Արվեստ՝ պլաստիկ շշերից ու ցելոֆանե տոպրակներից

Երիտասարդների օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գորիսում արվեստի դաս էր կազմակերպել։ Թեման՝ արվեստ՝ թափոններից։

Ժաննա Ուլիխանյան
20 Օգոստոս 2021

Երիտասարդների միջազգայի օրն է։ Գորիսից և հարակից համայնքերից մի խումբ երիտասարդներ Թթենուտ կանաչ այգում են, հարմար տեղավորվել են դեղին, կանաչ, վարդագույն փափուկ պուֆիկներին և լսում են արվեստագետ Անի Հովակին՝ մեկընդմեջ, լավ, գուցե մի քիչ հաճախ, նրան ընդհատելով։ Տեսնելով կանաչ խոտի վրա դրված մեծ փայտե շերտը, կողքը թափված ներկերն ու վրձինները, իսկ դրա կողքին էլ թափված աղբը՝ պլաստիկ շշեր, ցելոֆանե տոպրակներ, պլաստմասե ձողեր, հասկանում են, որ ինչ որ բան է լինելու, բայց՝ ինչ, չգիտեն ու չեն համբերում՝ իմանան։

Երիտասարդները հավաքվել են այգում և դաս են լսում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Այնպիսի ֆորմատ ենք ընտրել, որ երեխաներն աշխատեն իրար հետ։ Այս վարժության ընթացքում սովորում ենք համագործակցել ու այն, որ մեկի արածն անպայման անդրադառնում է մյուսի վրա և սովորում ենք, որ օգտագործվող նյութերը աղտոտում են բնությունը և դրանք ուղղակի թափել չի կարելի։ Մեր վերջնանպատակը թեմայի մասին խոսելն է, խնդրի մասին տեղեկացնելը, վարքագիծ փոխելը ու բազմաթիվ հմտություններ զարգացնելը․ համագործակցություն, շփում, թիմային աշխատանք և այլն»,-

ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կլիմայի փոփոխության» ծրագրի համակարգողը` Գրիգոր Սիմոնյանը։
Երիտասարդները տոնում են Երիտասարդների միջազգային օրը Գորիսում։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է։ Կլիմայի փոփոխության հետևանքներն ավելի ցայտուն ազդելու են երեխաների վրա։ Հետևաբար, երիտասարդները պետք է մասնակցեն նաև կլիմայի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, ինչի արդյունքում կամ պատճառով հետագայում իրենց կյանքը փոխվելու է։ Հենց դրա համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը։

«Այս ծրագրի շրջանակում մենք աշխատելու ենք կրթության ոլորտի հետ, որպեսզի երեխաներն ունենան գիտելիքներ և գործիքակազմ որոշումներ կայացնելու համար։ Առաջին քայլը, սակայն, տեղեկատվությունն է, որի արդունքում իրենք պետք է փոխեն իրենց վերաբերմունքը, որի արդյունքում էլ իրենք կփոխեն իրենց վարքագիծը»,-

նշեց Վիգեն Շիրվանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կլիմայի փոփոխության» բաժնի ղեկավարը։

Եվ, իսկապես, ծրագիրը բազմամակարդակ է։ Արդեն մշակվել են նյութեր աշակերտների և մանկավարժների համար՝ խրախուսելու կլիմայի փոփոխության մասին քննարկումները։ Նաև մշակվել են նոր կրթական ու առարկայական չափորոշիչներ, որի հիմքում ընկած է 21-րդ դարի հմտությունների զարգացումը և պարտադիր նախագծային աշխատանքը։ Որի ընթացքում աշակերտները պետք է գտնեն խնդիրը, հետո փորձեն այդ հիմնախնդրին լուծում տալ՝ օգտագործելով իրենց ստացած գիտելիքները։ Ստեղծվում է մեկ այլ ձեռնարկ նախագծային աշխատանք իրականացնելու և այն կլիմայի փոփոխության թեմայի շուրջ կազմակերպելու համար։

«Աշխատելու ենք 52 խոշորացված համայնքների և համայնքների երիտասարդների հետ։ Կլիմայական ռիսկերի գնահատման մեխանիզմ ենք ստեղծելու, որպեսզի հասկանանք, կլիմայի փոփոխության հետ կապված ինչ ռիսկեր ունեն տվյալ համայնքները, իսկ հետո, երիտասարդների մասնակցությամբ, միջոցառումներ ենք անցկացնելու այդ ռիսկերը նվազեցնելու համար»,-

մանրամասնեց Վիգեն Շիրվանյանը։

Թթենուտում հավաքված երիտասարդները հաստատ ամեն գործ էլ գլուխ կբերեն; Հիմա՛ էլ խորացած աշխատում են կտավի վրա, ներկում են, ոլորում են ցելոֆաններն ու սոսնձում դրանք կտավին։ Լեռնային Ղարաբաղից Գորիսում հաստատված 12-ամյա քաջ Շուշաննան, որի դեմքին դեղին ներկ էր քսվել, ձեռքին՝ կանաչ, միանգամից ասաց, որ բնությունն աղտոտող մարդն անկուլտուրական է և կիսվեց տպավորություններով։

Աղջնակը ներկում է կտավը։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Առաջին անգամ էի այսպիսի մի բան պատրաստում։ Զարմացա, որ այսքան թափոններից արվեստի նմուշ կարելի էր ստանալ, այն էլ գեղեցիկ մի բան։ Որոշել եմ դառնալ ֆուտբոլիստ-դիզայներ։ Հիմա արդեն խաղում եմ աղջիկների թիմում, մասնակցում եմ մրցույթներին։ Իսկ երբ դիզայներ դառնամ, անպայման այսօրվա դասը կհիշեմ, և այն, որ ամեն մի տարօրինակ բանից կարելի է գեղեցիկ իր ստանալ»։

«Ի՞նչ է անում բնությունը պահպանելու համար» հարցին պարզ ճշմարտություն ասաց․

«Նախ, չեմ աղտոտում, երբեք ոչինչ հատակին չեմ գցել։ Տանն էլ ծաղիկներ ունեմ, խնամում եմ, ջրում»։

Արամը ներկում է կտավը։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

11-ամյա Արամն էլ, որ նկարիչ է դառնալու և շատ ջանասիրաբար կապույտով էր ներկում կտավի բաց մասերը, ասաց, որ սա թեև իր առաջին նման փորձառությունը չէր, քանի որ տանը մի քանի անգամ շշերի կափարիչներից մեքենա է պատրաստել, բայց այսքան մեծ կոլաժ դեռ չէր պատրաստել։

«Մի լավ միտք ունեմ․ գնամ տուն, մի սիրուն ու մեծ բան էլ ես կպատրաստեմ։ Մենք տանը լիքը շշեր ենք հավաքում, քանի որ մեր բակ մեքենաներ են գալիս դրանք տանելու։ Մի մեծ պարկ կվերցնեմ ու Էյֆելյան աշտարակի նման բարձր մի աշտարակ կկառուցեմ ու կներկեմ»։

«Պապիկիս հետ միասին աշտարակը կտեղադրենք բակում ու հարևաններին էլ ցույց կտամ, որ պլաստիկը աղբ չէ, թափոն է»,-

շարունակեց Արմանը։
Դեռահաս աղջիկն ու տղան կտրում եմ կարմիր լենտ
UNICEF Armenia/2022/Galstyan

Մի քիչ էլ ու արդեն պարզ կդառնա, թե ինչ կոլաժ են պատրաստում երեխաները։ Մինչ այդ Անին զրուցում է երեխաների հետ շատ անմիջական ու շատ անկեղծորեն․

«Սա միայն բնապահպանական հաղորդագրություն չէ իր մեջ պարունակում, այլ նաև այն, որ պետք է կարողանալ տեսնել գեղեցիկը տգեղի մեջ։ Պետք է հասցնել նրան, որ բնության օգնելը դառնա մարդու մոտ ավտոմատ մի բան։ Ոչ թե անընդհատ սովորեցնես մարդուն, անընդհատ նախատես, այլ մարդը պետք է ծնվի՝ արդեն իմանալով, որ պետք է շատ զգույժ ու քնքշանքով վերաբերվել բնությանը, շատ ուշադիր, վախենալով կորցնել»։

Հասմիկ Ալեքսանյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Այս անցումային տարիքը, որտեղից կամ այսկողմ կամ այնկողմ կարող են երեխաները շարժվել, շատ կարևոր է բաց չթողնելը։ Սա շատ մի կարևոր տարիք է՝ զարգացնելու, լցնելու, խոսելու, բացելու, թևեր տալու։ Ու այստեղ կարևոր են բոլոր դերակատարները՝ ծնողները, ուսուցիչները, ընկերները։ Մեր երտասարդները հետաքրրված են բնության պահպանմամբ, նրանք նկատում են իրենց շրջապատի ու համայնքի կլիմայական խնդիրները։ Նրանց կարծիքի հետ պետք է հաշվի նստենք ու միայն աջակցենք»,-

հավելեց Հասմիկ Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդական ծրագրի ղեկավարը։
Երիտասարդները թափոններից պատրաստում են նկար։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

«Պետք է հասկանանք, որ տնից դուրս չկա։ Երկիրը հենց տունն է ու տնից դուրս ու ներս չկա։ Տնից դուրս կատարվողն անպայման անդրադառնալու է մեր փոքր տան ննջասենյակի վրա։ Պետք է գիտակցենք, որ տունը շատ ավելի մեծ է, և բնությունը միայն ռեսուրս չէ կյանքի որակը բարելավելու համար, այլ մեր տան անդամն է՝ իր բազմազան ու կենսատու ֆունկցիայով»,-օրն ամփոփեց Գրիգոր Սիմանոյանը։

Երիտասարդները թափոններից պատրաստել են նկար Գորիսում՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
UNICEF Armenia/2021/Biayna Mahari

Եվ այսօր Գորիսում երիտասարդների ստեղծած կապույտ թռչունն օրվա տրամադրության նման խորն ու երփներանգ է՝ համահունչ իր խորհրդանշին՝ հույսի, սիրո, նորի և նորովի ապրելու խոհրդանշին։