Առցանց տիրույթում հոգեկան առողջությունը բարելավելու 5 եղանակ

Խորհուրդներ, թե ինչպես հոգ տանել ինքդ քեզ և այլոց մասին

ՅՈՒՆԻՍԵՖ
Դեռահաս աղջնակը համակարգչով աշխատում է։
UNICEF Armenia/2021/Hieroglyph
08 Փետրվար 2022

Առցանց միջավայրը կարող է ընձեռել բազմաթիվ հիանալի հնարավորություններ՝ հաղորդակցվելու, սովորելու և կիսվելու այն ամենով, ինչ կարևոր է քեզ համար, բայց այն նաև մարտահրավերներ է բերում:

Եթե հաղորդակցման սոցիալական միջոցները կամ համացանցը երբեմն ճնշվածության, նախանձի, միայնության կամ ցածր ինքնագնահատականի ու տագնապի զգացողություններ են առաջացնում, ապա իմացի՛ր, որ դու միայնակ չես:

Ահա հինգ խորհուրդ, թե ինչպես կարող ես հոգ տանել քո հոգեկան առողջության մասին և շարունակել մնալ բարյացակամ առցանց տիրույթում:

1. Խուսափի՛ր բացասական լուրերից

Ուշադրությո՛ւն դարձրու, թե հաղորդակցման սոցիալական միջոցները և առցանց նյութերն ինչպես են ազդում քո հույզերի, մտքերի կամ գործողությունների վրա: Ի՞նչ զգացողություններ են դրանք առաջացնում քո մեջ: Լուրեր կարդալը ավելի շատ տեղեկացված լինելո՞ւ, թե՞ ճնշվածության զգացողություն է պատճառում: Ընկերներիդ մասնակցությամբ երեկույթի ժամանակ արված լուսանկարներ դիտելիս լա՞վ ես զգում, թե՞ նախանձով ես լցվում: Առավոտյան որպես առաջին գործ հեռախոսը հրատապ լուրերին ծանոթանալու համա՞ր ես փորփրում, թե՞ պարզապես սովորության համաձայն:

Եթե պարզես, թե ինչի համար ես մտնում առցանց տիրույթ, և թե դա ինչ զգացողություններ է առաջ բերում քո մեջ, դա կարող է օգնել, որ սահմանափակես այն ժամանակը, որ անցկացնում ես սոցիալական ցանցերում կամ այլ հավելվածներում: Թեև միշտ չէ, որ քո հույզերի վրա դիտավորությամբ կամ առանց դիտավորության բացասաբար ազդող էջերին չհետևելը կամ նման անձանց դեմ բողոքելը իրատեսական է, դու կարող ես փորձել անջատել կամ սահմանափակել ստացվող նյութերը այն օգտահաշիվներից, որոնց պատճառով վատ ես զգում: Կարևոր է հիշել, որ առցանց տիրույթում տեսած ամեն ինչ չէ, որ իրական է, եթե անգամ դրանք ստացել ես ընկերներիցդ, իսկ, ա՛յ, քեզ վրա դրանց ազդեցությունը միանգամայն իրական է:

 

2. Եղի՛ր շրջահայաց

Գոյություն ունեն ահռելի ծավալի առցանց գործիքներ ու նյութեր, որոնք կարող են օգնել հոգեկան առողջությանն ու բարեկեցությանն առնչվող հարցերում: Խորհրդածելու մղող հավելվածներից, որոնք կօգնեն քեզ հանգստանալու և կենտրոնանալու, մինչև հարթակներ, որոնք կնպաստեն սեփական ինքնության ու ես-ի ձևավորմանը, միացե՛ք և աջակցե՛ք միմյանց: Գոյություն ունեն բազմաթիվ հրաշալի առցանց ուսումնական գործիքներ, որոնց օգնությամբ կարող ես նոր բաներ փորձել, օրինակ՝ նկարչություն կամ յոգա, կամ ճանաչողական և ստեղծարար նոր հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև առցանց դասեր, որոնք կօգնեն քեզ լիցքաթափվելու և առողջ լինելու:

Փորձի՛ր գտնել դրական և խթանող նյութեր, հետևի՛ր այդպիսի նյութեր տեղադրողներին, օրինակ՝ մարզիկների, երգիչների, տանը պատրաստող խոհարարների, հեղինակների և երիտասարդների, որոնք խոսում են իրենց համար կարևոր թեմաների շուրջ: Հիշի՛ր, որ համացանցից ու սոցիալական մեդիայից կարող ես նաև օգտվել հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական օգնություն և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար:

 

3. Առցանց տիրույթում պաշտպանի՛ր ինքդ քեզ և ուրիշներին

Ստուգի՛ր սոցիալական մեդիայում քո անձնական տվյալների պաշտպանության կարգավորումները: Փակի՛ր ցանցային տեսախցիկներդ, երբ դրանցից չես օգտվում: Առցանց հավելվածների և ծառայությունների բաժանորդագրվելիս եղի՛ր ուշադիր, հատկապես, երբ տրամադրում ես լրիվ անունդ, հասցեդ կամ լուսանկարդ: Եթե մտահոգվել ես առցանց տիրույթում տեսած կամ պատահած ինչ-որ երևույթի պատճառով, ապա խոսի՛ր վստահելի մեծահասակի, օրինակ՝ ծնողի կամ ուսուցչի հետ, հայտնի՛ր տվյալ հարթակում տեղի ունեցած դեպքի մասին (չմոռանաս, որպես ապացույց, պահպանել էկրանի պատկերը (սքրինշոթը)) և փնտրի՛ր քո երկրում առկա վստահության հեռախոսահամարներ և հոգեկան առողջության ծառայությունների տվյալներ՝ հավելյալ աջակցություն ստանալու համար:

Դու կարող ես օգնել նաև ուրիշներին՝ ուշադիր լինելով առցանց տիրույթում նրանց հետ տեղի ունեցող երևույթների նկատմամբ՝ նկատելով այն նախանշանները, որոնք հուշում են, որ դասընկերդ, ընկերդ կամ նույնիսկ անծանոթ մեկը մտահոգված է, և օգնել նրան՝ ստանալու անհրաժեշտ աջակցությունը:

Բառերը կարևոր են, և կարևոր է լրջորեն մտածել այն ամենի մասին, թե ինչ ենք տարածում առցանց տիրույթում:

4. Եղի՛ր բարեհոգի

Սոցիալական մեդիան կիրառի՛ր օգուտ բերելու համար՝ ընկերներին, ընտանիքին ու դասընկերներին ուղարկելով դրական և աջակցող նյութեր ու հաղորդագրություններ: Օրինակ՝ կարող ես կապ հաստատել ինչ-որ մեկի հետ և ասել, որ մտածում ես նրա մասին, կամ դրական մեկնաբանություն ավելացնել նրա հրապարակած գրառմանը: Եթե զգում ես, որ արձագանքդ, հաղորդագրությունդ կամ տեղադրելիք նյութդ բացասական բնույթի է, ապա դադա՛ր առ և մտածի՛ր՝ կարո՞ղ ես վերաձևակերպել այն կամ էլ զրույցը շարունակել առերես: Եթե տեսնում կամ ստանում ես հաղորդագրություններ կամ նյութեր, որոնք դու բուլիինգ կամ չարաշահում ես համարում, ապա կարող ես արգելափակել դրանք և հայտնել դրանց մասին: Բառերը կարևոր են, և պետք է լրջորեն մտածել այն ամենի մասին, թե ինչ ենք տարածում առցանց տիրույթում: Բոլորս ի զորու ենք լինելու բարի և լավ օր պարգևելու ինչ-որ մեկին, և ուրեմն եկե՛ք տարածենք սեր, ոչ թե ատելություն:

 

5. Մնա՛ և շփվի՛ր իրական կյանքում

Առցանց և ցանցից դուրս աշխարհների միջև սահմանագծերը գնալով կարող են ավելի անորոշ դառնալ, ինչը դժվարացնում է ապրել ներկայով և բավարարել մարդկային շփման մեր բնածին կարիքը: Երբևէ պատահե՞լ է, որ ընդհատես զբաղմունքդ, որպեսզի այդ մասին տեղեկացնես սոցիալական ցանցերում, կամ ընկերոջդ զանգահարելու կամ նրա հետ հանդիպելու փոխարեն փորփրես նրա տեղադրած պատմությունները (սթորիները)՝ իմանալու, թե ինչպես է նա: Կարևոր է փորձել և ժամանակ առ ժամանակ դադար առնել սոցիալական ցանցերից և ժամանակ անցկացնել ընկերներիդ ու ընտանիքիդ հետ իրական կյանքում, եթե, իհարկե, դա անելն ապահով է:

Փորձի՛ր սահմանել իրատեսական անձնական նպատակներ, օրինակ՝ օրվա առաջին ժամվա ընթացքում կամ քնելուց առաջ չվերցնել հեռախոսը կամ չմիանալ համացանցին (դա վատնում է քո էներգիան և ընտելացնում է քեզ կլանելու չճշտված տեղեկություններ): Այնպիսի գործողությունները, ինչպիսիք են խորհրդածելը, զբոսանքի գնալը կամ ընկերոջը զանգահարելը ևս խթանիչ ազդեցություն կարող են ունենալ, բայց նաև կօգնեն քեզ ավելի կենտրոնացած և լիցքաթափված զգալու: