Այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ ձեռքերը լվանալու մասին կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Ձեռքերը լվանալը կարող է պաշտպանել ձեզ և ձեր սիրելիներին (ՔՈՎԻԴ-19)

ՅՈՒՆԻՍԵՖ
Ջիլիզա գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնած ալյընտրանքային մանկապարտեզում փոքրիկ տղան լվանում է իր ձեռքերը։
UNICEF Armenia/2020/Margaryan

20 Մարտ 2020

Շնչառական վիրուսը, ինչպիսիք, օրինակ, կորոնավիրուսն է, տարածվում են, երբ վարակակիր լորձը կամ կաթիլներն օրգանիզմ են ներթափանցում աչքերի, քթի կամ կոկորդի միջոցով։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում ձեռքերի միջոցով։ Հենց ձեռքերի միջոցով է վարակն ամենաշատը փոխանցվում մի անհատից մյուսին։

Համաշխարհային համաճարակի ժամանակ վարակի տարածումը կանխելու համար ամենամատչելի, ամենահեշտ և ամենակարևոր եղանակներից մեկը ձեռքերը հաճախակի օճառով և ջրով լվանալն է։

Ահա այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ ձեռքերը ճիշտ լվանալու մասին։

Ինչպե՞ս ճիշտ լվանամ ձեռքերս

Ձեռքերի վրա վարակի բոլոր հետքերը վերացնելու համար դրանք արագորեն շփելն ու ողողելը չի օգնի։ Ստորև ներկայացնում ենք ձեռքերը լվանալու արդյունավետ եղանակը քայլ առ քայլ:

Քայլ առաջին՝             Թրջե՛ք ձեռքերը հոսող ջրի տակ։

Քայլ երկրորդ՝            Օճառե՛ք թաց ձեռքերը բավականաչափ քանակի օճառով։

Քայլ երրորդ՝             Շփե՛ք ձեռքերը ողջ մակերեսով , այդ թվում՝ ափերը, մատների արանքը և եղունգների տակը։

Քայլ չորրորդ՝             Լավ ողողե՛ք հոսող ջրի տակ։

Քայլ հինգերորդ՝          Չորացրե՛ք ձեռքերը մաքուր կտորով կամ մեկանգամյա օգտագործման սրբիչով։

Որքա՞ն ժամանակ պետք է լվանամ ձեռքերս։

Ձեռքերը պետք է լվանալ առնվազն 20-30 վայրկյան։ Ժամանակը պահելու լավագույն եղանակը հայտնի «Ծնունդդ շնորհավոր» երգը երկու անգամ երգելն է։ Նույնը վերաբերում է նաև ձեռքերը ախտահանող հեղուկների օգտագործմանը։ Օգտագործե՛ք  առնվազն 60 տոկոս ալկոհոլի պարունակությամբ ախտահանիչ միջոցներ և առնվազն 20 վայրկյան շփե՛ք ձեռքերը ողջ մակերեսով։

Ե՞րբ պետք է լվանամ ձեռքերս:

ՔՈՎԻԴ- 19-ի շրջանակներում, համոզվե՛ք, որ ձեռքերը լվանում եք հետևյալ դեպքերում՝

  • քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո,
  • հասարակական վայրեր այցելելուց հետո, այդ թվում՝ հասարակական տրանսպորտից օգտվելու, շուկա կամ այլ վայրեր այցելելուց հետո,
  • դրսում տարբեր առարկաների մակերեսների դիպչելուց հետո, այդ թվում՝ թղթադրամների
  • հիվանդին խնամք ցույց տալուց առաջ, ընթացքում և հետո,
  • ուտելուց առաջ և հետո

Ընդհանրապես, ձեռքերը պետք է լվանալ հետևյալ դեպքերում՝

  • զուգարանից օգտվելուց հետո
  • ուտելուց առաջ և հետո
  • աղբը թափելուց հետո
  • կենդանիներին հպվելուց հետո
  • երեխաների տակդիրները փոխելուց հետո կամ երեխաներին զուգարանից օգտվել օգնելուց հետո
  • երբ ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ են։
Վանաձորի թիվ 6-րդ մանկապարտեզում, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերականգնողական կենտրոն է հիմնել, փոքրկ աղջնակը լվանում է իր ձեռքերը՝ նախքան ճաշարան գնալը։
UNICEF Armenia/2020/Margaryan

Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխային լվանալ իր ձեռքերը։

Կարող եք օգնել երեխաներին ձեռքերի լվացումը նրանց համար դյուրին դարձնելով, մասնավորապես՝ աթոռակ տեղադրելով, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան ձեռքերը լվանալ։ Կարող եք այս գործողությունը երեխաների համար հաճելի դարձնել սիրելի երգեր երգելով, երբ շփում եք նրանց ձեռքերը՝

  • զուգարանից օգտվելուց հետո
  • ուտելուց առաջ և հետո
  • աղբը թափելուց հետո
  • կենդանիներին հպվելուց հետո
  • երեխաների տակդիրները փոխելուց հետո կամ երեխաներին զուգարանից օգտվել օգնելուց հետո
  • երբ ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ են։

Ձեռքերը լվանալիս արդյո՞ք անհրաժեշտ է տաք ջուր օգտագործել։

Ո՛չ, ձեռքերը կարող եք լվանալ ջրի ցանկացած ջերմաստիճանով։ Թե՛ տաք ջուրը, թե՛ սառը ջուրը հավասարապես արդյունավետ են մանրէներն ու վարակները ոչնչացնելու գործում, սակայն միայն այն պարագայում, երբ օճառ է օգտագործվում։

Ձեռքերը սրբիչով չորացնելը պարտադի՞ր է։

Մանրէներն ավելի հեշտությամբ են տարածվում խոնավ մաշկով, քան՝ չոր, հետևաբար՝ ձեռքերը չորացնելը կարևոր է։ Թղթե սրբիչները կամ մաքուր կտորը ամենաարդյունավետ միջոցն են մանրէները ոչնչացնելու համար՝ առանց դրանք այլ մակերեսների վրա տարածելու։

Ի՞նչն է ավելի լավ՝ լվանալ ձեռքերը, թե ախտահանիչ միջոցով մաքրելը։

Ընդհանուր առմամբ, թե՛ օճառով և ջրով լվանալը, թե՛ ախտահանիչ միջոցներ օգտագործելը հավասարապես օգտակար են հիմնական մանրէները և պաթոգենները ոչնչացնելու համար, եթե դրանք ճիշտ են օգտագործվում։ Դրսում հաճախ ավելի հարմար է օգտագործել ախտահանիչ նյութեր, սակայն դրանք կարող են թանկ լինել կամ հասանելի չլինել արտակարգ իրավիճակների դեպքում։ Բացի դրանից, հարկ է իմանալ, որ ալկոհոլ պարունակող ախտահանիչ միջոցները ոչնչացնում են կորոնավիրուսը, բայց չեն ոչնչացնում այլ մանրէներ և վարակներ։ Օրինակ, դրանք չեն կարող հավասարապես ոչնչացնել նորովարակը կամ ռոտավիրուսը։

Ի՞նչ անել եթե օճառ չկա։

Քլորաջուր կամ առնվազն 60 տոկոս ալկոհոլ պարունակող ձեռքերի ախտահանիչ միջոցները լավագույն այլընտրանքն են, երբ օճառ և հոսող ջուր չկա։ Այն դեպքերում, երբ դրանք առկա չեն, օճառաջուր կամ մոխիր օգտագործելը կարող են օգնել մանրէները հեռացնելու գործում, թեև ոչ այնքան արդյունավետ կերպով։ Եթե դիմում եք այդ միջոցներին, հույժ կարևոր է օգտագործել դրանք ձեռքերը լվանալու առաջին իսկ հնարավորության պարագայում՝ այդ ընթացքում խուսափելով այլոց հետ շփումներից և այլ առարկաների մակերեսների դիպչելուց։

Էլ ինչպես կարո՞ղ եմ օգնել վարակի տարածումը դադարեցնել։

 

  • Փռշտալիս և հազալիս օգտագործե՛ք պատշաճ վարվելակերպ, այն է՝ փակե՛ք բերանը անձեռոցիկով կամ ծալված արմունկով, անմիջապես դեն նետե՛ք օգտագործած անձեռոցիկը և լվացե՛ք ձեռքերը։
  • Խուսափե՛ք դեմքին դիպչելուց (բերան, աչքեր, քիթ)։
  • Միմյանց մի դիպչե՛ք, խուսափե՛ք մարդկանց գրկախառնվելուց, ձեռքով բարևելուց, համբուրելուց, ինչպես նաև՝ նույն սննդից, սպասքից, բաժակներից և սրբիչներից օգտվելուց։
  • Խուսափե՛ք հարբուխ ունեցող մարդկանց հետ շփվելուց։ Դիմե՛ք բժշկի, եթե դուք կամ ձեր երեխան ջերմություն, հազ կամ շնչառական դժվարություններ ունեք։
  • Անմիջապես մաքրե՛ք այն մակերևույթները, որոնց վրա կարող է հայտնվել վարակը, հատկապես՝ հանրային վայրերում։

 

ՔՈՎԻԴ-19-ի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի նյութերին ծանոթանալու համար՝ այցելե՛ք այս կայքէջ։