Երկու ամիս հիվանդանոցում. մի բժշկի պատմություն
Հայացք ՔՈՎԻԴ-19-ին և համավարակից ու պատերազմից կյանքեր փրկելու իր թիմի անխնա աշխատանքին

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Հայաստանում համավարակի սկսվելուց ի վեր, ԱՄՆ ՄԶԳ-ն համատեղեց ջանքերը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, տարատեսակ անհրաժեշտ առողջապահական սարքավորումների և պաշտպանիչ պարագաների, հիգիենիկ նյութերի և թեստերի հավաքածուների ձեռք բերման նպատակով, ինչպես նաև ձեռնամուխ եղավ ռիսկերի հաղորդակցության գիտահեն տեղեկատվություն տրամադրել՝ ուղղաված, խնամակալներին և երիտասարդներին: Առողջության համաշխարհային օրվա առթիվ, եկեք երախտագիտություն հայտնենք առաջնագծի աշխատողներին և հիշենք, որ պետք է շարունակել հետևել յուրաքանչյուրիս և բոլորին անվտանգ պահող հակահամավարակային միջոցառումներին: Հենց սա է բժիշկ Ստեփանյանի՝ մեզ ուղղված ուղերձը:
Արևը թեքվում էր դեպի հորիզոն... Աշխատող մարդիկ պատրաստվում են տուն գնալ. ավարտում են գործերը, տանեցիներին հարցնում՝ ի՞նչ բերել, ոմանք սրճարան շտապում, մյուսները՝ ներկայացում, ֆիլմ դիտելու, համերգ լսելու, կամ Երևանից մեկնող ավտոբուսի կանգառ... Այս ամենն այն մասին է, որ աշխատանքից զատ կա կյանք, կան գործեր, կան մարդիկ, կա սեր, ժամանց, պարտականություն... Միայն թե մեր հերոսի ու նրա գործընկերների կյանքն այս բանաձևում որևէ կերպ չի տեղավորվում: Արևածագի ու մայրամուտի ժամն էական չէ, երբ դու բժիշկ ես, վարակաբան ու քեզ բախտ է վիճակվել լինել իրադարձությունների կիզակետում՝ մարդկության պատմության ամենամեծամասշտաբ համավարակներից մեկի՝ Քովիդի բռնկման օրերին:

-Ինչ միամիտ էի... Վստահ էի՝ մեկ-երկու ամսում աշխարհը կհաղթահարի Քովիդն ու կմոռանանք դրա մասին: Նույնիսկ բարձրաձայն երազում էի՝ ի՜նչ լավ կլինի ունենանք մի 30 հիվանդ, ոչ մի մահ ու ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչպես հաղթահարեցինք համավարակը: Դրանից երկու-երեք շաբաթ հետո, սովորականի պես դուրս եկա տանից՝ աշխատանքի գնալու՝ չիմանալով, որ 2 ամիս տուն չեմ վերադառնալու:
-2020-ի գարունն էր: Ջերմացող օրեր, շարժումները կաշկանդող համազգեստ, դիմակ, ակնոց, ամեն հիվանդի դիպչելուց հետո ձեռքերն ախտահանելու անհրաժեշտություն, հիվանդների չդադարող հոսք, անծանոթ վարակ, որն, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, անդադար փոխում է խաղի կանոնները, օրդինատորներ, որոնք անդադար քեզ են նայում, քեզնից սովորում, քո հրահանգին հետևում ու կարծիքին սպասում... Գիշերը դառնում էր ցերեկ, ցերեկը՝ գիշեր: Ե՞րբ քնեցի, ի՞նչ կերա... Իսկ քնեցի՞, կերա՞:

-Համավարակի առաջին ալիքի պիկն աղոտ եմ հիշում: Ամեն բան մանրամասն պատմել չեմ կարող: Դա նույնն է, թե կանգնես ռելսերին շատ մոտ, նայես կայծակի արագությամբ անցնող գնացի վագոններին, իսկ հետո փորձես նկարագրել՝ քանիսն էին, ինչ գույն ունենին, ինչ էր գրած ամեն վագոնի վրա: Փոխարենը լավ եմ հիշում գիշերները... Բժիշկներիս հատկացրել էին համարներ հյուրանոցում, որպեսզի չգնանք տուն ու չվարակենք մեր հարազատներին: Քաղաքը դատարկ էր, ժամանցի վայրերը՝ փակ: Մտնում էինք որևէ խանութ, ուտելու մի բան գնում, քայլում ուրվականների պես՝ գոնե մի քիչ ցրելու բացասական մտքերը:

