Բռնություն. ինչ կարող ես անել այն վերջ դնելու համար

Բռնությունն ընտրություն է և այն հնարավոր է կանխարգելել

Զառա Սարգսյան
Դպրոցի մարզադահլիճում մի խումբ երեխաներ խաղում են միասին, մինչդեռ մի տղա առանձնացած և մեկուսացած նայում է մյուսներին:
UNICEF Armenia/2018/Osipova

08 Հոկտեմբեր 2018

Բռնության և չարաշահման ինը տեսակ կա

1.Ֆիզիկական բռնություն,

2. Սեռական բռնություն,

3. Հուզական բռնություն

4. Հոգեբանական բռնություն

5. Հոգեկան բռնություն

6. Մշակութային բռնություն

7. Վիրավորանք

8. Ֆինանսական բռնություն

9. Արհամարհանք

 

Բռնության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոտեցումը բխում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածից. այն է՝ պաշտպանել երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից, չարաշահումից, հոգատարության բացակայությունից, անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից ու շահագործումից, այդ թվում՝ սեռական չարաշահումից:

 

Ահա՛, թե բռնությունն ինչ հետքեր է թողնում երեխայի վրա

Բռնությունը խաթարում է երեխայի ֆիզիկական, հուզական և սոցիալական զարգացումը:

Բռնության ենթարկված նորածիններն ու փոքրիկ երեխաները հուզական սթրես են ապրում, ինչը կարող է վնասել նրանց ուղեղի բնականոն զարգացումը և դանդաղեցնել ճանաչողական ու զգայական զարգացումը:

Վարքային փոփոխությունները դրսևորվում են նաև ջղագրգիռությամբ, քնի խանգարումներով, հուզական վշտով, միայնակ մնալու վախով, տարիքին ոչ համապատասխան վարքով, զուգարանին վարժվելու դժվարություններով և լեզվական խնդիրներով: Հենց ամենափոքր տարիքում է, որ ուղեղում ձևավորում են հետագա ֆիզիկական ու հուզական զարգացման համար պատասխանատու բջիջները:

Բռնության զոհ դարձած երեխաները, մեծանալով, շարունակում են խնդիրներ ունենալ: Տարրական դպրոցական տարիքի երեխաները հիմնականում ավելի շատ խնդիրներ են ունենում տնային աշխատանքներ կատարելիս, ավելի վատ են կենտրոնանում: Նրանք, որպես կանոն, այդքան էլ լավ չեն սովորում դպրոցում:

Բռնության զոհ դարձած երեխաների ներանձնային և վարքային խնդիրները կարող են վերաճել փսիխոսոմատիկ հիվանդությունների, դեպրեսիայի և նույնիսկ ինքնասպանության միտումներ առաջացնեն:

Հետագա կյանքում այս երեխաներն ավելի են հակված լինում ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործելուն, անչափահաս տարիքում հղիանալուն և հանցագործություն իրականացնելուն, քան բռնությունից զերծ միջավայրում մեծացած երեխաները:

Հետազոտությունները փաստում են, որ երեխաների սոցիալական զարգացումը նույնպես տուժում է: Որոշ երեխաներ կորցնում են մյուսներին կարեկցելու կարողությունն ու զգացմունքայնությունը: Մյուսները մեկուսանում են՝ շփվելու դժվարությունների և թույլատրելին-անթույլատրելիից զատելու անկարողության պատճառով՝ չկարողանալով ընկերներ ձեռք բերել: Շատ հետազոտություններ են փաստում, որ ընտանեկան բռնության զոհ դարձած երեխաներն ավելի ագրեսիվ վարք են ցուցաբերում և երեք անգամ ավելի հավանական է՝ կռիվների մեջ ներգրավվեն:

Մեծ հավանականությամբ սա կարող է վերածվել բռնության ցիկլի՝ ներազդելով նաև ապագա սերունդների վրա

Ընտանիքում բռնության առկայությունն է հիմնականում կանխատեսում, թե ապագայում այդ երեխան կշարունակի բռնության ենթարկվել կամ ինքը բռնարար կդառնա: Երեխաները, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության, շուտ են սովորում, թե ինչպես բռնության միջոցով անձնական հարաբերություններում իշխանություն ձեռք բերել:

Ոչ բոլոր երեխաներն են, իհարկե, զոհ կամ բռնարար դառնալու թակարդն ընկնում: Բռնության զոհ դարձած շատ մեծահասակներ ակտիվ պայքարում են բռնության բոլոր ձևերի դեմ:

Տարբեր տարիքի աշակերտներ շարք են կանգնած. լուսանկարը դիմացից է ֆիքսել երեխաների դեմքերը:
UNICEF Armenia/2018/Osipova
Պաշտպանել երեխային ծնողների, օրինական խնամակալների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից, չարաշահումից, հոգատարության բացակայությունից, անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից ու շահագործումից, այդ թվում՝ սեռական չարաշահումից:

Գործի՛ր հիմա. երեխաների հանդեպ կիրառվող բռնությունը կանխելու 6 քայլ

 

1. Աջակցել ծնողներին, խնամակալներին և ընտանիքներին

Ծնողներին, խնամակալներին և ընտանիքներին վաղ մանկական զարգացման վերաբերյալ տեղեկություններ հաղորդելը մեծացնում են դրական ծնողավարման մեթոդների կիրառման հավանականությունը, ինչը բնականաբար նվազեցնում է ընտանիքում բռնության վտանգը:

2. Օգնել երեխաներին ու դեռահասներին կառավարել ռիսկերն ու մարտահրավերները

Երեխաներին և դեռահասներին պետք է աջակցել հաղթահարել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները՝ առանց բռնություն գործադրելու: Դպրոցում և համայնքներում բռնությունը նվազեցնելու համար չափազանց կարևոր է նաև բռնության ենթարկվելու դեպքում օգնության դիմելը:

3. Փոխել բռնությունը և խտրականությունը քաջալերող սոցիալական նորմերն ու սովորույթները

Բռնությունը կանխելու համար որոշիչ է վերջ դնել այն թաքցնելու, անտեսանելի դարձնելու սովորույթներին ու սոցիալական նորմերին:

4. Երեխաներին անհրաժեշտ ծառայությունների հիմնադրումն ու տրամադրումը

Քաջալերել երեխաներին դիմել մասնագիտական աջակցության և պատմել բռնության դեպքերի մասին՝ նույնպես օգնում են հաղթահարել բռնությունը:

5. Ներդնել երեխաներին պաշտպանող օրենքներ և համապատասխան քաղաքականություն վարել

Երեխաներին պաշտպանող օրենքների ներդրումն ու կիրառումը/պահպանումը հասարակության համար հստակ ազդակ է, որ բռնությունն անընդունելի է ու պատժելի:

6. Վիճակագրության հավաքագրումը և հետազտությունները

Բռնության մասին ամեն ինչ իմանալով՝ որտեղից է գալիս, ինչ ձևեր ունի, որ տարիքային խումբն է ամենաշատը ենթարկվում բռնության և այլն, հնարավոր է կանխարգելման ռազմավարություն ձևավորել և պլանավորել: Դա հնարավորություն է տալիս առաջխաղացումը դիտարկելու թվային և ժամանակային թիրախներ սահմանել և վերջ դնել բռնությանը:

3 հարց երեխաների հանդեպ բռնության մասին

Տեսանյութը սկզբնաղբյուր կայքում
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Երեխաների հանդեպ բռնության հարցերով զբաղվող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խորհրդակցական խմբի նախագահ Բենջամին Փըրքսը պատասխանում է երեք կարևոր հարցի. ի՞նչ ազդեցություն ունի բռնությունը երեխայի վրա, ի՞նչ գին ենք վճարում դրան վերջ չտալով և ի՞նչ կարող է անել ծնողը բռնության շրջանից դուրս գալու համար: