Աջակցում ենք պարետատան հաղորդակցությանը համավարակի շուրջ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի մյուս գործակալությունները ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի գլխավորությամբ աջակցում են պարետատան հաղորդակցությանը համավարակի շուրջ

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Վերջին օրերին՝ արտակարգ դրության փոփոխություններին զուգահեռ մարդիկ սկսել են կրկին հանդիպել ընկերների հետ ու նույն կյանքը վարել, ինչ վարում էին կորոնավիրուսից առաջ։ Տեսանյութում ներկայացվում են այն հիմնական քայլեը, որոնք կօգնեն պաշտպանել ձեզ և ձեզ շրջապատողներին վարակից։
Շատ ծնողներ չեն կարող աշխատել տնից․ նրանք ստիպված են աշխատանքի գնալ։ Եվ բնականաբար շատեր պետք է օգտվեն հասարակական տրանսպորտից։ Տեսանյութում մի քանի հիմնական կանոններ են, որոնց պետք է հետևել ձեզ և ձեր գործընկերներին պաշտպանելու համար։
Հաջորդ տեսանյութում դեղագետ Զովանուշ Սիմոնյանը պատմում է կորոնավիրուսի համավարակի օրերին իր աշխատանքի մասին։ Նա ջանք ու եռանդ չի խնայում հաճախորդներին կանոնների մասին հիշեցնելու և դրանք պարզաբանելու համար։ Տիկին Սիմոնյանը համոզված է, որ կարող ենք հաղթահարել այս համավարակը, եթե բոլորս միասին պահպանենք կանոնները։ Տեսանյութում նա նաև ներկայացնում է, թե ինչպես տնային պայմաններում ալկոգել պատրաստել։
Իսկ այս տեսանյութերը պատմում են չորս կանանց մասին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և ապաքինվել մարտ-ապրիլ ամիսների ընթացքում։
Լիլիթը 42 տարեկան է։ Վարակվել է արտասահմանում ճամփորդության ժամանակ։ «Որ ասեցին առավոտյան, որ էդ վիրուսով եմ վարակված, չէի ուզում հավատալ, ահավոր էր, ես մտածում էի՝ ես կարող է էլ չլավանամ»,- պատմում է նա։ Նրա ամբողջական ապաքինումը մեկ ամիս է տևել։ Լիլիթը նշում է, որ այդ ընթացքում նրան հոգեբանական աջակցություն էր անհրաժեշտ։ «Հիմա ես ուրիշ աչքերով եմ նայում, գնահատում եմ ամեն մի օրը։ Փրկեցին ինձ, ես նորից ծնվեցի»,-եզրափակեց նա։
Կարինեն Երևանում բուժհաստատություն է տեղափոխվել բավական բարդ առողջական խնդիրներով։ Նա հիվանդանոցում ստացած հոգեբանական և բժշկական աջակցությունը շատ բարձր է գնահատում։ Կարինեն աշխարհում իրեն ամենաերջանիկն է զգացել, երբ թեստը բացասական լինելուց հետո հնարավոր է դարձել նորից տեսնվել իր երեխաների հետ։ «Գնահատելով այսօրվա օրը՝ ամեն մի օր, ամեն մի ժամ, ամեն մի վայրկյան հետևեք բոլոր կանոններին»,-հորդորում է նա։
Գոհարը 61 տարեկան է։ Նա ապրում է Երևանին մոտ գտնվող Չարենցավան քաղաքում։ Մարտի սկզբին նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, իսկ նրա բարեկամների մոտ վարակն ավելի վաղ էր ախտորոշվել։ Ինքնամեկուսացման օրերին մտածել է միայն իր վեց երեխաների առողջության մասին։ «Վա՜յ, պետք է տեսնեիք իմ վիճակը, ո՜նց էի արտասվում ուրախությունից, որ ես լավ եմ ու վերադառնում եմ տուն», - վերապրում է Գոհարը։
Անժելան ապրում է Մասիսի շրջանի Հայանիստ գյուղում։ Նա դերձակ էր աշխատում կարի ֆաբրիկայում, երբ վարակվեց կորոնավիրուսով։ Երբ մարտին ախտորոշումը հաստատվեց, նա ինքնամեկուսացվեց։ Պատմում է հիվանդանոցում անցկացրած օրերի մասին։ «Ոչ մեկը երաշխավորված չի, ինչ որ ասում են հայտարարություններում, էդքան բանի մեջ մնանք, ինձ թվում է, կհաղթահարենք»։
Միասին մենք կարող ենք չեզոքացնել վարակը, եթե հետևենք պարետատան կանոններին։
ԿԶՆ ազգային նորարարարական կենտրոնի գլխավորությամբ 2020թ․ ապրիլին ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակին և ՄԱԿ-ի մյուս գործակալություններին՝ համատեղ ուժերով աջակցելու պարետատանը՝ կորոնավիրուսի համավարակի շուրջ մարդկանց վարքագծի և անհատական որոշումների վրա ազդող հաղորդագրություններ ստեղծելու և տարածելու հարցում։
Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, և այս տեսանյութերը նպատակ ունեն՝ հիշեցնել հանրությանը կորոնավիրուսի վտանգների մասին և խրախուսել մարդկանց կանխարգելել վարակի հետագա տարածումը՝ պահպանելով ֆիզիկական հեռավորության, ձեռքերի ճիշտ ու հաճախակի լվացման, անհատական պաշտպանության իրերի՝ դիմակներ, ձեռնոցներ կրելու կանոնները և, իհարկե, խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։ Միասին մենք կարող ենք չեզոքացնել վարակը։
Ստորև ներկայացված նոր տեսանյութերը պատկերավոր ներկայացնում են, թե որքան հեշտությամբ է վարակը տարածվում, երբ մենք խստիվ չենք հետևում կանոններին ամենուրեք՝ տանը, համայնքում և աշխատավայրում։
Ձեզ և ձեր ընտանիքին վտանգի տակ կարող է դնել նույնիսկ բակում խաղացող ձեր երեխան։ Ահա այն հիմնական կանոնները, որոնց պետք է հետևել խաղահրապարակում և տանը վարակից խուսափելու համար։