Երիտասարդների հռչակագիրն ընդդեմ բռնության

Երիտասարդները ցանկանում են վերջ դնել բռնությանը դպրոցներում. Ահա, թե ինչպես.

Մի խումբ երիտասարդներ
Դպրոցի դասասենյակում աշակերտները նստած են դասին:
UNICEF Armenia/2018/Osipova
29 Հուլիս 2019

Աշխարհում բազմաթիվ երեխաների համար դպրոցը վտանգավոր վայր է: Անցյալ տարի ՅՈՒՆԻՍԵՖը դիմեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդներին՝ հարցնելու, թե ինչպես են բռնության տարբեր դրսևորումներն ազդել իրենց ուսումնառության վրա և թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը:

Պատասխաններն անթիվ-անհամար էին. գրեթե 1 միլիոն երիտասարդներ արձագանքել էին: Յուրաքանչյուր երեք երիտասարդներից գրեթե 2-ը նշել էին, որ անհանգստացած են դպրոցում և դպրոցի շրջակայքում բռնության առկայությամբ: Նրանք նաև ներկայացրել էին իրենց առաջարկերը, թե ինչ կարող են անել աշակերտները, ծնողները, ուսուցիչներն ու կառավարությունները, որպեսզի դպրոցներն ավելի անվտանգ դառնան:

Հարցման հիման վրա աշխարհի տարբեր անկյուններից 100 երիտասարդներ կարողացան միասին մշակել հետևյալ հռչակագիրը՝ դպրոցներում բռնությանը վերջ դնելու համար: Ահա՛ թե ինչպես են ուզում նրանք լուծել այս խնդիրը:

 

Ընդհանուր սկզբունքներ

Բազմազանություն և հանդուրժողականություն

Հավասարությունը դպրոցներում հանդուրժողականության խթանման հիմնաքարն է: Երեխաները ծանոթանում են հավասարության սկզբունքին առաջին հերթին տանը, որից հետո նոր դպրոցում: Մենք պետք է հասկանանք, որ բոլորս հավասար ենք: Մեր տարբերությունները, այդ թվում՝ մշակույթը, սեռը, ինքնությունը, հաշմանդամությունը, ազգությունը, ռասան, էթնիկ պատկանելությունը, միգրանտի կամ փախստականի կարգավիճակը, մեզ առանձնահատուկ են դարձնում, ոչ թե բաժանում իրարից: Մեր դասացուցակը, ուսուցիչները, հասարակությունը, լրատվամիջոցներն ու հաստատությունները, նաև կառավարությունը, պատասխանատվություն են կրում խթանելու, կյանքի կոչելու, սովորեցնելու և ապահովելու, որ դպրոցներն անվտանգ վայր լինեն բոլորի համար: Նրանք բոլորը պարտավոր են վերացնել և կանխարգելել խտրականությունը, քանի որ այն մեզ զրկում է հավասարությունից դասարանում և աշխարհում:

Բոլոր աշակերտների պաշտպանությունը

Դպրոցը, ծնողների, աշակերտների և ընդհանրապես հասարակության հետ համատեղ, պետք է հոգ տանի, աջակցի և պաշտպանի բոլոր աշակերտներին, հատկապես նրանց, ովքեր ենթարկվում են կամ դիմում են բռնության:

Մենք պարտավորվում ենք

Բարի լինել

Մենք պարտավորվում ենք հոգատար և հարգալից լինել մեր համայնքի անդամների նկատմամբ և բարձրաձայնել խնդիրները, եթե դա վտանգավոր չէ: Բարությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից:

Բռնության մասին ահազանգել

Մենք պարտավորվում ենք կոտրել տաբուները, այդ թվում բռնության մասին տեղեկացնողին մեղադրելը: Մենք կդիմենք վստահելի մարդկանց, օրինակ, մեր ուսուցչին, տնօրենին կամ այլ աշակերտի, եթե բռնության ականատես լինենք:

Քայլ անել՝

Մենք պարտավորվում ենք ստեղծել և աջակցել այն նախաձեռնությունները, որոնք խթանում են միասնությունը, հետաքրքրասիրությունը և համատեղ հարգանքը տանը, դպրոցում և մեր համայնքներում, այդ թվում նաև՝ առցանց: Մենք կպաշտպանենք միմյանց #I’veGotYourBack «Ես քեզ հետ եմ» կարգախոսի համաձայն:

Մենք պահանջում ենք`

Մեզ լուրջ վերաբերվել

Մենք պահանջում ենք, որ մեր ծնողները, խնամակալները, դպրոցները, ինչպես նաև՝ քաղաքական գործիչները և համայնքները ճանաչեն մեր հավասարությունը, արժանապատվության մեր իրավունքը, բոլոր տեսակի բռնություններից զերծ միջավայրերում ապրելու մեր իրավունքը: Մենք պահանջում ենք, որ բռնությունը արժանի պատասխան ստանա՝ առանց մեղքը երեխային վերագրելու:

Ձևակերպել հստակ կանոններ

Մենք պահանջում ենք պաշտպանություն և կանխարգելում դպրոցներում առկա բոլոր տեսակի և մակարդակի բռնություններից, ինչը պետք է կառավարվի հստակ կանոններով, կարգավորումներով և գործողությունների պլանով. սա թույլ կտա անցում կատարել բոլորի համար անվտանգ կրթական միջավայրի:

Մշակել զենքի ձեռք բերումն ու կրելը խստացնող օրենքներ

Մենք պահանջում ենք, որ քաղաքական գործիչներն ընդունեն օրենքներ, որոնք սահմանափակում են զենք հանդիսացող ցանկացած առարկայի, այդ թվում ատրճանակների և դանակների, ներկայությունն ու կիրառումը դպրոցներում, ինչպես նաև հետևեն դրանց իրականացմանը:

Ապահովել մեր անվտանգությունը դեպի դպրոց և դպրոցից տուն ճանապարհին

Մենք պահանջում ենք անվտանգ ճանապարհ դեպի դպրոց և դպրոցից տուն: Մենք չենք ցանկանում, որ մեզ վնասեն: Մենք նաև պահանջում ենք օրենքով սահմանել պաշտպանություն և պատիժ օրինախախտների նկատմամբ:

Ապահովել անվտանգ դպրոցական ենթակառուցվածք

Մենք պահանջում ենք անվտանգ կրթական միջավայր, այդ թվում՝ անվտանգ շենքեր և տարածքներ, խաղահրապարակներ և աշխատող սարքեր: Մենք ցանկանում ենք, որ սրահները, դասասենյակները և լոգասենյակներն ունենան համապատասխան լուսավորում: Մենք ակնկալում ենք անվտանգության այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ դարպասները, տեսախցիկները և, որտեղ անհրաժեշտ է, համապատասխան կրթություն ունեցող անվտանգության աշխատակիցները: Դպրոցի անձնակազմը և աշակերտները պետք է իմանան՝ ինչ անել արտակարգ իրավիճակներում:

Վերապատրաստել ուսուցիչներին և հոգեբաններին

Մենք պահանջում ենք, որ ուսուցիչներն ու դպրոցում աշխատող հոգեբանները շարունակաբար վերապատրաստումներ անցնեն և պատրաստ լինեն հայտնաբերել, արձագանքել, աջակցել և ուղղորդել դեպի համապատասխան ծառայություններ դպրոցի տարածքում բռնությունից տուժած աշակերտներին: Վերապատրաստման արդյունքում ուսուցիչներն ու հոգեբանները պետք է կարողանան լուծում տալ ներառականության և բազմազանության հետ կապված խնդիրներին:

Սովորեցնել համաձայնություն ձեռք բերելու սկզբունքն ու արձագանքել սեռական բռնությանը

Մենք պահանջում ենք, որ բոլոր դպրոցներում բոլոր երեխաներին սովորեցնեն հարգել մեկը մյուսի անձնական տարածքը, թե՛ ֆիզիկական և թե՛ սեռական առումով: Բոլոր դպրոցները պետք է տրամարդեն սեռական ոտնձգությունների մասին հայտնելու հասանելի և վստահելի միջոցներ: Ինչպես նաև կարողանան ճիշտ օգնություն ցուցաբերել բռնությունից տուժածներին: