան գրում է։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
Տղան պատրաստել է գրչատուփ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Ալեքսի ընկերն էլ՝ յոթամյա Մոնթեն նունպես իր ընտանիքի հետ Սիսիան է տեղափոխվել հակամարտությունից հետո։ Նա դեռ չի մտածել, թե ինչ հեքիաթ է գրելու, բայց հաստատ գիտի, որ իր հեքիաթը ընկերության մասին է լինելու։ Շատ սիրում է ընկերների հետ միասին մի բան պատրաստել։ «Այսօր մենք պատրաստեցինք գրչատուփ, այն օրն էլ ջայլամ էինք պատրաստել, միասին, ընկերներով ենք պատրաստել։ Ընկերությունը շատ կարևոր է, թե չէ մենակ խաղալը հետաքրքիր չի լինի։ Մոնթեն ևս 4 քույր ու եղբայր ունի։ Այսօր ճամբարում է իր քրոջ և եղբոր հետ, մինչդեռ ընտանիքի մյուս երեխաները հաճախում են ճամբարի մեծերի խումբ։

10-ամյա Նարե Հովհաննիսյանը նույնպես հաճույքով է ճամբար գալիս, փորձում է որևէ օր բաց չթողնել։ Բավական հետաքրքիր այս աղջնակը սիրում է ֆուտբոլ խաղալ, կարդալ, երազում է Սիսիանը բարեկարգելու, այն ավելի տուրիստական դարձնելու համար։ Ցանկանում է գործարան հիմնադրել, որպեսզի աշխատատեղեր լինեին քաղաքում։ 

Երկու ընկերուհիներ միասին խաղում են ճամբարում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Տիեզերքին ու լուսնին հասնելու երազանքի մասին եմ հեքիաթ գրելու։ Հեքիաթումս երազանքն անպայման պիտի կատարվի․ հույս ունեմ նաև իմ երազանքը կկատարվի ու Սիսիանը ավելի ակտիվ, աշխույժ ու ապահովված կլինի։ Մինչ այստեղ գալն ավելի շատ մենակ էի ժամանակս անցակցնում, այստեղ սովորեցի շատ չառանձնանալ, ընկերուհիներ ձեռք բերեցի։ Ինձ համար հարազատ վայր է դարձել այս կենտրոնը, մի վայր, որտեղ ընկերուհիներիս եմ հանդիպում, զրուցում ենք, զբաղվում ենք, խաղում»,-

անկեղծացավ Նարինեն

Նարեն շատ մտերմացել է իր անվանակից Նարեի հետ։ «Հաճախ ենք միմիյանց հետ քննարկում իրադարձությունները, խորհուրդ հարցնում միմյանցից։ Առավոտյան, երբ արթնանում եմ, ուրախանում եմ, որ այդ օրը պետք է գամ ճամբար ու հեքիաթիս վրա աշխատեմ։ Այն բնության մասին է լինելու, պետք է համոզեմ, որ ոչ մեկը չպետք է վնասի բնությանը։ Իսկ երբ ավարտեմ հեքիաթս, առաջինը կկարդամ ընկերուհուս համար, կխնդրեմ իր կարծիքն ասի»,- ասաց Հայրապետյան Նարեն, 12 տարեկան։

Դասն արդեն ավարատին էր մոտենում, երբ Ալեքսի մայրիկը՝ Ոսկանյան Արմիդան եկել էր դստերն ու որդուն տուն ուղեկցելու։

 

Մայրը եկել է դիմավորելու իր երկու երեխաներին։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Երեխաները շատ ոգևորված են, որ ամեն օր մի նոր բան են պատրաստում, որ ծրագրի ավարտից հետո պետք է իրենց հեքիաթը գրեն, նկարազարդեն ու տպագրված տարբերակներն ունենան։ Ալեքսս շատ լավ է սովորում, գերազանցիկ է, նախկինում էլ հեքիաթներ է գրել, ու այստեղ շատ էր ուրախացել, որ վերջապես իր հեքիաթներից մեկը կտպագրվի։ Այստեղ նաև ընկերներ են ձեռք բերել, թե՛ Ալեքսս, թե՛ Մելինես, երկուսն էլ ավելի ուրախ են մի տեսակ դարձել»,-

պատմեց տիկին Արմիդան։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը զրուցում է երեխաներից մեկի հետ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Մեր նպատակն է երեխաների համար ապահովել հանգստի, շարունակական ուսուցման և արտադպրոցական կրթության հնարավորություն: Դա կօգնի նրանց հաղթահարել կյանքի դժվարին պահերն ու շարունակել զարգանալ», -  ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդների ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։ «Մենք շարունակելու ենք այս ամառային ճամբարի դրական փորձը, սակայն աշնանը, երբ դասերը սկսվեն, մենք այն կդարձնենք արտադասարանային ներգրավվածություն՝ զինելու երիտասարդներին համապատասխան հմտություններով և ոգեշնչելու նրանց մուտք գործել ՏՏ ոլորտ»։