Այս ճգնաժամային իրավիճակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի երեխաների կողքին է
Մեր առաջնային մտահոգությունը երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությունն է:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ մոտ 30,000 երեխա, տեղահանվել է և հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։ Այս ճգնաժամային պայմաններում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնային մտահոգությունը այս երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությունն է, որոնց առջև ծառացել են տեղահանման հետ կապված բազում մարտահրավերներ::
Այս ճգնաժամը տեղի ունեցավ տարածաշրջանի երեխաների ու նրանց ընտանիqների համար ամիսներ շարունակ վատթարացող պայմանների ֆոնին: Հայաստանում ապաստանած երեխաներից շատերին անհրաժեշտ է հրատապ ցուցաբերել հոգեսոցիալական աջակցություն, նրանց համար ապահովել առողջապահական և պաշտպանության ծառայությունների հասանելիությունը:
Երեխաների և նրանց ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է ՀՀ կառավարության հետ՝ առաջարկելով հոգեբանական առաջին օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն, երեխաների պաշտպանության դեպքերի վարում, հագուստի վաուչերներ և մանկաբուժական ծառայությունների մոբիլիզացում:
Գորիս քաղաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնել է ապահով անկյուն, որն օրական կարող է սպասարկել երեք հարյուր երեխաների՝ ծնողների հետ միասին: Այս վայրում երեխաները կարող են խաղալ, մայրերը՝ կրծքով կերակրել իրենց փոքրիկներին և անհրաժեշտության դեպքում դիմել մանկաբույժին: Նման կենտրոններ հիմնվելու են նաև այլ համայնքներում:
Առողջապահության ոլորտի մեր գործընկերներին մենք նաև բժշկական պարագաներ և դեղորայք ենք տրամադրել՝ ապահովելով, որ դրանք հասանելի լինեն այն բուժհաստատություններում, որտեղ բազմաթիվ տեղահանված մարդիկ են հաստատվել: Հիգիենան առաջնահերթ է. Գորիսում և Վայքում հումանիտար կենտրոնների մոտ տեղադրվել են 15 շարժական բիոզուգարաններ:
Երևանի համակարգման կենտրոնում գրանցված հարյուր ընտանիքի համար հիգիենայի փաթեթներ են մատակարարվել: Առաջիկայում ավելի շատ պարագաներ են մատակարարվելու՝ աջակցելու տղահանված երեխաներին և ընտանիքներին:
Երբ ամենուրեք անորոշությունն է տիրում, երբ բազմաթիվ ընտանիքների բաժին է ընկել երկարաժամկետ տեղահանումը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ ապահովելու, որ փախստական երեխաները ընդգրկված լինեն ազգային կրթական համակարգում, կարողանան օգտվել երեխաների պաշտպանության ծառայություններից և ստանան առաջնային բուժօգնություն:
Խաղաղություն. ահա, թե ինչի կարիքն ամենաշատն ունեն այս երեխաները:
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին և բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն, առաջնահերթությունը տալ երեխաների անվտանգությանն ու խաղաղ կյանքին: