Աջակցելով սոցիալական աշխատողներին խոցելի իրավիճակում հայտնված ընտանիքների կարիքներին արձագանքելիս

Միասնական սոցիալական ծառայության ավելի քան 600 սոցիալական աշխատողներ վերապատրաստվել են:

Գայանե Մկրտչյան
29 Հուլիս 2022

2010 թվականից սկսած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներդնելու ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Հիմնական շեշտը դրվել է անձի համալիր կարիքների գնահատման վրա: Այդ կարիքներից ելնելով՝ պետք է ինտեգրված համալիր փաթեթ տրամադրել անձին, որպեսզի անձը և ընտանիքը դուրս գան կյանքի դժվարին իրավիճակից։ Այդ բարեփոխման հիմքում սոցիալական աշխատողն է և սոցիալական աշխատանքի ընդհանրական համակարգը: ԻՍԾ բարեփոխումը նոր փուլ է մտել 2021թ-ի ապրիլին, երբ հինվել է Միասնական սոցիալական ծառայությունը: 2022թ-ին շեշտը դրվել է սոցիալական աշխատողների վերապատրաստման վրա, որն իրականացվել է երկու ձևաչափով՝ սոցիալական աշխատանք մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց բուն սոց աշխատողների համար և ներածական դասընթացներ ավելի ընդլայնված կազմով աշխատակցիների համար:

Արմենուհի Հովակիմյան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար:
UNICEF Armenia/2021/Galstyan

«Ներածական դասընթացներին և հատուկ ուսուցմանը մասնակցել են Միասնական սոցիալական ծառայության 49 մարզային կենտրոնների 600-ից ավելի սոցիալական աշխատողներ, վերապատրաստվել են մոտ 100 տնօրեններ, ընդունարանի 300-ից ավել աշխատակիցներ։ Թիրախավորել էինք ոչ միայն սոցիալական աշխատողներին, այլ նաև կենտրոնների տնօրեններին, զբաղվածության, ընդունարանի աշխատակիցներին, որպեսզի իրենք էլ տեղյակ լինեն թե այս բոլոր ուղղություններով ինչպիսի բարեփոխումներ են ընթանում և թե ինչպես պետք է կազմակերպվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համալիր աջակցությունը»,-

մանրամասնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը:

«Սոցիալական աշխատողները այն առաջին օղակն են, ովքեր առնչվում են խոցելի վիճակում հայտնված երեխաների և ընտանիքների հետ, իրենք են հայտնաբերում, գնահատում ու բացահայտում կարիքները և իրենց միջոցով են արդեն տրամադրվում ծառայություններ, աջակցություն այդ ընտանիքներին: Լիահույս ենք ու վստահ, որ այս վերապատրաստումները կօգնեն այս աջակցությունն ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ իրականացնել»,- հավելում է Հովակիմյանը:

Ամասիայի ՄՍԾ տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Նաիրա Հակոբյանը նշում է. դասընթացների շնորհիվ իրենց աշխատանքում նոր մեթոդաբանություն ու գործիքակազմ է ներդրվում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է սոցիալական աշխատողներին:
UNICEF Armenia/2022/Margaryan
Նաիրա Հակոբյանը՝ աջից:

«Երբ տեսականորեն ես կարդում, այլ բան է, բայց երբ շփվում ես մասնագետի հետ, այդ պահին քո լսածի վերաբերյալ հարց ես տալիս, պատասխան ստանում օրինակների տեսքով, ստացածդ գիտելիքը լրիվ ամրապնդվում է: Դրա համար էլ այնպես ենք կազմակերպում, որ ծառայության բոլոր աշխատակիցները հասցնեն մասնակցել այս դասընթացներին»,-

ասում է Նաիրա Հակոբյանը:

«Այսքան նյութեր կարդալուց, այսքան մասնագետների լսելուց ու այսքան գիտելիքներ ստանալուց հետո, ավելի է հեշտանալու մեր շփումը շահառուների հետ։ Եթե մինչև այժմ ինչ որ տեղ սխալ կամ թերի ենք աշխատել, հիմա զգում ենք նախկինում մեր թույլ տված սխալները, տարբերությունը։ Այդ պատճառով իսկապես շատ շնորհակալ ենք, որ այս հնարավորությունը ընձեռվեց: Հայաստանում աշխատանքի հետ մեկտեղ երկրորդ կրթություն ստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց ստացվեց, քանի որ համ անվճար էր համ էլ առկա չէր»,-

ասաց ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Անահիտ Աբգարյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է սոցիալական աշխատողներին:
UNICEF Armenia/2022/Margaryan
Անահիտ Աբգարյանը՝ մեջտեղում:

Նա հավելեց, որ վերապատրաստումից հետո այլ կերպ է պատկերացնում իր աշխատանքը: «Ես հասկանում ու կիսում եմ շահառուի հոգսը և հաճախ այդ հոգսը ինձ հետ տուն էի տանում, բայց դասընթացների ընփացքում սովորեցրին, որ այդ հոգսերը պետք է թողնել աշխատավայրում ու նոր գնալ տուն, որպեսզի կարողանանք խուսափել մոխրացումից և կարողանանք ավելի պրոֆեսիոնալ իրականացնել այս դժվար աշխատանքը», - ասում է Աբգարյանը։

2021 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում հիմնվել է Միասնական սոցիալական ծառայությունը` 1 պատուհան սկզբունքով, մեկ գրասենյակի միջոցով: «Ստեղծվել է նախարարությանը կից մարմին` ՄՍԾ, իր 49 տարածքային կենտրոններով: Այն իր մեջ ներառում է սոցիալական պաշտպանության չորս հիմնական ուղղություններ` սոցիալական ապահովություն, դա կենսաթոշակների վճարումն է, սոցիալական աջակցություն, դա նպաստներ են և տարատեսակ ծառայությունները, անձի ֆունկցիոնալության գնահատում, ինչպես նաև ակտիվ զբաղվածության ծրագրերի իրականացում»,- բացատրում է Արմենուհի Հովակիմյանը։

«Կառույցը դեռևս վերաձևավորման փուլում է, դեռ կադրային խնդիրներ ունենք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի համագործակցության նպատակը ՄՍԾ աշխատողներին վերապատրաստելն ու նրանց կարողությունները զարգացնելն է: Սա խիստ կարևոր է նաև որովհետև ըստ Սոցիալական աջակցության մասին օրենքի` սոցիալական աշխատանք կարող են իրականացնել սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ստացած մարդիկ, կամ այլ բարձրագույն կրթություն ստացած մարդիկ, ովքեր վերջին մեկ տարում աշխատել են այդ ոլորտում և անցել են հատուկ ուսուցման դասընթաց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացրած սոցիալական աշխատանք մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի շնորհիվ 79 մասնակիցներ ստացել են սոցիալական աշխատողի վկայականներ», - մանրամասնեց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը:

Հատուկ ուսուցման դասընթացը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում՝ տեսական մասում 234 ակադեմիական ժամում յուրացվում է 22 թեմա: Տեսականին հաջորդում է պրակտիկ փուլը, որն իր մեջ պարունակում է սուպերվիզիայի տարրեր։ Մասնակիցներն այս փուլի ընթացքում ունեցել են և՛ առցանց, և՛ դեմ առ դեմ հանդիպումներ, դեպքի քննարկումներ պրակտիկայի ղեկավարների հետ։ Երրորդ փուլում իրականացվում է գիտելիքների գնահատում և ավարտական վկայականների տրամադրում:

ՄՍԾ Արթիկի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Էդգար Բզնունին մասնակցել է թե՛ ներածական դասընթացներին, թե՛ հատուկ ուուցմանը։ Նա կարծում է, որ սոցիալական աջակցության և սոցիալական պաշտպանության ոլորտը պաբերաբար մասնագետից պահանջում է գիտելիքների ու հմտությունների թարմացում, և նման դասընթացները տեղին են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է սոցիալական աշխատողներին:
UNICEF Armenia/2022/Margaryan

«Տարածքային կենտրոնների բոլոր սոցիալական աշխատողները վերապաստրաստվեցին ու ստացան մասնագիտացում, իսկ դա միայն նպաստելու է շահառուների խնդիրների արդյունավետ լուծմանը, քանի որ հիմնախնդիրները տարաբնույթ են, և ՄՍԾ դիմում եմ տարբեր բարդ իրավիճակներին բախված մարդիկ»,-

ասում է Էդգար Բզնունին։

Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Անի Չիլինգարյանը նշում է, որ ՄՍԾ ստեղծման նախապայմաններից մեկը նաև աշխատակազմի վերապատրաստումն էր, մասնագիտացված աշխատակիցներով համալրումը։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ծրագիրը, որն իրականացվեց նախարարության և ինստիտուտի ջանքերով իրականում մեծ ներդրում էր ծառայության աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման գործում: Ծառայության աշխատակիցները հնարավորություն ստացան անվճար մասնակցել հատուկ դասընթացի և ունենալ սոցիալական աշխատողի վկայական»,-

ասում է Անի Չիլիգարյանը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է սոցիալական աշխատողներին:
UNICEF Armenia/2022/Margaryan

«Վերապատրաստումների այս փուլն ամբողջական սոցիալական ծառայության համակարգի վերափոխման ճանապարհին կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց դեռ շատ անելիքներ կան. ներկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ վերանայում ենք սոցիալական աջակցության օրենքը, նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարությունն ենք մշակում», - ամփոփեց Արմենուհի Հովակիմյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել և նպաստել Հայաստանում իտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարի կայացմանը, որպեսզի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձինք ստանան այն աջակցությունը, որ կօգնի նրանց դուրս գալ այդ իրավիճակից, որպեսզի ոչ միայն ոչ մի երեխա և ընտանիք դուրս չմնա աջակցության համակարգից, այլև որպեսզի այդ ընտանիքներին ժամանակին տրամադրվեն անհրաժեշտ որակյալ համալիր ծառայությունները:


Նախաձեռնությունը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի 6 կառույցների կողմից համատեղ իրականացվող և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության ֆոնդի կողմից ֆինանսավորվող «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում: