Երկու «օսմ» գաղափար կյանքի կկոչվեն Կոտայքի մարզում

Արդեն երկրորդ տարին է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՕՍՄ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է երիտասարդական նախաձեռնությունների մրցույթ։

Ժաննա Ավագյան
Երիտասարդների օրը՝ Հրազդանում:
UNFPA/2022/Manukian
18 Օգոստոս 2022

Օգոստոսի 12-ին Հրազդանը տոնում էր Երիտասարդության միջազգային օրը։ Այս տարվա երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Հրազդանում տեղի ունեցան կրթական, ճանաչողական ու մշակութային մի շարք միջոցառումներ։ Օրվա կապակցությամբ արդեն երկրորդ տարին է ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՕՍՄ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է երիտասարդական նախաձեռնությունների մրցույթ։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձում է երիտասարդների համար բազմապիսի հարթակներ ստեղծել, որպեսզի նրանք իրենց համայնքի զարգացման համար հետաքրքիր գաղափար մտածեն ու տարբեր հնարավորություններ ընձեռել, որպեսզի նրանք կարողանան իրագործել այդ գաղափարները: Մենք երիտասարդների կողքին ենք, փորձում ենք նրանց ոգեշնչել, քանի որ մենք վստահ ենք՝ նրանք կարող են ու պետք է ակտիվորեն մասնակցեն համայնքային կյանքին», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։

Հրազդանի Սահմանադրության հրապարակում էլ ամփոփվեցին «ՕՍՄ» գաղափարների մրցույթի արդյունքները։ Երկու երիտասարդ կստանան 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ իրենց գաղափարներն իրականացնելու համար։ Եկեք ծանոթանանք հաղթողների և նրանց գաղափարների հետ:

Երիտասարդների օրը՝ Հրազդանում:
UNFPA/2022/Manukian

Դարանի փոդքաստը կծանոթացնի Աբովյան քաղաքի ճարտարապետության պատմությանը. Արփի Բալայան, 31 տարեկան

Փոդքաստային ալիքը պատմելու է խորհրդային և հետխորհրդային Աբովյանի ստեղծման նախադրյալների, պատմության, արդյունաբերական քաղաքի ձևավորման մասին։ Արփին նպատակ ունի նորովի բացահայտել Աբովյանը, աբովյանցիներին ծանոթացնել քաղաքի արդյունաբերական անցյալի ու հետարդյունաբերական փոփոխությունների պատմությանը՝ այսպիսով այն դարձնելով ավելի սիրելի։ Գաղափարի հեղինակը վստահ է, որ սա կարող է նպաստել նաև քաղաքի հետագա մշակութային զարգացմանը։

 

«Երիտասարդական կյանքը մարզային համայնքներում շատ ակտիվ չէ։ Նման նախաձեռնությունները հարթակ են ստեղծում, որ մայրաքաղաքից դուրս ապրող երիտասարդները նույնպես դրսևորվեն, ներկայացնեն իրենց գաղափարները և որ ամենակարևորն է՝ իրենց քաղաքի համար մի լավ բան անեն: Կարծում եմ, որ իմ համաքաղաքացիները կսկսեն ավելի սիրել ու գնահատել մեր քաղաքի հարուստ մշակութային ու ճարտարապետական պատմությունը և հոգ կտանեն քաղաքի մասին, թույլ չեն տա, որ Աբովյանի մշակութային դիմագիծը կորչի»,-

պատմեց Արփին:
Երիտասարդների օրը՝ Հրազդանում:
UNFPA/2022/Manukian

ResoSounds նորարարական լուծումներ Հրազդան քաղաքում. Դավիթ Հարությունյան, 17 տարեկան

Դավիթը որոշել է Հրազդան քաղաքն ավելի գրավիչ դարձնել՝ նորարարության օգնությամբ։ Հրազդանի հրապարակներում, թանգարանների, պատմական հուշարձանների կողքին կտեղադրվի ուղղանկյունաձև սարք, որը հնարավորություն կտա անցորդներին լսել տվյալ տարածքի պատմությունը, տարբեր հեղինակների պատմվածքներ կամ ուղղակի միանալ որևէ ռադիոհաճախականության, ինչու չէ նաև երաժշտություն լսել։

Դավիթը կարծում է, որ հնարավոր է և պետք է այնպես անել, որ Հայաստանի մարզային համայնքները նույնպես լինեն այնքան գրավիչ ու ակտիվ, որքան մայրաքաղաք Երևանն է։ Եվ այս գործում մեծ դեր ունեն հենց երիտասարդները։

«Նման նախաձեռնությունները խրախուսում են մեզ ու հնարավորություն են տալիս առաջ տանել ու իրագործել մեր գաղափարները, բիզնես մտքերը։ Ես կարծում եմ, որ երիտասարդներն են մեր հասարակության կորիզը, եթե ինչ-որ նոր գաղափար պետք է իրականացվի, երիտասարդներն են, որ միշտ ունեն մոտիվացիա և համառություն անելու գործը մինչև վերջ։ Եվ երբ մեկը հաջողում է, օրինակը վարակիչ է լինում նաև մյուսների համար», -

ներկայացնումէ Դավիթը:
Երիտասարդների օրը՝ Հրազդանում:
UNFPA/2022/Manukian

«Հայաստանում երիտասարդները մեծ ցանկություն ունեն մասնակցելու քաղաքացիական, համայնքային կյանքին, կամավորություն անել, իրենց կարծիքն արտահայտել և մասնակցել որոշումների կայացմանը։ Մինչդեռ այսպիսի հնարավորություններ երիտասարդների համար հաճախ քիչ են կամ ընդհանրապես չկան: Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում. արդեն գրեթե հինգ բնակավայրերում ստեղծել ենք երիտասարդական կենտրոններ, տարբեր նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին են՝ «Սերունդ առանց սահմանների» նախաձեռնությունը կամ օրինակ UPSHIFT-ը, փորձում ենք ստեղծել ոչ ֆորմալ կրթության հարթակ նաև մարզերում բնակվող մեր երիտասարդների համար», -

ամփոփեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը։