Երիտասարդական կենտրոն՝ Սյունիքի Շինուհայր բնակավայրում
Մի խումբ երիտասարդներ հիմնել են «ՇԵՆ» կենտրոնը, որտեղ նոր նախագծեր կմշակեն՝ հանուն իրենց ու իրենց գյուղի ապագայի:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ի՞նչ է ստացվում, երբ իրար գլուխ են հավաքվում տասից տասներկու ակտիվ, փայլուն, պրպտող երիտասարդներ: Երևի մտածեցիք՝ հավաքույթ, լավ գնահատականներ կամ գուցե խնդիրներ: Սյունիքի Շինուհայր գյուղում ստացվեց «ՇԵՆ» երիտասարդական կենտրոնը: Այո, այո գյուղի երիտասարդները համախմբվեցին և որոշեցին, որ իրենց «օդ ու ջրի» նման պետք է ունենալ մի վայր, որտեղ կհավաքվեն, նոր նախագծեր կմշակեն՝ հանուն իրենց ու իրենց գյուղի ապագայի:
2021 թվականի օգոստոսին Կապանում տեղի ունեցող Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարության ժամանակ հայտարարվեցին երիտասարդական նախագծերի մրցույթում հաղթողները: Մրցույթը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՕՍՄ» հիմնադրամի համագործակցության արդյունքում: Շինուհայրի բնակիչ Գարիկ Հայրապետյանը հաղթողներից մեկն էր: Նա ներկայացրել էր Շինուհայրում երիտասարդական կենտրոն հիմնելու նախագիծը: Մեկ տարի անց՝ 2022-ի օգոստոսին՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, գյուղում բացվեց «ՇԵՆ» կենտրոնը: Ինչո՞ւ «ՇԵՆ», որովհետև դա Շինուհայրի երիտասարդական նախաձեռնության հապավումն է: Նաև՝ բառը նշանակում է՝ կանգուն, բարգավաճ: Նաև՝ շենը Շինուհայրի արմատն է:
««ՇԵՆ» -ը ինքնակրթության ինկուբատոր է: Սա մի տեղ է, որտեղ երիտասարդները կարող են գալ ու ինքնակրթվել, որովհետև դա կրթություն ստանալու ամենաարդյունավետ ձևերից մեկն է: Սա մի վայր է, որտեղ համայնքի նախաձեռնող երիտասարդները կարող են համախմբվել ու ակտիվորեն մասնակցել հասարակական աշխատանքներին՝ հանուն մեր գյուղի զարգացման», - ասաց տասնութամյա Գարիկ Հայրապետյանը:
«Ինչ է պետք նման գործը գլուխ բերելու համար՝ երեք բան՝ լավ թիմ, քթածակ ու համարձակություն», - վստահորեն փաստում է տասնութամյա Գարիկը և շարունակում. « Այս գործում մենք մեծ թիմ ենք՝ մի խումբ երիտասարդներ, դպրոցի տնօրենն ու ուսուցիչները, վարպետ Ռուստամը, որ շատ օգնեց մեզ վերանորոգման հարցերում, մեր ծնողները և բոլոր այն կազմակերպությունները, որոնք մեր կողքին էին: Մեր օրինակով համոզվեցինք, որ համախոհներն ու աջակցողները շատ են, մնում է միայն ունենալ լավ գաղափար և կարողանալ գտնել այդ համախոհներին»:
«Մեկ տարի է՝ թիմով աշխատում ենք: Հավաքվում էինք տարբեր տեղերում՝ դպրոցում թույլ էին տալիս դասերից հետո մնալ կամ երբեմն նստում էինք դպրոցի դիմացի նստարաններին, երբեմն էլ՝ միմյանց տներում էինք հանդիպում: Իսկ օրինակ, բացման արարողության պլանավորումը հիմնականում Զումով ենք արել: Սկզբում հեշտ էր թվում, բայց ահագին ժամանակ և ջանք ենք դրել, որպեսզի այսօր այս կենտրոնն ունենանք: Անհավատալի էր, երբ անցած տարի մրցույթում մեր ներկայացրած նախագիծը շահեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի մրցանակը: Ստացանք նախնական ֆինանսավորում և գործի անցանք: Երբ հասկացանք, որ դեռ անելիքներ շատ ունենք, իսկ գումար՝ քիչ, գտանք այլ մրցույթներ և սկսեցինք դիմել դրանց ևս: Շահեցինք դրամաշնորհ նաև «Այո» հարթակից և արդեն կամաց-կամաց ամեն ինչ փազլի պես հավաքվեց»,-
«Տադա՜մ, վերջապես բացվեց մեր կենտրոնը, այնքան էինք սպասում այս օրվան: Կսկսենք իրականացնել համայնքային ծրագրեր: Օրինակ, մեր գյուղում զբոսայգի չկա, ես այդ նախագիծը կառաջարկեմ: Հետաքրքրվել եմ և գիտեմ՝ նախնական ծրագրեր եղել են, բայց ինչ-որ տեղ կանգ են առել, կփորձենք գործն առաջ տանել: Ուզում եմ մեր կենտրոնում գործն ուղղակի եռա»,-
Նա հիմա առցանց սովորում է ֆրանսերեն և թուրքերեն և իր առջև նպատակ է դրել, որ երբ լավ սովորի այդ լեզուները, կենտրոնում անձամբ դասընթացներ կկազմակերպի մյուս երիտասարդների համար:
«Այստեղ շատ հետաքրքիր գրքեր ունենք, որոնք դպրոցի գրադարանից չես կարող գտնել: Մի քանիսն արդեն հասցրել եմ կարդալ. շատ դուրս եկավ «Անկումը», պատրաստվում եմ կարդալ «Քամուծ քշվածները». սպասում էի այդ գրքին: Այստեղ կարող ենք սեմինարներ կազմակերպել այնպիսի թեմաներով, որոնք դպրոցում չեն սովորեցնում»:
Երիտասարդները միաձայն փաստում են, որ գյուղում երեխաները շատ-շատ ակտիվ են, ուղղակի հնարավորություններն են շատ-շատ քիչ: «ՇԵՆ»-ը հենց նրա համար է, որպեսզի իրենք իրենց համար գտնեն այդ հնարավորություններն ու մեկը մյուսին փոխանցելով, փորձեն պահպանել այդ ակտիվությունը և ավելին առաջացած մեծ էներգիան ուղղեն մեկ խնդրի, մեկ հարցի լուծմանը: Օրինակ, այս ամիս համագյուղական շաբաթօրյակ են կազմակերպելու:
«Տաթև համայնքի յուրաքանչյուր երիտասարդ կարող է մեր կենտրոնի անդամը լինել: Ուրախ կլինեմ, եթե մեր հարակից գյուղերի երիտասարդներն էլ դառնան մեր թիմի անդամ. Այնպես որ #ԱՐԻ_ՇԵՆ», - հայտարարեց Էլենը:
Դպրոցը հատկացրել է լուսավոր սենյակներից մեկը: Երիտասարդները հավաքվել են և մի օրում քանդել սենյակի բոլոր պատերը: Ասում են՝ քանդելը հեշտ էր, սարքելն՝ ավելի դժվար:
«Շատ օրեր են եղել, որ մինչ ուշ գիշեր մնացել ենք, ներկել ենք, մաքրել, հավաքել. ամեն ինչ էլ արել ենք: Արդյունքը վկայում է, որ եթե երիտասարդներն իրենց մտքին մի բան դնում են, ապա անում են: Կարելի է սկսել ամենափոքրից, թեկուզ դպրոցում մի փոքր գործ անել, հետո կարելի է համախմբել այլ ակտիվ երիտասարդների և նպատակ դնել ու հասնել դրան», - ավելացրեց Աննան:
«Այսօր արդեն հասկանում եմ, որ ես շատ բան կարող եմ փոխել:Իրականում սկզբում ինձ ավելի հեշտ էր թվում այս ամենը, բայց ընթացքում ահագին խնդիրներ առաջացան: Կարևորը չկոտրվեցինք, խնդիրները հերթով լուծելով, առաջ գնացինք»,- ասաց Լուիզան:
«Ասում են՝ «ռիսկը գործի կեսն է», ես կասեի՝ «ճիշտ հարցերն են գործի կեսը»: Եթե երիտասարդներն ուզում են որևէ բան սկսել անել, պետք է սկսեն խնդիրը հետազոտելուց՝ ինչու են դա անում, արդյոք դրա կարիքն ունեն, ինչ է պետք դա անելու համար և այլն: Հետո պետք է հավաքել համախոհների թիմ և ուղղակի ստարտը տալ՝ համացանցն ու միլիոնավոր լավ հնարավորություններն էլ օգնական», -ամփոփեց Գարիկը:
Շինուհայրի երիտասարդները «ստարտը տվեցին», էստաֆետան փոխանցում են Հայաստանի մյուս բնակավայրերի երիտասարդներին:
Հետաքրքիր է տեսնել, թե մյուս բնակավայրերում ինչ կստացվի, երբ իրար գլուխ հավաքվեն մի խումբ երիտասարդ աղջիկներ ու տղաներ:
Քանի որ նրանց հերթն է, նրանց ժամանակը և նրանց ապագան: