Երբ ձեր երեխաների հետ խոսում եք ռասիզմի մասին
Ինչպես սկսել և շարունակել այդ կարևոր զրույցը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Երեխաների հետ ռասիզմի մասին խոսելը կարող է բարդ լինել: Որոշ ծնողներ զգուշանում են իրենց երեխաներին վաղ տարիքում այնպիսի թեմաների ծանոթացնելուց, ինչպիսիք են ռասիզմն ու խտրականությունը: Որոշ ծնողներ էլ կարող են ամաչել խոսել մի բանի մասին, որը, միգուցե, իրենք էլ լիարժեք չեն հասկանում կամ անհարմար են զգում քննարկել:
Ռասիզմի և խտրականության մասին զրույցները յուրաքանչյուր ընտանիքում կարող են տարբեր լինել: Թեև բոլորին հարմար մեկ մոտեցում գոյություն չունի՝ մի բան հստակ է՝ որքան շուտ ծնողները սկսեն զրուցել իրենց երեխաների հետ, այնքան՝ լավ:
Փոքրիկները, սկսած 6 ամսականից, նկատում են ֆիզիկական տարբերությունները, այդ թվում՝ մաշկի գույնը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 5 տարեկանը չլրացած երեխաների մոտ կարող են ի հայտ գալ ռասայական նախապաշարումներ, օրինակ՝ ռասայական մեկ խմբի պատկանող մարդկանց նկատմամբ մեկ այլ խմբի համեմատ ավելի բարեհամբույր վերաբերմունքի ձևով: Թեման անտեսելը կամ դրանից խուսափելը երեխաներին պաշտպանելու միջոց չէ. դրանով մենք թույլ ենք տալիս, որ նրանք առերեսվեն նախապաշարումների հետ: (անկախ մեր բնակության վայրից):
Լռելը տարբերակ չէ։
Ինչպես երեխայի հետ խոսել ռասիզմի մասին
Երեխաների աշխարհընկալումը զարգանում է մեծանալուն զուգընթաց, և երբեք ուշ չէ նրանց հետ խոսել հավասարության և ռասիզմի մասին: Ահա այդ զրույցը սկսելու մի քանի տարբերակ՝ ըստ տարիքային խմբի.
Մինչև 5 տարեկան
Այս տարիքում երեխաները կարող են սկսել ճանաչել և կարևորել շրջապատի մարդկանց միջև առկա տարբերությունները: Որպես ծնող, դուք հնարավորություն ունեք զգուշորեն ձևավորելու նրանց աշխարհայացքի հիմքերը: Օգտագործեք այնպիսի բառապաշար, որը հարմար է նրանց տարիքին և հեշտ ընկալելի է:
- Տեսե՛ք և ճանաչե՛ք տարբերությունները. եթե ձեր երեխան հարցնում է ինչ-որ մեկի մաշկի գույնի մասին, դուք կարող եք օգտվել առիթից և ասել, որ մարդիկ, իրոք, տարբեր տեսք ունեն, սակայն նաև նշեք այն բաները, որ միավորում են բոլորիս: Կարող եք ասել՝ «Մենք բոլորս տարբեր ենք, բայց բոլորս ունենք մեր երկիրը, ընտանիքը և սիրում ենք Երկիր մոլորակը»:
- Ազատ խոսե՛ք. արեք այնպես, որ երեխան համոզված լինի, որ դուք մշտապես հանգիստ կընդունեք նրա հարցերն ու կխրախուսեք նրան՝ տալ այդ հարցերը: Եթե ձեր երեխաները մատնացույց են անում տարբերվող մարդկանց (իսկ փոքրահասակ երեխաները կարող են հաճախ անել դա հետաքրքրասիրությունից դրդված), խուսափե՛ք նրանց լռեցնելուց, հակառակ դեպքում նրանք կսկսեն մտածել, որ դա արգելված թեմա է:
- Եղե՛ք արդարամիտ. երեխաները, հատկապես՝ մոտավորապես 5 տարեկանները, հակված են բավականին լավ ընկալելու արդարության գաղափարը: Ռասիզմը նրանց ներկայացրեք որպես անարդար երևույթ, և բացատրեք, որ պետք է աշխատել միասին՝ խնդիրը լուծելու համար:

Խնդիր չէ, եթե չունեք բոլոր հարցերի պատասխանները
6-11 տարեկան
Այս տարիքի երեխաները ավելի են հակված խոսելու իրենց զգացմունքների մասին և հետևողականորեն պատասխան են ակնկալում: Նրանք նաև ավելի հակված են ստանալու այն տեղեկատվությունը, որը իրենց համար դժվար ընկալելի է: Որպես առաջին քայլ՝ պարզեք նրանց իմացության աստիճանը:
- Հետաքրքրվե՛ք։ Լսելն ու հարցեր տալը առաջին քայլն է: Օրինակ, կարող եք հարցնել, թե ինչ են լսել դպրոցում, հեռուստատեսությամբ և սոցիալական մեդիայից:
- Միասին քննարկեք տեղեկատվությունը. սոցիալական մեդիան և համացանցը կարող են լինել տեղեկատվության հիմնական աղբյուրը ձեր երեխաների համար: Հետաքրքրվե՛ք այն նյութերով, որոնք երեխաներն ընթերցում են, ինչպես նաև՝ այն զրույցներով, որոնք նրանք վարում են առցանց: Գտե՛ք մեդիայում կարծրատիպերի և ռասայական նախապաշարումների օրինակներ և ուսումնասիրեք դրանք, օրինակ՝ «Ինչո՞ւ են որոշ մարդիկ պատկերվում որպես չարագործներ, իսկ մյուսները՝ ոչ»:
- Ազատ խոսե՛ք. ռասիզմի, բազմազանության և ներառականության մասին անկեղծ և բաց քննարկումները ամրապնդում են ձեր և ձեր երեխայի միջև վստահությունը: Դրանով դուք խրախուսում եք, որ նրանք իրենց հարցերի ու մտահոգությունների մասին խոսեն ձեզ հետ: Եթե նրանք ձեզ վստահեն որպես խորհուրդ տվող չափահասի, ապա հավանական է, որ այս հարցերի շուրջ ավելի շատ շփվեն ձեզ հետ:
12 տարեկան և բարձր
Դեռահասները ի վիճակի են առավել հստակ ներկայացնելու վերացական գաղափարները և հայտնելու իրենց տեսակետները: Նրանք կարող են իմանալ ավելին, քան կարծում եք, ինչպես նաև թեմայի հետ կապված ավելի շատ հույզեր ունենալ: Փորձեք հասկանալ, թե ինչ են զգում կամ ինչ գիտեն նրանք և շարունակեք զրույցը:
- Իմացե՛ք, թե ինչ գիտեն նրանք. պարզեք, թե ձեր երեխաները ինչ գիտեն ռասիզմի և խտրականության մասին: Ի՞նչ են լսել լուրերից, դպրոցում, ընկերներից:
- Հարցեր ուղղեք. ձեր երեխաների հետ ռասիզմի մասին խոսելու հնարավորություններ գտեք, օրինակ՝ լուրերից տեղեկացեք համապատասխան իրադարձությունների մասին: Հարցրեք, թե ինչ են կարծում և խնդիրը նրանց ներկայացրեք տարբեր տեսանկյուններից, որպեսզի ընդլայնեք նրանց ընկալումները:
- Քաջալերեք նրանց՝ քայլեր ձեռնարկել. սոցիալական մեդիայում ակտիվ լինելը կարևոր է շատ դեռահասների համար: Նրանցից ոմանք կարող են մտածել առցանց ակտիվիզմին մասնակցելու մասին: Քաջալերեք, որ նրանք անեն դա՝ որպես ռասայական խնդիրներին արձագանքելու և թեմայի մեջ ներգրավվելու ակտիվ եղանակ:

Կարևորե՛ք բազմազանությունը
Փորձեք գտնել ձեր երեխային տարբեր մշակույթներին և տարբեր ռասայի և ազգության մարդկանց ծանոթացնելու միջոցներ: Այլ ռասայի և սոցիալական խմբերի մարդկանց հետ շփումների նման դրական փորձը կօգնի նվազեցնել նախապաշարումները և խրախուսել միջխմբային ընկերական հարաբերություններ:
Դուք կարող եք նաև արտաքին աշխարհը ձեր տուն բերել: Ուսումնասիրե՛ք այլ մշակույթների սնունդը, կարդացեք նրանց պատմությունները և դիտեք նրանց ֆիլմերը: Ձգտեք գտնել այնպիսիք, որոնցում տարբեր ռասայական և ազգային խմբերի մարդիկ ներկայացված են դրական լույսի ներքո:
Միասին ուսումնասիրեք անցյալը՝ ներկան ավելի լավ պատկերացնելու համար: Պատմական այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք են, օրինակ, ապարտեիդի վերացումը Հարավային Աֆրիկայում, կամ քաղաքացիական իրավունքների շարժումը՝ Միացյալ Նահանգներում, կարող են ցույց տալ, թե մարդիկ ինչպես են միահամուռ ոտքի կանգնել՝ հանուն հավասարության և արդարության: Այսպես երեխայի մոտ է՛լ ավելի կամրապնդվի վստահությունը, և տարբեր տեսանկյուններ դիտարկելու համար նա բաց կլինի:
Չկան օտարներ, պարզապես կան տարբեր մարդիկ։
Դուք օրինակ եք ծառայում ձեր երեխայի համար
Ծնողներն են երեխաներին ծանոթացնում աշխարհին: Այն, ինչ նրանք տեսնում են ձեր գործողություններում, նույնքան կարևոր է, որքան այն, թե նրանք ինչ են լսում ձեր խոսքում:
Ինչպես և լեզուն, նախապաշարումները ձևավորվում են ժամանակի ընթացքում: Ձեր երեխային ռասայական խտրականությունը ճանաչել և դրան առերեսվել սովորեցնելիս պետք է մտորեք, թե որքանով եք ինքներդ պատրաստ դրան:
Օգտվե՛ք ռասիզմին հակադրվելու յուրաքանչյուր հնարավորությունից, բարություն դրսևորե՛ք և զորավի՛գ եղեք արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի արժանանալու՝ յուրաքանչյուր անձի իրավունքին:
Տեղեկատվությունն ամփոփվել է Մայքլ Սիդվելի և Սուփրիթ Մահանթիի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ.