Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 4 հիմնաքարային սկզբունքները

Կոնվենցիայում ամրագրված այս 4 սկզբունքները երեխաների նկատմամբ ամբողջությամբ նոր վերաբերմունք են ձևավորում

ՅՈՒՆԻՍԵՖ
Նոր ծնված երկու փոքրիկները քնած են ինկուբատորում:
UNICEF Armenia/2019/Osipova

24 Հունիս 2019

Ինչպես ենք մենք ապահովում երեխաների համար հավասար հնարավորություններ ու պաշտպանում նրանց իրավունքները կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք ապահովում հետևյալ 4 հիմնաքարային սկզբունքները:

Կոնվենցիայում ամրագրված այս 4 սկզբունքները երեխաների նկատմամբ ամբողջությամբ նոր վերաբերմունք են ձևավորում՝ դարձնելով կոնվենցիան էթիկական ու գաղափարային արժեքավոր հարթություն:

Ակզբունքների հիմքում ընկած է այն հիմնական գաղափարը, որ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՆՀԱՏՆԵՐ են: Իսկ երեխաների խաղալու իրավունքի ամրագրումը կոնվենցիայով կարծես հաստատում է մանկության արժեքն ու այն, որ այս շրջանը նախապատրաստական կարևոր մի շրջան է յուրաքանչյուր մեծահասակի համար:

 

1. Առանց խտրականության

Կոմիտեի սահմանամամբ երեխաների իրավունքների վերաբերյալ հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ բոլոր երեխաներն օժտված են նույն իրավունքներով, և նրանք երբեք չպետք է խտրականության ենթարկվեն: Երեխաներին հավասար հնարավորություններ տրամադրելու պարտավորությունը սահմանվում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածում, որի առաջին բաժնում գրված է. «Պետությունները պետք է հարգեն և իրականացնեն Կոնվենցիայում ամրագրված իրավունքները յուրաքանչյուր երեխայի համար՝ առանց որևէ խտրականության, անկախ նրանից, թե ովքեր են նրա ծնողները, անկախ երեխայի ռասսայից, մաշկի գունից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ կարծիքից, ազգային, էթնիկ կամ սոցիալական պատկանելիությունից, անկախ հաշմանադամության, ծննդյան կամ այլ կարգավիճակից»:

2. Երեխայի լավագույն շահը

Քանի որ երեխաները փոքր են և խոցելի, իրենց իրավունքները պաշտպանելու համար նրանք հատուկ աջակցության կարիք ունեն: Ինչպե՞ս կարելի է ճանաչել ու պաշտպանել երեխաների հավասար իրավունքները: Պատասխանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 3.1-ում սահմանված երեխայի լավագույն շահ գաղափարն է

«Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»:

3Կյանքի ու զարգացման իրավունք

Երեխայի տնտեսական և սոցիալական իրավունքների հիմքում ընկած բանաձևը սահմանվում է երեխայի՝ կյանքի իրավունքի հոդվածում: Հոդվածն ավելին է, քան ուղղակի երեխայի՝ գոյատևելու գաղափարը: Այն նաև սահմանում է երեխայի ապրելու ու զարգանալու իրավունքը: Հոդված 6.2-ում գրված է. «Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով պետք է ապահովեն երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը»:

4. Մասնակցության իրավունք

Կոնվենցիայի մեկ այլ անչափ կարևոր սկզբունքն է հարգել երեխայի տեսակետը: Երեխայի լավագույն շահը պարզելու համար, տրամաբանական է նախ և առաջ նրան հարցնել դրա մասին: Այս սկզբունքը սահմանվում է հոդված 12.1-ում, որտեղ գրված է. «Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ երեխան իրեն վերաբերող բոլոր դեպքերում դրանք ազատորեն արտահայտի: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն»: