Երեք «օսմ»/awesome գաղափարներ կյանքի կկոչվեն Սյունիքում

Երիտասարդների միջազգային օրը ամփոփվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, «ՕՍՄ» հիմնադրամի և «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի համատեղ հայտարարված երիտասարդական նախաձեռնությունների մրցույթը: Ներկայացնում ենք հաղթողներին։

Ժաննա Ուլիխանյան
Երիտասարդության միջազգային օրը Կապանում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari
18 Օգոստոս 2021

Օգոստոսի 12-ին Կապանի կենտրոնական հրապարակում քաղաքը տոնում էր Երիտասարդների միջազգային օրը։ Ցուցահանդես, վիկտորինա, համերգ․․․ ինչ ասես, որ պլանավորված չէր։ Մոտիկ, թե հեռու համայնքերից երիտասարդները եկել էին Կապան՝ միասին ուրախանալու համար։

Օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը*, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, «ՕՍՄ» հիմնադրամի և «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի հետ համատեղ երիտասարդական նախաձեռնությունների մրցույթ էր հայատարարել։

Եվ հենց Երիտասարդների միջազգային օրվա առթիվ կազմակերպված համերգին հայտարարվեցին երեք հաղթող գաղափարները։ Երեք երիտասարդներ կստանան 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ իրենց գաղափարներն իրականացնելու համար։

Մեր երեք հերոսները ներկայացնում են իրենց գաղափարները․ ահա, թե ինչ են ծրագրել երիտասարդները համայնքի և համայնքի բոլոր երիտասարդների համար։

Գարիկը նստած է Շինուհայր գյուղում իրենց տան աստիճաններին
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Պրոֆի» երիտասարդական կենտրոն՝ Սյունիքի Շինուհայր գյուղում

Գարիկ Հայրապետյան, 17 տարեկան

Երբ երիտասարդներով մի որևէ ծրագիր ենք ուզում իրականացնել կամ դասընթացներ կազմակերպել, հաճախ չենք կարողանում գլուխ բերել, քանի որ համապատասխան վայր, կենտրոն չունենք։ Վերջերս ծանոթներիցս մեկն ուղարկեց այս մրցույթի հղումը, ես էլ որոշեցի անպայման դիմել։ Ընկերներիցս մեկի հետ քննարկեցինք մանրամասները, բայց դրամաշնորհի հայտը լրացրել եմ ահագին ուշ՝ վերջնաժամկետից կես ժամ առաջ։

Արտադպրոցական ծրագրեր մեր գյուղում չկան, ուստի կարծում եմ պետք է շեշտը դնել հենց դրա վրա։ Այս կենտրոնում կստեղծենք հարմար ու տրամադրող միջավայր թիմային աշխատանքներ իրականացնելու համար և մոտիվացիոն գրականություն՝ ինքնազարգացմանը դրդելու և փափուկ հմտությունները զարգացնելու համար։ Սա մի վայր կդառնա, որտեղից համայնքի երիտասարդները կկարողանան առցանց հազարումի գործ անել ու հազարումի ծրագրեր իրականացնել։

Երիտասարդներին ազդակ է պետք, ինքնակրթվելու ու համայնքը զարգացնելու մոտիվացիա։ Հուսամ՝ այս կենտրոնը հենց այդ ազդակը կհանդիսանա։ Եթե ինքնազարգացում չլինի, համայնքում էլ զարգացում չի լինի, քանի որ անձինք են զարգացնում համայնքը, եթե անձինք իրենց վրա չաշխատեն, համայնքի զարացման վրա էլ չեն կարող աշխատել։

Ինքնարթվել, ինքնակրթվել, ինքնակրթվել․․․ սա է իմ կոչը։ Այսօր համացանցը այնքան դռներ է բացում, կարելի է հազարումի նոր ոլորտներ ուսումնասիրել։ Բայց ինքնակրթվելը միայն չոր գիտելիքներն ու կոշտ հմտությունները չեն։ Դա նաև փափուկ հմտությունների զարգացումն է, որի մեջ մտնում է համայնքի մասին մտածելը, հայրենասիրությունը և այլ արժեքներ։

«Մենք՝ երիտասարդներս, պետք է ամեն տեղ մեր քիթը մտցնենք, մասնակցենք բազում ծրագրերի, մի լավ բանով զբաղվենք։ Եթե մենք մեր հայրենիքի համար բան չանենք, փոփոխություններ չձեռնարկենք, ապագա սերունդները գուցե դա չանեն, քանի որ մեզնից են օրինակ վերցնելու։ Հատկապես հիմա , հաշվի առնելով երկրի վիճակը, պետք է լինել մի քանի անգամ ավելի ակտիվ, մի քանի ավելի արագաշարժ ու մի քանի անգամ ավելի ճարպիկ»։

Գարիկը Կապանում կտեղադրի արևային էներգիայով աշխատող առաջին հեռախոսների լիցքավորման կայանը։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Արևային էներգիայով սնուցվող լիցքավորման կայան Կապանի կենտրոնում

Գարիկ Սարգսյան, 31 տարեկան Կապան

Ուզում էի մի տարբերվող բան անել Կապանի համար։ Մրցույթի հայտարարությունը տեսա ու մի քիչ հետազոտեցի թեման։ Որոշեցի հենց Կապանի կենտրոնում արևային էներգիայով սնուցվող հեռախոսների լիցքավորման կայան ստեղծել։

Սա կարող է արևային էներգիայի զարգացման ազդակն ու խթանը լինել քաղաքի համար։ Որպեսզի լավ պահենք մեր այս գեղեցիկ բնությունը, պետք է նախապատվությունը տանք «կանաչ» էներգիային։ Տրամաբանական է, չէ՞, որ կանաչը պահելու համար պետք է «կանաչ» մոտեցումները մեր կյանք ներմուծենք։

Արդեն զրուցել եմ արևային էներգիայով զբաղվող մի քանի կազմակերպությունների հետ, ընտրել եմ ամենաօպտիմալ տարբերակը, որ իր մարտկոցն ունի։ Հիմա արդեն պետք է զբաղվեմ նախագծի իրականացմամբ։ Պետք է լինի անձրևանոցի տեսքով մի կայան, որտեղ կարող ես նստել և լիցքավորել հեռախոսդ կամ նման այլ սարքեր։

Չնայած Երևանում եմ բնակվում, բայց սրտով իմ հարազատ քաղաքում եմ։ Ուզում եմ մի լավ բան անել իմ քաղաքի համար։ Թող սա սկիզբը լինի, թող այս ծրագրով հիմք դրվի Կապանում նոր գաղափարների տարածմանը։

«Սկսենք զարգացնել մեր հայրենի քաղաքները, որպեսզի ապագայում «լավ» հասարակություն ունենանք։ Ամեն ինչ երիտասարարդությունից է գալիս, եթե ամեն մի երիտասարդ իրեն համարի համայնքի զարգացման համար կարևոր մի մասնիկ ու գործի անցնի, ապա իսկապես մեր քաղաքը կդարձնենք երիտասարդական, նորարար ու ավելի կանաչ»։

Արփին բլոգեր է Մեղրիում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Բլոգեր հաուս՝ Մեղրիում։

Արփի Ադամյան, Մեղրի 28 տարեկան

Այս գաղափարն արդեն քանի տարի է՝ մտքումս է։ Անընդհատ այդ միտքը խնամում-խնամում էի, բայց այսօր արդեն այդ ավելի մշակված ու հղկված միտքն իրականություն կդառնա։ Մեղրիում կստեղծենք բլոգեր հաուս, որն ակտիվ երիտասարդների ու բլոգերների համար աշխատավայր կդառնա։

Մեղրի բլորգեր հաուսի դռները բաց են լինելու Մեղրիի բոլոր համայնքների երիտասրարդների համար։ Այստեղ կազմակերպելու ենք դասընթացներ՝ մեդիագրագիտություն, լուսանկարչություն, ինչպես բլոգ պատրաստել, վիդեո հոլովակ ստեղծել, մոնտաժել, ինչպես պատրաստված նյութը տարածել սոց մեդիայում և այլն։

Պետք է ընդունել, որ այսօր բոլորս կիսով չափ առցանց ենք ապրում, մեր օրվա կեսը, եթե ոչ ավելին, անցնում է սոց մեդիաներում։ Եվ պետք է երիտասարդներին ոչ թե հեռու պահել այդ հարթակներից, այլ պետք է ուղություն տալ, թե ինչպես այդ հարթակներից առավելագույն օգուտ ստանալ, ինչպես ճիշտ օգտագործել հարթակը, ճիշտ տեղեկատվություն վերցնել ու այն ճիշտ փոխանցել։

Մեղրի բլոգեր հաուսը կլինի հավես, գունավոր, փափուկ ու ոչ ֆորմալ մի միջավայր, որն արդեն կտրամադրի ստեղծագործելուն։ Ուզում եմ, որ պատանիները, թեկուզ միայն իրենց հեռախոսներով, կարողնանան որակյալ նյութեր պատրաստել։ Ի դեպ կարևոր է նաև նշել, որ փորձելու ենք հնարավորինս կիրառել Մեղրիի բարբառը և պահպանել այն։

Մեղրի բլոգեր հաուսում երիտասարդները կարող են կրթվել, ինֆորմացիա մշակել ու տեղեկատվություն տարածել։ Մենք կենտրոնանալու ենք անվտանգության, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուսաբանման վրա։ 10-15 երիտասարդներ ոչ միայն հնարավորություն կստանան բարձրաձայնել իրենց տեսակետն ու կարծիքը, այլև նոր հմտություններ զարգացնել և նաև աշխատաշուկա ավելի պատրաստ մտնել։

«Մենք պետք է մնանք մեր քաղաքում, մենք չպետք է լքենք այն ու հեռվից հետևենք նրա կյանքին։ Մենք պետք է մասնակցենք այդ կյանքին ու ակտիվացնենք մեր քաղաքը, մեր մարզը և մեր երկիրը»։


*  Կապանում իրագործվող նախագիծը ֆինանսավորվել է Ավստրիական զարգացման գործակալության՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագրի շրջանակում։