Առաջին հայացքն ենք նետում Վարդենիսի առաջին ներառական խաղահրապարակին

ԱԿԲԱ բանկը, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամն աշխատում են միասին՝ Վարդենիսում երեխաներին հարմարեցված և ներառական անկյուն հիմնելու համար:

Զառա Սարգսյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը հանդիպում է Վարդենիսի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հենց քաղաքային այգում, որպեսզի կատարվեն ներառական խաղահրապարակին վերաբերող վերջին ճշտումները։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan
13 Հուլիս 2020

Չնայած Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված դժվարություններին և խոչընդոտներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱԿԲԱ բանկն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում են աշխատել՝ Վարդենիսի երեխաներին տրված խոստումը կյանքի կոչելու համար։

Այս բարդ ժամանակաշրջանում գործընկերներն արդեն հասցրել են հանդիպել Գեղարքունիքի տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև Վարդենիսի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկելով քաղաքի առաջին ներառական խաղահրապարակի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

Վարդենիսի հանրային այգում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը քաղաքապետարանի ներկայացուցչի հետ քննարկում է կառուցվելիք ներառական խաղահրապարակին վերաբերող մանրամասները։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել Վարդենիսի քաղաքապետարանի հետ խաղահրապարակը Վիկտոր Համբարձումյանի անվան քաղաքային զբոսայգում հիմնելու համար։ Զբոսայգին Վարդենիսի մի փոքրիկ հատվածն է կազմում, որն այժմ երեխաների խաղի համար համապատասխան տարածք չունի։ Զբոսայգին ավելի շատ խնամքի և ներդրումների կարիք ունի, որպեսզի կանաչ տարածքն ավելանա և հյուրընկալի հաշմանդամություն ունեցող և չունեցող բոլոր երեխաներին:

Հունիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել է խաղահրապարակի դիզայնի և տեղադրման հետ կապված մանրամասները Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և համայնքապետարանի զարգացման ծրագրերի գլխավոր մասնագետ Աստղիկ Մովսիսյանի հետ։ Իրականացվել են չափագրումներն ու հաստատվել է խաղահրապարակի տեղադրման կոնկրետ վայրը։

Վարդենիսի ներառական խաղահրապարակի գծապատկերը։
UNICEF Armenia

Հուլիսին արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները: Նախագծի համաձայն, խաղահրապարակը ունենալու է խաղային յոթ առանցին հատվածքներ, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները կարող են խաղալ միասին՝ զարգացնելով ընդհանուր մոտորիկան, շփվելու կարողությունը, հարստացնելու հուզական աշխարհը, ինչպես նաև կկարողանան հաշվել սովորել, տարանջատել գույներն ու երկրաչափական մարմինները։

Վարդենիսում բնակվում է շուրջ 3000 երեխա և շատ շուտով նրանք իրենց զբոսայգով հպարտանալու առիթ կունենան։