Երեխաների համաշխարհային օրվա հռչակագիրը

Գագաթնաժողովի ավարտին երեխաները տկն Բաթոյանին հանձնեցին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին նվիրված և Հայաստանում որոշում կայացնողներին ուղղված իրենց պաշտոնական հայտարարությունը:

Հայաստանի երեխաներ
Երեք դեռահասներ ՀՀ նախագահական նստավայրի ամբիոնից ընթերցում են Երեխաների համաշխարհային օրվա հռչակագիրը։
UNICEF Armenia/2019/Gevrogyan

22 Նոյեմբեր 2019

Սիրելի' որոշում կայացնողներ,

Այսօր տոնում ենք Երեխաների համաշխարհային օրը և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 30-ամյակը:

Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացման 26 տարիների ընթացքում մեր կյանքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել և շարունակում են տեղի ունենալ կոնվենցիայի իրականացման արդյունքում:

Սակայն անհրաժեշտ է ընդունել նաև այն փաստը, որ այսօր բոլորովին նոր հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի բոլորս համախմբվենք ու հստակ գործողություններ իրականացնենք երեխաների համար՝ կարևորելով մեր իսկ մասնակցությունը:

Մենք Հայաստանի բնակչության 24 տոկոսն ենք, ու ինչպես մեր ուսուցիչները, ծնողներն ու տատիկ-պապիկներն են ասում` «ինչ անում ենք մեր երեխաների համար ենք անում» կամ «երեխաները մեր ներկան ու ապագան են»:

Ու մենք դա նույնպես հասկանում ենք, բայց որպեսզի կարողանանք մեզ համար լավ ապագա կառուցել, մենք պետք է մասնակցենք ներկայի կառուցմանը:

Այսօր, հիմա՛ է պետք գործել, որպեսզի ոչ մի երեխա անտեսված չմնա, որպեսզի յուրաքանչյուր երեխա հայրենիքին արժանի քաղաքացի դառնա:

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենիցիայի ընդունման 30-ամյակին, մենք ձեզ կոչ ենք անում.

  • վերահաստատել Կոնվենցիայում նշված մեր իրավունքները և հիմնական սկզբունքները պաշտպանելու և իրացնելու ձեր պատրաստակամությունը:
  • Լսել մեզ ու մեզ վերաբերող որոշումներ կայացնելիս ապահովել մեր մասնակցությունը ու հաշվի առնել երեխաների ձայնը։
  • Հաշվի առնել մեզ համար առաջնային խնդիրները ու դրանք լուծելու համար սահմանված ժամկետում հստակ քայլեր ձեռնարկել՝ անհրաժեշտ բյուջե, ծրագրեր ու համապատասխան քաղաքականություն պլանավորելով՝

- յուրաքանչյուր երեխա վաղ տարիքից ֆիզիկական ու մտավոր զարգացման հավասար հնարավորություններ պետք է ունենա, այդ թվում՝ ժամանցի ու սպորտով զբաղելու հնարավորություն:

- Մենք կարևորում ենք երեխաների պատվաստված լինելը, առողջ սննդի առկայությունը հատկապես դպրոցներում, մտավոր առողջության խնդիրներում աջակցությունն ու ամեն տարի բժշկին պարտադիր այցելելու մշակույթը:

- Մեզ հետաքրքրում է՝ սոցիալական ներառման գծով ինչ արդյունքներ են գրանցվել: Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա կարողանա կրթություն ստանալ և որ յուրաքանչյուր համայնքում մանկապարտեզ լինի: Որ դպրոցական շենքերը լինեն մատչելի, իսկ ուսուցիչները՝ պատրաստված: Կրթությունը պետք է հետաքրքիր ու գրավիչ դարձնել մեզ համար: Ժամանակակից կրթություն ստանալու համար մեզ նաև հարկավոր են ավելի լավ շենքային պայմաններ և ժամանակակից սարքավորումներ:

- Մենք ցանկանում ենք տեղյակ լինել ու հասկանալ, թե ինչ է անում կառավարությունն այն երեխաների համար, ովքեր բռնության են ենթարկվում ընտանիքում, հատկապես այն երեխաները, ովքեր հաստատություններից նոր են վերադարձել ընտանիք: Մենք ցանկանում ենք վերջ դնել հոգեբանական բուլինգին, հատկապես՝ համացանցում:

- Մենք կարևորում ենք շրջակա միջավայրի մասին իրազեկումը, շրջակա միջավայրին վնասներ հասցնելու դեպքում պատիժների կիրառումը: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր լճերն ու գետերը աղտոտված չլինեն:

- Մեզ մտահոգում է, որ երեխաները չգիտեն իրենց իրավունքները: Բոլորը պետք է տեղյակ լինեն երեխայի իրավունքների մասին: Մենք ցանկանում ենք մասնակցել մեզ վերաբերող որոշումների կայացմանը:

Մենք, իհարկե, մեծահասակների նման կյանքի փորձ չունենք, բայց մենք ունենք երևակայություն ու վճռականություն։ Մենք ունենք հարյուրավոր հարցեր, որոնց կարող ենք փորձել պատասխանել:

Իսկ ի՞նչ կլինի, եթե այս խնդիրները հաշվի չառնվեն․․․

Սիրելի՛ որոշում կայացնողներ,

Մենք խնդիրներ չենք ստեղծում, մենք կարող ենք օգնել լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները:

Մենք ծախս չենք, այլ՝ ներդրում:

Մենք հաճախ նկատում ենք այն, ինչ մեծերը չեն նկատում։

Մենք ուղղակի փոքրիկներ չենք, այլ՝ Հայաստանի Հանրապետության բնակիչներ:

Յուրաքանչյուր երեխայի համար՝ իրավունքներից յուրաքանչյուրը: