Երիտասարդները ստեղծել են սեղանի խաղ և հավելված՝ նպաստելու Հայաստանում մեդիագրագիտության բարձրացմանը
Հայաստանը ներկայացնող Մեդիալոգ թիմը հաղթել է «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթում:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Բարձրաձայն ասեք՝ «հաղթանակ». որքան դրական հույզեր, որքան գոհունակություն է առաջացնում այդ մեկ բառը, չէ՞: Հիմա պատկերացրե՛ք, թե որքան էական կարող է լինել մարդու կյանքում գեթ մեկ հաղթանակը և թե որքան մեծ նշանակություն կարող է այն ունենալ երիտասարդի համար:
Չորս տասնվեցամյա երիտասարդների՝ Վաղարշակի, Արմենի, Միլենայի և Սամվելի Մեդիալոգ թիմը հաղթել է «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթում և հնարավորություն ստացել կյանքի կոչել իրենց մեծ գաղափարը:
«Ի սկզբանե նախագծի միտքը ծագեց այն ժամանակ, երբ համադասարանցիներից մեկի ինստագրամյան էջը գողացան»,- հայտարարեցին նրանք միաձայն և պատմեցին, - «Դիտարկելով և հաշվի առնելով, թե ինչ սխալներ են թույլ տալիս մեր ընկերները և պարզապես անծանոթները սոցիալական ցանցերում, որքան հեշտ են մանիպուլացիայի ենթարկվում՝ տրամադրում բանկային հաշվի կոդերը, աջուձախ տարածում իրենց անձնական տվյալները, սխալ տեղեկատվություն տարածում, մենք հասկացանք, որ պետք է լուծել այս ոչ այնքան ակնհայտ, բայց շատ կարևոր և վտանգավոր խնդիրը:

Վաղարշակը և թիմի մյուս անդամները սկսեցին ուսումնասիրել խնդիրը, ավելին կարդալ մեդիագրագիտության մասին, դիմեցին մասնագետներին և գտան խնդրի հնարավոր լուծումը: Շուտով հնարավորություն եղավ ներկայացնելու այդ լուծումը «Սերունդ առանց սահմանների» մրցույթի Հայաստանի փուլին. համադասարանցիներով թիմ կազմեցին և մասնակցության հայտ ուղարկեցին:
Հայաստանում «Սերունդ առանց սահմանների» մրցույթի մեկնարկը տրվել է 2022թ-ի մարտի սկզբին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավորությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի հետ գործընկերությամբ և ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի աջակցությամբ: Այս տարի մրցույթին աջակցում էին նաև Սիներջի» ընկերության հայաստանյան գրասենյակը, «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և «Բոդի շոփ» բրենդի հայաստանյան մասնաճյուղը:
2022 թ. -ի հուլիսին ներկայացված յոթ լուծումներից ընտրվեցին ամենախոստումնալից երկուսը և դրանք մասնակցեցին մրցույթի միջազգային փուլին: Արդեն նոյեմբերին պարզ դարձավ, որ Հայաստանից ներկայացված Մեդիալոգ թիմը, մրցակցելով 32 երկրների 71 թիմերի հետ, ընդգրկվել է հաղթող 12 թիմերի շարքում:
«Մարտից մինչ այսօր ուղղակի անհավատալի է, թե որքան հեռու է մեր թիմը գնացել: «Սերունդ առանց սահմանների» մրցույթի բոլոր փուլերն էլ օգնել են՝ լինի դա բութքեմթը, մենթորների հետ հանդիպումներն ու քննարկումները, նախնական ֆինանսավորումը և այլն», -

Թիմում ամեն մեկն իր դերն ունի: Սամվելը դիզայնի պատասխանատուն է, Վաղարշակը ֆինանսների, Արմենը՝ բովանդակության, իսկ Միլենան՝ շուկայավորման:
«Ուզում ենք, որ մեր հասարակությունը մեդիա դաշտում լինի ավելի գրագետ, քչանան ֆինանսական կիբերհարձակումները և անձնական տվյալների գողությունը, որը հետագայում կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների», -
Երիտասարդները մի ամբողջական փաթեթ են մշակել՝ կազմված հինգ բաղադրիչից, որով կնպաստեն Հայաստանում մեդիագրագիտության բարձրացմանը: Նախ ստեղծել են սեղանի խաղ, որը դեռ թեստավորում են և փորձում հենց երիտասարդների աջակցությամբ այն ավարտին հասցնել: Նաև հավելված են մշակել, որը նույնպես դեռ վերջնականացման փուլում է: Շարունակում են քննարկումները երկրի առաջատար մեդիա մասնագետների հետ և փորձում ենք լավագույն փորձի հիման վրա լրամշակել պրոդուկտը:
Հավելվածը հինգ բաժնից է կազմված. առաջինում ներառված են տեսական նյութեր, մեդիագրագիտության վերաբերյալ բազմազան հոդվածներ, հաջորդ բաժնում գիտելիքը ստուգելու մի շարք առաջադրանքներ կան, երրորդ բաժնում մեդիագրագիտության վերաբերյալ կարևոր գրքերի հղումներն են: Հավելվածում նաև լուրերի բաժին և մասնագետների կողմից թեմայի վերաբերյալ տեսադասեր կան:

«Մրցույթի առաջին փուլում հաղթելով և ստանալով 1000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ սկսեցինք աշխատել և ստեղծեցինք մեր սեղանի խաղի պրոտոտիպը, որը հետագա բովանդակային զարգացման արդյուքնում կտպագրվի 500 օրինակով: Ամեն ինչ պետք է անենք, որ այն լինի խաղային և ինտերակտիվ»,-
Հումորային տարրեր պարունակող և մասամբ նաև դրա համար Քոմեդիա կոչվող սեղանի այս խաղը կարելի է խաղալ հինգ տարբեր ձևերով:
Կան բարդության տարբեր աստիճաններ. մի բաժնում տրամաբանական հարցեր են, մյուսում պետք է նկարներից, բառերից ու բազմազան մասնիկներից նոր բառեր կազմել, երրորդում պետք է փորձես թիմակիցներիդ նկարագրել մեդիայի և մեդիագրագիտության վերաբերյալ բառերը:
Ցածր միավորներ հավաքած թիմն էլ պարտավորվում է անել կտորնի վրա գրված ուրախ գործողությունը: Մեդիալոգ թիմը վստահ է, որ խաղը հաղթահարող ցանկացած երիտասարդ կսկսի ավելի քննադատորեն մոտենալ իրեն մատուցվող բովանդակությանը:

Այսքանով չբավարարվելով՝ երիտասարդները նպատակ են դրել նաև դասընթացներ կազմակերպել երիտասարդների խմբերի հետ՝ օգտագործելով վիրտուալ իրականությանը բնորոշ գործիքներ: Չմոռանալով փոքրիկների մասին, երիտասարդները նաև պլանավորում են մուլտֆիլմ ստեղծել և փորձել մեդիագրագիտության հիմնական սկզբունքները ներկայացնել նաև ամենափոքրիկներին:
Թիմն արդեն չորս գրավիչ պաստառներներ է. «Ինչպես խուսափել ֆիշինգից», «եկեք ճիշտ ընկալենք լրահոսը», «ինչպես ստուգել պատկերները» պաստառներում սևը սպիտակի վրա գրված է մեդիադաշտում անվտանգ լինելու կարևոր քայլերը:
Հարցին, թե ինչու է ի վերջո այդքան կարևոր մեդիագրագետ լինելը, երիտասարդները պատասխանում են.
«Համացանցը շատ լայն է, մենք դրա մեջ մի կետ ենք, ու մենք չգիտենք, մնացած կետերում ինչ է կատարվում: Այդ է պատճառը, որ հենց մեր կետում պիտի անվտանգ լինենք, որպեսզի չկորչենք ու կարողանանք գրագետ տեղաշարժվել», -
«Ամենակարևոր պայմանը այն է, որ երիտասարդը կարևորի մեդիագրագիտության խնդրի լրջությունը: Ցավոք, երբեմն երիտասարդներն անգամ չգիտեն՝ ինչ է դա», -
«Հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, ավելի է մեծանում հայ երիտասարդի մեդիագրագետ լինելու կարևորությունը: Որովհետև պատերազմը գնում է ոչ միայն սահմանին, այլև մեդիադաշտում: Պետք է բոլորս մեդիադաշտում զինվոր լինենք, ճիշտ կառավարենք և փոխանցենք ինֆորմացիան», -
«Եթե ուզում ենք ունենալ ճիշտ և զարգացած հասարակություն և նաև մեդիա հարթակ, պետք է սկսենք հենց երիտասարդներից», -

Ստացած 15,000 ԱՄՆ դոլարի հիմնական մասը թիմը կուղղի սեղանի խաղի արտադրությանը: Մնացած գումարով պլանավորում է գնել VR ակնոցներ, ստեղծել դրանց համապատասխան բովանդակություն: Որոշակի գումար կծախսվի նաև հավելվածի կատարելագործման և շուկա մուտք գործելու համար: Մի մասն էլ կուղղվի պատրաստած պաստառների տպագրմանը և հանրային վայրերում դրանց փակցմանը:
Բացի ֆինանսական աջակցությունից՝ թիմը նաև կմասնակցի գլոբալ ինկուբացիոն շրջանին և կստանա լրացուցիչ մենթորային աջակցություն և հնարավորություն՝ հաղթող մյուս տասնմեկ թիմերի հետ փոխանակվելու գիտելիքով և փորձով:

«Մեր ամենամեծ երազանքն է հասնել նրան, որ մեր հասարակությունը մեդիադաշտում լինի ավելի գրագետ: Եվ մենք հենց ամենասկզբից հավատում էինք և շարունակում ենք հավատալ մեր առաջարկած լուծմանը: Շարունակելու ենք անել այն, ինչ պիտի անենք, որպեսզի մեր նպատակին հասնենք», -
Կմտածեք՝ դեռ երիտասարդ են, չեն պատկերացնում՝ որքան մեծ նպատակներ են դրել իրենց առջև, կհակադարձենք՝ պատասխանատու, նպատակասլաց երիտասարդներ են, որ այնքան մանրամասն են կազմել ծրագիրը, այնպես հստակ են բաժանել թիմում դերերը ու այնքա՜ն լավ են պատկերացնում խնդիրն ու դրա լուծումը, այնքան մեծ ցանկություն ունեն մեդիագրագետ հասարակություն ստեղծելու, որ հաստատ հաջողելու են թե՛ այս և թե՛ ապագայում մի շարք այլ նախագծերի մշակման և իրականացման գործում: Եվ թո՛ղ այս մեծ հաղթանակը լինի հազարավոր հաղթանակների շարժիչ ուժը: Եվ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամեն ինչ կանի նրանց աջակցելու համար: