Երբ սեպտեմբերի 1-ը սեպտեմբերի 15-ին է

Ով ինչ ասաց կամ ինչ է մտածում կորոնավիրուսի պայմաններում դպրոցների վերաբացման առաջին օրը

Ժաննա Ուլիխանյան
Երեխաները հերթ են կանգնել դասարան մտնելու համար՝ պահպանելով անհրաժեշտ ֆիզիկական հեռավորությունը։
UNICEF Armenia/2020/Galstyan
16 Սեպտեմբեր 2020

Դուք այսպիսի սեպտեմբերի 1, ներողություն՝ 15, հաստատ չէիք տեսել, մենք` նույնպես։ Որքան էլ շատ է խոսվել այս ամենի մասին, թեժ քննարկումներ են եղել, այնուամենայնիվ, «լավ է մեկ անգամ տեսնել» սկզբունքով, ՅՈՒՆԻՍԵՖ-ն այցելել է Երևանի թիվ 78 դպրոց տեսնելու, թե ինչպես է անցել համավարակից հետո դպրոցների վերաբացման առաջին օրն, ու ով, հատկապես՝ երեխաները, ինչ են մտածում այս իրավիճակի մասին։

Էվելինան նստած է գրասեղանին և նայում է ձեռքերը ճիշտ լվանալու և կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնների մասին պատին փակցված պաստառներին։
UNICEF Armenia/2020/Galstyan

«Գիշերը չէի կարողանում քնել, անհամբեր սպասում էի, որ գիշերն արագ անցնի, արթնանանք ու գնամ դպրոց։ Վերջապես այսօր եկանք, տեսանք մեր ընկերներին, պատմեցինք միմյանց տանը անցկացրած օրերի մասին։ Շատ ուրախ եմ, բայց եթե թույլ տային դիմակի փոխարեն դեմքի վահանակով գայի դպրոց, ամեն ինչ ավելի լավ կլիներ»։

Էվելինա Սիմոնյան, 10 տարեկան

Ուսուցչիս, դասընկերներիս շատ էի կարոտել։ Բայց երևի ավելի լավ կլիներ՝ մի քիչ էլ սպասել, հետո բացել դպրոցները։ Չնայած, եթե կանոններին հետևենք, հաստատ կորոնավիրուսին կհաղթենք։ Դիմակները մեզ համար ենք կրում, մեր անվտանգության համար։ Դե, բայց պետք է նաև հաճախ լավ լվացվել, անպայման օճառով, մի քիչ էլ մյուսներից հեռու մնալ»։

Նարեկ Նազարյան՝ հակահամաճարակային կանոններն անգիր արած 10 տարեկան պատանի
Նարեկը նայում է ձեռքերը ճիշտ լվանալու պաստառին։
UNICEF Armenia/2020/Galstyan
Դպրոցի հոգեբան, տկն Նունեն զրուցում է աշակերտներից մեկի հետ։
UNICEF Armenia/2020/Galstyan

«Դժվար», «բարդ», «անհնար», «լարված» բառերի փոխարեն պետք է օգտագործել «անհրաժեշտ», «կարևոր», «կանոն է բոլորի համար» բառերն ու արտահայտությունները։ Եթե մենք ասում ենք սա դժվար է, իրականում մեր մեջ ֆիքսվում է այդ դժվարը, եթե ասում ենք անհրաժեշտ է, ապա ֆիքսվում ենք անհրաժեշտի վրա։ Փորձե՛ք՝ կտեսնեք, որ ավելի կոնստրուկտիվ կլինի։

Պետք է ընդունել իրավիճակը, ռեալ գնահատել այն, գտնել դրականը, հենվել դրականի վրա՝ հանուն համընդհանուր և վերջնական նպատակի»։

Նունե Փաշինյան, դպրոցի հոգեբան

Աննան օճառով լվացվոմ է դպրոցի զուգարանում։
UNICEF Armenia/2020/Galstyan

«Վերջապես եկա դպրոց, տեսա ընկերներիս, ուսուցչիս։ Այսպես հաստատ ավելի լավ է, քան համացանցով դաս անելը․ մեկ-մեկ կապն էր կորչում, մեկ-մեկ դասը լավ չէի հասկանում։ Ճիշտ է՝ մի քիչ հարմար չի, քույրս 2-րդ դասարան է, ու մենք տարբեր ժամերի ենք գալիս, բայց ավելի լավ է գանք դպրոց։ Միայն թե, եթե ես տնօրեն լինեի, հաստատ դասամիջոցները թույլ կտայի»։

Աննա Ղազարյան՝ մաթեմատիկան և ֆուտբոլ խաղալ սիրող 9-ամյա աղջնակ

««Դիմակը քթիցդ չիջացնես», ասել է մայրիկս, պայուսակումս էլ ալկոգել է դրել․ ես էլ անընդհատ հանում եմ ու ախտահանում ձեռքերս»։

 

Էվա Սիմոնյան, 9 տարեկան։  Շատ է սիրում Կոմիտասի «Կաքավիկն» ու շոկոլադե պաղպաղակ
Էվան պայուսակից հանում է ալկոգելը՝ ձեռքերն ախտահանելու համար։
UNICEF Armenia/2020/Galstyan
Էլենը կանգնել է դպրոցի մուտքի մոտի ախտահանիչ սարքի տա, որն ամեն կողմից նրա վրա ախտահանող նյութն է ցողում։
UNICEF Armenia/2020/Galstyan

«Շատ լարված էի գալիս այսօր դպրոց, ինձ թվում էր՝ ամեն ինչ բարդ կլինի, չեմ կարողանա ընկերներիս հետ շփվել։ Բայց կարծիքս փոխեցի, որովհետև դասը շատ հետաքրքիր էր, կարծես առաջին անգամ էի դասի մասնակցում։ Թեկուզ հեռավորության վրա, կարողացա զրուցել, շփվել ընկերներիս հետ։ Այսպես հաստատ ավելի լավ է, քան հեռավարի ժամանակ։ Այսպես ավելի լավ եմ հասկանում դասը, քան առցանց, որքան էլ ուսուցիչները փորձում էին համացանցով ամեն ինչ բացատրել։

Կարոտել էի ուսուցիչներիս, ընկերներիս, անգամ բուֆետի հերթերն էի կարոտել։ Բայց մեր դասարանում 25 հոգի ենք, հիմա դասարանը կիսվել է․ տխրում եմ, որ ընկերներիս կեսն առանձին է։ Բայց սա էլ ժամանակավոր է, պետք է ուղղակի չվախենալ կորոնավիրուսից, ԲԱՅՑ պահպանել կանոնները»։

Էլեն Մեսրոպյան, 13 տարեկան

Տկն Ալթունյանը կանգնած է հեռու-հեռու նստեցված երեխաների դիմաց և դաս է բացատրում։
UNICEF Armenia/2020/Galstyan

«Այսօր առաջին անգամ եմ հանդիպել նոր դասարանիս հետ։ Ծանոթացանք, քննարկեցինք, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենք նոր ուս․ տարվանից, դպրոցից, ուսուցչից, խոսեցինք նրանց հուզող խնդիրների մասին։ Մի քիչ նեղվում էին, որ ընկերների կեսը մյուս խմբում է, բայց որոշեցինք, որ պարբերաբար բոլորով տեսազանգով կշփվենք։ Կարծում էի՝ փոքր են և հավանաբար դժվար կպահպանեն կանոնները, բայց հաճելիորեն զարմացա․ երեխաներն արդեն բավական տեղեկացված էին և պատրաստ էին օգնել»։

Նարինե Ալթունյան, 4-րդ դասարանի դասղեկ

«Շատ ուրախ եմ, որ դպրոցը բացվել է։ Ընկերներիս շատ էի կարոտել, բայց շատ կուզեի դիմակ չդնենք՝ հարմար չէ, անընդհատ իջնում է»։

 

Մենուա Սուքիասյան, 9 տարեկան։ Աննայի դասընկերն է և նույնպես մաթեմատիկա է սիրում
Մենուան ձեռքերն է ախտահանում դպրոցի միջանցքում։
UNICEF Armenia/2020/Galstyan
Լիլիթը հենց նոր ճանապարհել է իր երեխային դպրոց և դպրոցի մուտքի մոտ կանգնած հետևում է երեխային։
UNICEF Armenia/2020/Galstyan

«Իհարկե, մտահոգություններ կային, բայց եկանք դպրոց, քանի որ երկար այսպես շարունակվել չէր կարող։ Երեխան էլ շատ ուրախ և կարոտած եկավ այսօր դպրոց։ Մենք տանը քննարկել ենք կանոնները, խոսել ենք դրանց պահպանման կարևորության մասին։ Պայուսակում դրել ենք ջուր, ախտահանիչ նյութ, թաց ու չոր անձեռոցիկներ։ Չեմ ուզում մտածել խնդիրների մասին։ Ցանկացած իրավիճակում պետք է դրական տրամադրվել»։

Լիլիթ Թոփուզյան, մայրիկ

Դպրոցի տնօրենը զրուցում է ծնողներից մեկի հետ։
UNICEF Armenia/2020/Galstyan

«Եկեք ՈՉ ասելը թողնենք ամենավերջում։ Յուրաքանչյուր տարի նոր մտքեր, նոր մտահղացումներ, նոր որոշումներ ենք կայացնում։ Այս տարի էլ այլ իրավիճակ ունենք և դրան համապատասխան նոր մոտեցում ենք մշակել և կիրառում։ Մինչ դասապրոցեսը սկսվելը երկար ժամանակ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել․ ամեն տեղ ախտահանող նյութեր կան դրված, վերադասավորել ենք դասասենյակների կահույքը։ Իհարկե, այդքան էլ հեշտ չէր, բայց երբ բոլորս մեկ նպատակ ունենք, ուրեմն պետք է գործել հանուն այդ նպատակի իրականացման։ Ես կխնդրեի, որ բոլոր ծնողները այսպես ասած «շրջվեն» դեպի դպրոցը, վստահեն և օգնեն ուսուցչին և դպրոցին։ Եկե՛ք միասին մտածենք, համագործակցենք։ Վստահ եմ, որ միասին բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլուծենք»։

Ազնիվ Միրզոյան, դպրոցի տնօրեն

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: