ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել են Տավուշում 41 նախադպրոցական հաստատություների անվտանգ վերաբացմանը

Եվրամիության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Տավուշում մանկապարտեզներին տրամադրված հիգիենայի պարագաների շնորհիվ 1,980 երեխաներն ու իրենց ընտանիքները կորոնավիրուսից ավելի պաշտպանված կլինեն

Ժաննա Ուլիխանյան
Անդրեն նստած է իր մանկապարտեզում և գիրք է թերթում։
UNICEF Armenia/2020/Margaryan
14 Ապրիլ 2021

Սարիգյուղում ապրող 4 տարեկան Անդրեն ամեն օր համոզում է մայրիկին, որ իրեն մանկապարտեզ բերի, անգամ խոստանում է ամեն օր առանց հակաճառելու քնել մանկապարտեզում, միայն թե գա ու խաղա ընկերների՝ Բակայի, Սուրոյի ու Անժելիկայի հետ։

Ցավոք, կորոնավիրուսի պատճառով Հայաստանում այս տարի արդեն երկրորդ անգամ մանկապարտեզները փակվել են՝ թողնելով երեխաներին առանց իրենց սիրած խաղալիքների, առանց առավոտյան զբոսանքների, առանց երգի ու պարի, առանց հանդեսների ու առանց ընկերների։ Անդրեն ու նրա նման շատ փոքրիկներ սկսել են կարոտել այդքան անցանկալի «քնելու ժամը»։

Նախադպրոցական հաստատությունների տնօրենները ժամանել են Իջևանի դպրոցներից մեկի բակ՝ իրենց մանակապարտեզին հասանելիք հիգիենայի պարագաները ստանալու։
UNICEF Armenia/2020/Margaryan

2020 թ-ի տարեվերջին «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում 75 արկղ հիգիենայի պարագաներ մատակարարվեցին Տավուշի մարզի 30 մանկապարտեզներ և 11 նախակրթարաններ, այդ թվում նաև՝ Սարիգյուղի մանկապարտեզ։ «Ապագան այսօր» ծրագիրը ֆինանասվորում է ԵՄ-ն․ այն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և մի շարք այլ տեղական կազմակերպությունների համագործակցությամբ։

Մատակարարված արկղերը նպաստել են մանկապարտեզների վերաբացմանը՝ երեխաների և անձնակազմի համար ավելի անվտանգ միջավայր ապահովելով։ Արկղերը պարունակում են 1,847 շիշ հեղուկ օճառ, 747 շիշ ձեռքերը ախտահանելու համար նախատեսված հեղուկ, 59 տուփ ռետինե ձեռնոց, 69 զույգ տնտեսական ձեռնոց, 84 N95 դիմակ, 2,000 բժշկական դիմակ, 49 ոչ կոնտակտային ջերմաչափ և 90 տարա 5 լիտրանոց ախտահանիչ հեղուկ՝ նախատեսված մակերեսների համար։

Իրերի առաջին խմբաքանակը մատակարարվեց Իջևանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ: ԵՄ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի լոգոյով արկղի պարագաները շարված են մանկապարտեզի սեղաններից մեկի վրա։
UNICEF Armenia/2020/Margaryan

«Նման ախտահանիչ նյութերի առկայությունը մանկապարտեզում շատ կարևոր է, որովհետև թեկուզև այս պարագաներից նախօրոք ձեռք են բերվել նաև համայնքապետարանի և մարզպետարանի աջակցությամբ, այնուհանդերձ սրանք ամենօրյա օգտագործման նյութեր են, և բնականաբար, համայնքի ֆինանսական միջոցները բավարար չեն անհրաժեշտ քանակն ապահովելու համար։ Ուստի, այս իրերի մատակարարումն իսկապես մեծ օգնություն է համայնքների համար»,- նշեց տիկին Հասմիկը՝ Տավուշի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետը։

Իջևանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրենը՝ Սիրամարգ Սաքանյանը, դատարկում է իրերը տուփից:
UNICEF Armenia/2020/Margaryan

Պարագաների առաջին խմբաքանակը մատակարարվել է Իջևանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ։ 150 սան ունեցող մանկապարտեզի տնօրենը՝ Սիրամարգ Սաքանյանը, դատարկելով պարագաները տուփից, պատմում է, որ առաջին վերաբացման ժամանակ խստիվ հետևել են կանոններին։ «Աշխատել ենք կես հզորությամբ՝ 10-12 հոգանոց խմբերով։ Հետևել ենք նախարարության կողմից սահմանված կանոնակարգին՝ մտնելիս ջերմաչափել երեխաներին, սեղանները վերադասավորել, ծնողների մուտքը սահմանափակել, փափուկ խաղալիքները հավաքել, մակերեսները հաճախակի ախտահանել և այլն։ Մեզ համար ուղղակի դժվար էր փոքր՝ 3-4 տարեկան երեխաներին սովորեցնել հեռավորություն պահպանել»։

Սարիգյուղի մանկապարտեզի տնօրեն Գայանե Գևորգյանը դատարկում է հիգիենայի պարագաների տուփը։
UNICEF Armenia/2020/Margaryan

Նույն օրը հիգիենայի պարագաների և ախտահանիչ նյութերի համապատասխան խմբաքանակը հասավ նաև Իջևանից 22 կմ հեռավորության վրա գտնվող Սարիգյուղ՝ Անդրեի մանկապարտեզ, որտեղ ընդհանուր առմամբ գրեթե 37 երեխա է հաճախում։ Մանկապարտեզի տնօրեն Գայանե Գևորգյանը կարևորում է մանկապարտեզի վերաբացումը։ «Բոլոր ծնողները հերթով զանգում և հարցնում են, թե երբ ենք նորից վերաբացվելու։ Ասում են՝ երեխաները տանն անընդհատ էկրանների առջև են, գոնե գան մանկապարտեզ, մի քիչ զարգանան»։

Մարզպետարանի գլխավոր մասնագետ տիկին Հասմիկը նույնպես կարևորում է մանկապարտեզների վերաբացումը՝ նշելով․ «Մենք պետք է կարողնանանք ապրել վարակի հետ։ Պետք է սովորենք խստորեն պահպանել անվտանգության պահանջները, որպեսզի մեր երեխաները չզրկվեն իրենց համար այդքան կարևոր ուսումնառությունից։ Չէ՞ որ երեխաները մանկապարտեզ հաճախելով են սովորում շփվել, թիմային խաղեր խաղալ, ինքնուրույնանալ, զարգացնել ստեղծագործ միտքն ու պատրաստվել դպրոցին։ Բոլորս ենք պատասխանատու և բոլորս էլ պարտավոր ենք մեր լուման ներդնել մեր երեխաների ապագայի համար՝ լինի դա դիմակ կրելով, թե՝ ինքնամեկուսացման կանոնները պահպանելով, թե՝ մակերեսները հավուր պատշաճի ախտահանելով»,- ամփոփեց տիկին Հասմիկը։

Անդրեն և ՅՈՒՆՍԻԵՖ-ի աշխատակիցը միասին ծանոթանում են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի մանկական տարբերակին։
UNICEF Armenia/2020/Margaryan

Եկե՛ք այնպես անենք, որ Անդրեն և իր ընկերները շուտ վերադառնան մանկապարտեզ, իսկ նրանց եղբայրներն ու քույրերը՝ դպրոց։ Երեխաներն անգամ պատրաստ են անել իրենց չսիրած բանը՝ ցերեկները քնել մանկապարտեզում։ Մենք էլ կարող ենք անել մեր չսիրածը և ոչ միայն ինքներս մեզ, այլև՝ բոլոր երեխաների և նրանց ապագայի համար։

2020 թ-ի աշնանը ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և գործընկերների՝ «Լիարժեք կյանք» և «Քայլ առ քայլ» կազմակերպությունների հետ համագործակցությամբ Հայաստանի հինգ մարզերում՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Լոռիում, Շիրակում և Տավուշում ավելի քան 355 մանկապարտեզի և նախակրթարանի համար հիգիենայի պարագաներ, ախտահանիչ նյութեր և հակահամաճարակային կանոնների վերաբերյալ պաստառներ է տրամադրել։ Ավելի քան 18,206 երեխա ավելի ապահով ու պաշտպանված կլինի՝ միաժամանակ շարունակելով հաճախել նախադպրոցական հաստատություն և կրթություն ստանալ։ Ընդհանուր առմամբ՝ 124 համայնքների համար մատակարարվել է 661 արկղ հիգիենայի պարագաներ, այդ թվում՝ 14,916 շիշ հեղուկ օճառ, 6,882 շիշ ձեռքերն ախտահանելու նյութ, 500 տուփ ռետինե ձեռնոց (100 հատ), 559 հատ KN95 դիմակ, 15,610 բժշկական դիմակ, 592 զույգ տնտեսական ձեռնոց և 323 ոչ կոնտակտային ջերմաչափ։ Ինչպես նաև մատակարարվել է 678 տարա 5 լիտրանոց ախտահանիչ հեղուկ՝ նախատեսված մակերեսների համար և 4,500 հատ հակահամաճարակային կանոնների վերաբերյալ պաստառ։

«Բոլորիս էլ հայտնի է, որ կրթության հասանելիությունը խնդիր է հատկապես Հայաստանի մարզերում մեծացող երեխաների համար, և որ մանկապարտեզ հաճախող երեխաների մասնաբաժինը փոքր է: Դպրոցական կրթության անցնելու առաջին իսկ օրվանից մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեցած երեխաները հստակ տարբերվում են այդ հնարավորությունը չունեցած երեխաներից։ «Ապագան այսօր» ծրագրի միջոցով մենք ներդրում ենք կատարում՝ հօգուտ ավելի հավասար Հայաստան կառուցելուն՝ ապահովելով, որ Հայաստանում բոլոր երեխաները իրենց ողջ ներուժին հասնելու համար ստանան անհրաժեշտ աջակցությունը և խնամքը։ Այնուամենայնիվ, կցանկանայի շեշտադրել, որ նման ծառայությունների հասանելիությունը կարևոր է նաև ծնողների և հատկապես մայրիկների համար, ովքեր Հայաստանում, մի շարք այլ երկրների նման, այդ բեռը հաճախ միայնակ են կրում իրենց ուսերին։ Հայ կանայք ևս պետք է հնարավորություն ունենան շարունակել կրթությունը, աշխատել, գումար վաստակել, իրենց տաղանդը զարգացնել և նոր հմտություններ ձեռք բերել։ Ես շատ երջանիկ եմ, որ մենք կարողացել ենք աջակցել մանկապարտեզների վաղ վերաբացմանը՝ ապահովելով անվտանգ միջավայր երեխաների, անձնակազմի և ծնողների համար։ Թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում երեխաները և երիտասարդները շատ են տուժել համավարակից, բայց դրանից նաև կանայք և մայրերն են տուժել։ Մենք հիմա պետք է վերստեղծենք այն, ինչ կորցրել ենք, և ես հավատում եմ, որ արագ վերականգնվելու գրավականը կանանց ոտքի կանգնեցնելն է»,- ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

 


Հոդվածը ստեղծվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ապագան այսօր» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ տեսակետները։