-Ստացվել է այնպես, որ ես մահեր շատ եմ տեսել թե՛ Քովիդից առաջ, թե՛ վերջին մեկ տարում: Մահն ինձ համար այդպես էլ չի դառնում սովորական: Ամեն մահից հետո ինձ ժամանակ է պետք ուշքի գալու համար, իսկ համավարակի ամենթեժ ամիսներին ժամանակն անհասանելի ճոխություն էր: Ու հենց երևի դա էլ օգնում էր, կամ, ճիշտ կլինի ասել, ստիպում էր չնկատել հենց ժամանակը, թե ինչպես են օրերը գումարվում իրար ու դառնում շաբաթներ, ամիսներ... Իսկ դու մեկ է էլի այստեղ ես՝ հիվանդանոցում, կռիվ ես տալիս ժամանակի հետ:
-Նույնիսկ երեխաներիս հետ վիդեոզանգերի քանակն ու տևողությունն էի կրճատել։ Ի՞նչ օգուտ, որ խոսում էի, կարոտս մեկ է չէի առնում, հակառակը՝ ավելի շատ էի ուզում տուն գնալ։ Երկու ամիս տուն չէի գնացել: Ինձ պես՝ շատերը։ Մենք դրա մասին չենք խոսել, բայց զգում էի, որ օդում կախված ինչ-որ բան կա՝ ամո՞թ էր, անհարմա՞ր էր, պատիվ չէ՞ր բերի, թե՞ ինչ, չգիտեմ, բայց չէինք համարձակվում տուն գնալու մասին խոսել։ Ես կենտրոնի բուժական գծով փոխտնօրենն եմ, ինքս ինձ ասել էի՝ առաջինը տուն չեմ գնա։ Չեմ ասի, թե ով գնաց առաջինը... Ես երկրորդն էի։

-Այդքան ժամանակ ձեռքս փող գրեթե չէի վերցրել, գումարս քարտիս վրա էր, քարտն էլ մոտս չէր: Երկու հազար դրամ ունեի, մտածում էի՝ հո դատարկ ձեռքով չեմ գնալու աղջիկներիս մոտ: Ամեն դեպքում մտա սուպերմարկետ: Հիվանդանոցի տոթ պալատներում ոտքից գլուխ փակ համազգեստով այդքան ժամանակ ապրելուց հետո, երբ միակ մոտիվացիաս՝ այսպես կկտրենք վարակի շղթան միտքն էր, առաջին անգամ՝ օրը ցերեկով, մտա սուպերմարկետ: Իմ խեղճ ու կրակ երկու հազարով ինչ-որ բան գնեցի ու մի պահ պարզապես քարացա: Դիմացս կանգնած էր երիտասարդ հղի կին՝ առանց դիմակ: Պատմելու չէ, թե ինչ էի զգում, թե ինչ անարդար թվաց աշխարհն այդ պահին:

Վերջերս մեկն ինձ հարցրեց. «Շատ բժիշկներ տառապում են բժշկի բարդույթով (God complex). երբ կյանքեր եք փրկում զգո՞ւմ եք, որ Աստծո արարչագործությանն եք խառնվում»: Պատասխանս միանշանակ էր՝ ոչ: Ճիշտ հակառակը, ավելի հաճախ եմ սկսել ասել՝ բժիշկն Աստված չէ, ես ամենակարող չեմ: Ես կանեմ այն, ինչ գիտեմ, կտամ լավագույնը, բայց ես ամենակարող չեմ: Ես մարդ եմ, որը բոլորի պես գիտի հոգնել, սպառվել, բարկանալ, չարանալ, ավաղ՝ նաև սխալվել: Օգնության են հասնում ընդմիջման եզակի դրվագները: Նախքան պատերազմը փորձում էինք ընդմիջումներն ուրախ անկացնել՝ կարող էինք պարել, երգել, կատակում էինք: Պատերազմը դա էլ խլեց:
Ուշ է... Էլ ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում։ Նա էլ չի շտապում, մեքենան ինքն է վարում, ինչպե՞ս շտապի։ Հանգիստ կվարի, վստահ է՝ տանը ոչ ոք չի քնել, իրեն են սպասում։ Կգնա, կգրկի, կհամբուրի բոլորին ու մի քանի ժամով կմոռանա միշտ ուժեղ, միշտ աշխույժ, միշտ պատրաստ բժիշկ Նաիրայի մասին։ Թույլ կտա, որ հոգ տանեն իր մասին, կստուգի երեխաների դասերը, կլսի ամուսնու պատմություններն անցնող օրվա մասին, որևէ բան կխաղա աղջիկների հետ։

Չի հիշում՝ երբ է եղել, չի հիշում, որ ինքը նման բան է ասել, բայց հավատում է հորը: Երբ Նաիրան փոքր էր, մայրը հիվանդացել է, աղջիկը շատ է տխրել ու լացել է: Հենց այդ ժամանակ էլ հայտարարել է՝ բժիշկ եմ դառնալու, որ աշխարհում ոչ մի բալիկ լաց չլինի: Օտարի աչքով նայելով նրա կյանքին այսօր՝ պարզ տեսնում ես մի բան՝ մայրիկի համար լաց լինող աղջկա խոսքերը մարգարեական էին՝ նա դարձավ բժիշկ, որպեսզի օգնի մարդկանց առողջ լինել, և դա հենց այն է, ինչ նա անում է այսօր՝ օգնում է մարդկանց հաղթահարել ՔՈՎԻԴ-19-ը:


Այսօր՝ Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ, և յուրաքանչյուր օր, մեր երախտագիտությունն ենք հայտնում առաջնածգի աշխատողներին՝ իրենց նվիրվածության և ծառայության համար: Միացե՛ք ԱՄՆ ՄԶԳ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր պատմությունները տարածելով: Հետևեք՛ նախազգուշական միջոցառումներին՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19 վարակի շղթան կոտրելու համար:
Սույն արշավը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: