Երբ Հայաստանի փոքր գյուղական համայնքների երազանքներն իրականանում են
Հայաստանի հեռավոր գյուղական համայնքներում բացվող այլընտրանքային նախադպրոցական հաստատությունների շնորհիվ ավելի շատ երեխաներ դպրոցին ավելի պատրաստ են լինում:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
«Նախադպրոցական հաստատություն ունենալու Հարթաշենի երազանքն այլևս իրականություն է»
«Նախադպրոցական հաստատություն ունենալու Հարթաշենի երազանքն այլևս իրականություն է»,- բարձր հայտարարեց հաղորդավարուհին և հրավիրեց ինձ և համայնքի ղեկավարին կտրել կարմիր ժապավենը և բացել հաստատության դուռը բնակավայրի բոլոր փոքրիկների համար: Ոգեշնչված էի և շատ հուզված, գիտեի, որ բոլոր համայանքների համար էլ կարևոր է մանկապարտեզ ունենալը, գիտեմ նաև, որ Հայաստանում շա՜տ համայքներ դեռ չունեն նման ծառայություններ և շատ փոքրիկներ բաց են թողնում զարգացման այն բոլոր հնարավորությունները, որ տալիս է վաղ մանկական կրթությունը: Ինքս էլ մեծացել եմ գյուղում և գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ հենց քո բնակավայրում հասանելի են լինում շատ ծառայություններ: Տեսնելով այն հանդիսավոր տոնը, որ համայնքում էր կազմակերպվել նախադպրոցական հաստատության բացման օրը, կրկին համոզվեցի, թե որքան կարևոր է, որ շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունենա:

Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած գյուղեր այցելելու, գյուղի բնակիչների և հատկապես երեխաների հետ շփվելու ևս մեկ հնարավորություն էր: Այս անգամ ևս կարևոր առաքելությամբ էինք եկել: Եկել էինք պաշտոնապես բացելու Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի, Տեղ համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերի առաջին նախադպրոցական հաստատությունը: Ամիսներ շարունակ աշխատում էինք, որ լավ վերանորոգենք համայնքի հատկացրած սենյակները, դրանց կից սանհանգույցներ կառուցեինք, կահավորեինք սենյակները բոլոր անհրժեշտ կահույքով և նյութերով: Այս ժամանակահատվածում իմ գործընկերները՝ Մայան, Հերմինեն և Ալվարդն այնքան հաճախ էին այցելում այս բնակավայրեր, որ նրանց կարծես հարազատի պես են ընդունում այս համայնքերում:
Այսօր արդեն վայելում ենք այդ աշխատանքի արդյունքը և ավելի ենք ոգեշնչվում՝ տեսնելով բնակավայրերում տիրող այդ տոնական տրամադրությունը, տեսնելով երեխաների հետաքրքրությունը, գիտակցելով, որ այսպես այս բնակավայրերում ապրող երեխաները հնարավորություն են ստանում հասնելու իրենց ներուժին, որ այսպես ապագայում հաջողության հասնելու ավելի մեծ հավանականություն կա:
Հարթաշենում ծանոթացա ծնողներից մեկի՝ Նելիի հետ: Եկել էր իր երեքամյա աղջկա՝ Էլենի և վեցամյա տղայի՝ Ռազմիկի հետ: Նելին շատ ուրախ էր, որ վերջապես Էլենը կկարողանա նորմալ մանկապարտեզ հաճախել: «Ռազմիկն ընդամենը վեց ամիս է գնացել Գորիսի մանկապարտեզ, հետո ձմռանը, անհանգստանալով ճանապարհներից, արդեն չգնացինք ու այդպես էլ միանգամից դպրոց գնացինք»,-ասաց Նելին: Էլենի և մյուս երեխաների տոնական հագուստը նույնպես փաստում էր, որ Հարթաշենում տոն է, տոն է բոլորի ընտանիքներում:
Պարային գեղեցիկ կատարումներից հետո երեխաների և ծնողների հետ մտանք կենտրոն, խաղացինք, միասին ուրախացանք և ժպիտները դեմքներիս ճանապարհ ընկանք դեպի Քարաշեն գյուղ:
Հասանք Քարաշեն, երբ արդեն գյուղի մայրիկները, իրենց երեխաների ձեռքը բռնած, գալիս են մանկապարտեզ:
Հասանք Քարաշեն, երբ արդեն գյուղի մայրիկները, իրենց երեխաների ձեռքը բռնած, գալիս են մանկապարտեզ: Հենց այդպես հինգամյա Մանեին մայրը՝ Մարինեն, բերում էր կենտրոն: Մանեն նույնպես գյուղի մյուս երեխաների նման մանկապարտեզ չի հաճախել, միայն երկու-երեք ամիս կհաճախի, հետո արդեն դպրոց: Վստահ եմ, որ անգամ այդ կարճ ժամանակում նա շատ բան կհասցնի վերցնել: Եվ շատ ուրախ եմ, որ այսուհետ որևէ երեխա այս գյուղում բաց չի թողնի վաղ մանակակն կրթությունը:
«Սա երազանք է եղել մեր գյուղի բոլոր ծնողների համար»
«Սա երազանք է եղել մեր գյուղի բոլոր ծնողների համար», ասաց Քարաշենի դաստիարակներից մեկը, երբ պատմում էր, թե երբ են հանդիպել ծնողների հետ և ինչ են քննարկել միասին: Քրիսթինան նաև ասաց, որ գյուղի շատ ծնողներ նախորդ օրերին եկել են, օգնել են կահույքը դասավորել, մաքրել, վարագույրները կախել, մինչև անգամ օգնել են դարակները դասավորել, խաղալիքները, խաղերը և գրքերը իրենց տեղերում դնել:
Մանեի հետ մի լավ դոմինո խաղացինք, և հեչ էլ կարևոր չէր, որ ես միայն մի քանի բառ գիտեի հայերեն. նա շատ արագ հասկացավ, թե ինչպես պետք է խաղալ խաղը. խաղն իր լեզուն ունի և երեխաները այդ լեզուն շատ լավ գիտեն և հենց խաղն էր մեր շփման լեզուն:
Ճանապարհ ընկանք դեպի Խոզնավար: Ճանապարհը շքեղ էր՝ ծածկված դաշտային կարմիր ու մանուշակագույն ծաղկային գորգերով. լիաթոք շնչելու և բնությունը վայելելու ճիշտ վայրն էր:
Երկար ձգված շատ վատ ճանապարհներ ունեցող այս գյուղը անչափ հյուրընկալ էր: Կրկին ամբողջ գյուղը հավաքվել էր փոքրիկ հրապարակում, իսկ նոր բացվող մանկապարտեզի դիմացի աստիճաններին կանգնել էին մանկապարտեզի սաները:
Այստեղ էր անգամ իննսունչորսամյա Նադեժդա տատիկը, որ որպես բուժքույր անձամբ է օգնել գյուղի շատ բնակիչներին լույս աշխարհ գալ:
«Մեր գյուղում տոն է, իհարկե, պիտի գայի ու մասնակցեի, մեր բոլոր բնակիչների հետ ուրախանայի մեր ապագա սերունդի համար»,- ասաց Նադեժդա տատիկը:
«Այսօր պատմական օր է Խոզնավարում»
Խոսեցի ծնողներից մեկի՝ Արմինեի հետ. «Այսօր պատմական օր է Խոզնավարում: Շատ երկար էինք սպասել սրան: Ակնկալիքները շատ մեծ են, ուզում ենք՝ մեր երեխաները նույնպես մանկապարտեզ գնան, մի բան սովորեն ամբողջ օրը փողոցում անցկացնելու փոխարեն: Եթե գյուղն ունի բարեկարգ նախակրթարան, եթե այստեղ դեռ կատարվում են երազանքներ, ուրեմն գյուղը դեռ ապրում է: Սա ավելի կարևոր է հենց սահմանի գյուղերի համար, այսպես մեր երեխաներն ու ընտանիքները գյուղը լքելու պակաս առիթներ կունենան, կմնան ու կշենացնեն այն»:
Երևանի հետդարձի ճանապարհին գործընկերներս հետ ամփոփում էինք նախորդ երկու օրերը. բոլոր գյուղերում բնակիչները հավաքվել էին, բոլորը և հատկապես երեխաները գեղեցիկ տոնական հագուստներով էին, ամենուրեք զարդարանքներ էին և հնչում էր բարձր երաժշտություն, երեխաները արտասանում ու պարում էին, բոլոր գյուղերում աղուհացով էին դիմավորում և շնորհակալագիր հանձնում, երեք գյուղում էլ իսկական տոն էր տիրում: Սեփական աչքերով տեսնում ես, նաև՝ վստահ գիտես, թե որքան մեծ նշանակություն կարող է ունենալ ու ինչքան բան կարող է փոխել միայն մեկ սենյակը:
Սյունիքում հարյուրից ավելի ծնողների երազանքներից մեկն այս երկու օրերի ընթացքում իրականացավ:
Բոլոր ծնողները երազանքներ ունեն իրենց երեխաների համար, Սյունիքում հարյուրից ավելի ծնողների երազանքներից մեկն այս երկու օրերի ընթացքում իրականացավ, իրականացավ գործընկերների, ԵՄ-ի ֆինանսավորման և իհարկե մեր հրաշալի թիմի աշխատանքի շնորհիվ: Ես միայն հպարտ եմ և հուզված, որ ինքս այս թիմի անդամն եմ:
Հիշեցի ծնողներից մեկի՝ Արմինեի խոսքը՝ «եթե գյուղում կա տոն, կա երազանք, ուրեմն այդ գյուղն ապրում է»:
Շարունակելու ենք աշխատել, որ Հայաստանի ավելի շատ փոքր համայնքներում տոնելու ավելի շատ առիթներ լինեն: