ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել են Սյունիքում 30 նախադպրոցական հաստատություների անվտանգ վերաբացմանը
Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Սյունիքում մանկապարտեզ հաճախող 2,079 երեխաներն ու իրենց ընտանիքները կորոնավիրուսից ավելի պաշտպանված կլինեն։
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
2020թ-ի աշնանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր» ծրագրի աշխատակիցները ուղևորվեցին Հայաստանի հարավ՝ Սիսիան, Քաջարան, Գորիս, Տաթև և Մեղրի՝ ծրագիրն իրականացնող գործընկեր «Լիարժեք կյանք» ՀԿ-ին 70 տուփ հիգիենայի պարագաներ տրամադրելու։ Այս իրերը պետք է բաժանվեին Սյունիքի 23 մանկապարտեզներին և 7 նախակրթարաններին, որպեսզի այդ հաստատությունները շարունակեն աշխատել նաև համավարակի ժամանակ։
«Վաղ մանկական խնամքի և կրթական ծառայությունները շատ կարևոր են երեխաների և երիտասարդ ընտանիքների համար: Որպեսզի երեխաները չկորցնեն վաղ մանկական զարգացման փուլի հնարավորությունները և պատրաստ լինեն դպրոցին, մեզ համար շատ կարևոր է աջակցել այս հաստատությունների անվտանգ վերաբացմանը, չնայած համավարակը դեռ չի նահանջել, բայց թեժ պահերի հետ համեմատած՝ ավելի վերահսկելի է», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։
Այցելեցինք Գորիսի թիվ 4 մանկապարտեզ և այնտեղ հանդիպեցինք հինգամյա Սուսաննային և չորսամյա Յանային, ովքեր օգնում էին դաստիարակին դասավորել «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ստացած հիգիենայի պարագաները։ Երեխաներն արդեն անգիր գիտեին համաճարակային կանոնները։ Սուսաննան ցույց էր տալիս, թե մատակարարված հակահամաճարակային պաստառների վրա նշված քայլերից քանիսն է կրկնում ձեռքերն ամեն անգամ լվալիս, և թե ինչպես է պետք դնել դիմակը վարակից պաշտպանվելու համար։
«Ճիշտ է՝ ներառական վաղ մանկական խնամքի և կրթական հաստատությունները չափազանց կարևոր են երեխաների համար, բայց ես չէի ցանկանա թերագնահատել այդ ծառայությունների կարևորությունը ընտանիքների և համայնքների համար։ Կարծում եմ՝ կարող ենք հանգիստ ասել, որ մայրերը, ովքեր երեխաների հիմնական խնամողներն են, շահում են, երբ իրենց երեխաները հաճախում են վստահելի մանկապարտեզներ։ Շատ հետազոտություններ փաստում են, որ այսպիսի ծառայությունների բացակայությունը խոչընդոտում է կանանց՝ հասարակության կյանքին ակտիվ մասնակցությանը և իրենց ուրույն տեղը գրավելուն, կրթություն ստանալուն և վերապատրաստումներին մասնակցելուն, ինչպես նաև խաչընդոտում է տնտեսական հզորացմանը նպաստող նախաձեռնություններին մասնակցությանը»,- ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Հայ կանայք արդեն իսկ շատ բեռ ունեն իրենց ուսերին, իսկ վաղ մանկական խնամքի և կրթական ծառայությունների հասանելիությունը կարևոր խնդիր է հատկապես մարզերում բնակվող ընտանիքների համար։ ԵՄ-ն հաստատակամորեն աջակցում է այս խաչընդոտների վերացմանը և քաջալերում է կանանց՝ զարգացող Հայաստանում ավելի ակտիվ և տեսանելի դերակատարում ունենալ»։
«Երբ մեծանամ, բժիշկ եմ դառնալու։ Տատայի հետ իրա կողքը ըշխատիլու եմ։ Իսկ կիրակի օրերին կգնամ երգիլու: Ես ու Յանան ամբողջ օրը տանը ասալ ենք՝ ուզում ենք կյանք մանկապարտեզ»:
Երբ սեպտեմբերի կեսին նախադպրոցական հաստատությունները Հայաստանում վերաբացվեցին, բոլոր երեխաները չէ, որ կարողացան կրկին մանկապարտեզ հաճախել, քանի որ խմբերում երեխաների թիվը, որպես կանոն, մեծ է, ինչն էլ չի համապատասխանում հակահամաճարակային հաստատված կանոններին։
Գորիսի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Վարդուհի Էլյազյանը նշեց․ «Նորմալ ուսումնական տարվա ընթացքում գրեթե 120 սան ունենք, բայց վերաբացումից հետո ընդամենը 65 սան է հաճախում մանկապարտեզ։ Ստիպված խմբերը փոքրացրել ենք, որպեսզի կարողանանք պահպանել պահանջվող ֆիզիկական հեռավորությունը։ Ընտրել ենք միայն այն երեխաներին, ում ծնողներն աշխատում են կամ դժվարանում են երեխայի խնամքը տանը կազմակերպել։ Եվ որպեսզի մյուսները նույնպես դուրս չմնան, դաստիարակները շաբաթը մի քանի անգամ թվային տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի շնորհիվ երեխաներին ողջույնի խոսք են ուղարկում ու այդ օրվա տնային առաջադրանքն են ներկայացնում, երբեմն էլ հեքիաթ են պատմում՝ այդպիսով փորձելով պահել կապն ու ապահովել, որ երեխաները գոնե մի քանի զարգացնող աշխատանք կկատարեն»։

«Կորոնավիրուսը ստիպեց ուշադրություն դարձնել այնպիսի դետալների, որոնք մինչ այդ չէինք էլ դիտարկում, օրինակ՝ արմունկով բացվող ծորակները, մահճակալների հեռավորությունը։ Այս օրերին կարևորում եմ նաև մանկավարժների վերապատրաստումը։ Վերջին անգամ վերապատրաստում է եղել 7-8 տարի առաջ․ կրկին ՅՈՒՆԻՍԵֆ-ի կողմից էր կազմակերպվել։ Հիմա այնքա՜ն բան է փոխվել։ Վերապատրաստումները խիստ անհրաժեշտ են հատկապես կորոնավիրուսի օրերին աշխատանքների ծավալի մեծացման և բարդացման պատճառով»,- նշեց Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Արմինե Հովակիմյանը և ավելացրեց․ «Սեպտեմբերին մանկապարտեզների վերաբացվելուց առաջ մենք որոշ չափաբաժին ախտահանիչ նյութեր էինք մատակարարել, բայց այս աջակցությունը իսկապես շատ տեղին էր, քանի որ այս նյութերն անընդհատ պետք է լրացվեն, որպեսզի հնարավոր լինի պահպանել հիմնական կանոնները»։
Համայնքապետարանում հանդիպեցինք նաև տիկին Մինասյանի հետ, ով Գորիսի թիվ 5 մանկապարտեզի տնօրենն է։ Այցելեցինք նաև այս մանկապարտեզ, որ չնայած շենքային լուրջ խնդիրներին՝ մաքրությունից փայլում էր։
«Մուտքի մոտ ջերմաչափում ենք երեխային, ախտահանում ենք նրա ձեռքերն ու հետո նոր ներս թողնում՝ առանց ծնողի․ կորոնավիրուսի օրերին ծնողներին շենք մտնել չկա։ Մեզ համար կարևոր է բոլոր երեխաների առողջությունն ու անվտանգությունը։ Բայց կարևոր է նաև, որ երեխաները անվտանգ վայր ունենան, որտեղ կարող են շփվել մյուս երեխաների հետ, կրթվել, երգել, պարել։ Վայր, որտեղ կշարունակեն զարգանալ և կրթվել»։
Երեքամյա Նատալին էլ, որ թիվ 5 մանկապարտեզի միջին խմբում ամենաաշխույժներից էր, հաստատեց տնօրենի խոսքերը։ «Շատ ուրախ եմ, որ եկել եմ պարտեզ, որովհետև ընկեր Արմինեն դաշնամուր է նվագում, իսկ մենք երգում ու պարում ենք»։
Հարցրի՝ ինչ է կորոնավիրուսը, ասաց․ «Կորոնավիրուսը չար բան է, բարի չէ։ Պիտի հեռանա»։ Հարցրի՝ ինչ անենք, որ հեռանա, պատասխանեց․ «Պիտի դիմակ դնել ու լվացվել»։
Արի՛ ու մի համաձայնվիր երգ ու պար սիրող այս խելացի աղջկա հետ:
2020թ-ի աշնանը ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և գործընկերների՝ «Լիարժեք կյանք» և «Քայլ առ քայլ» կազմակերպությունների հետ համագործակցությամբ Հայաստանի հինգ մարզերում՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Լոռիում, Շիրակում և Տավուշում ավելի քան 355 մանկապարտեզի և նախակրթարանի համար հիգիենայի պարագաներ, ախտահանիչ նյութեր և հակահամաճարակային կանոնների վերաբերյալ պաստառներ է տրամադրել։ Ավելի քան 18,206 երեխա ավելի ապահով ու պաշտպանված կլինի՝ միաժամանակ շարունակելով հաճախել նախադպրոցական հաստատություն և կրթություն ստանալ։ Ընդհանուր առմամբ՝ 124 համայնքների համար մատակարարվել է 661 արկղ հիգիենայի պարագաներ, այդ թվում՝ 14,916 շիշ հեղուկ օճառ, 6,882 շիշ ձեռքերն ախտահանելու նյութ, 500 տուփ ռետինե ձեռնոց (100 հատ), 559 հատ KN95 դիմակ, 15,610 բժշկական դիմակ, 592 զույգ տնտեսական ձեռնոց և 323 ոչ կոնտակտային ջերմաչափ։ Ինչպես նաև մատակարարվել է 678 տարա 5 լիտրանոց ախտահանիչ հեղուկ՝ նախատեսված մակերեսների համար և 4,500 հատ հակահամաճարակային կանոնների վերաբերյալ պաստառ։
Հոդվածը ստեղծվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ապագան այսօր» ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ տեսակետները։