Ամրապնդված հոգեկան առողջության ծառայություններ համայնքներում
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ–ը և Հայկական հոգեբուժական ասոցիացիան զարգացնում են համայնքների կարողությունները՝ երեխաների և դեռահասների համար արդյունավետ հոգեկան առողջության ծառայություններ տրամադրելու նպատակով:
- Հայերեն
- English
Հոգեկան առողջության և հոգեսոցիալական խնդիրների տարածվածության վերաբերյալ տվյալները Հայաստանում սահմանափակ են, հատկապես երեխաների շրջանում։ Դպրոցականների շրջանում 2018 թվականին իրականացված ազգային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զգալի թվով երեխաներ և դեռահասներ ունեն դեպրեսիայի նշաններ, և այդ ցուցանիշը տարիքի հետ աճում է. 11-15 տարեկանների շրջանում այն 21 տոկոս է, իսկ 17 տարեկանների շրջանում՝ արդեն 32 տոկոս։ Մասնագետները համակարծիք են, որ ՔՈՎԻԴ-19 համավարակը, այնուհետև հակամարտության սրացումն ու զանգվածային տեղահանությունը էլ ավելի են խորացրել խնդիրը։ Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2023-2024 թթ. իրականացրած բազմոլորտային կարիքների գնահատման՝ հարցված տեղահանված ընտանիքների 26 տոկոսը հայտնել է, որ ընտանիքում կա առնվազն մեկ անդամ, որը հուզական անկայուն վիճակում է։
«Հոգեկան առողջությունը առանցքային նշանակություն ունի մտածելու, զգալու, սովորելու, աշխատելու, իմաստալից հարաբերություններ կառուցելու և աշխարհին նպաստ բերելու մեր կարողության համար։ Այն յուրաքանչյուրի ընդհանուր առողջության և բարեկեցության կարևոր մասն ու հիմքն է։ Հետևաբար, երբ անտեսում ենք երեխաների՝ տոկուն հոգեկան առողջություն և բարեկեցություն ունենալու իրավունքը, խաթարում ենք նրանց բոլոր մյուս իրավունքների իրացումը»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության և սնուցման մասնագետ Լիանա Հովակիմյանը «Մեր փորձը ցույց է տալիս, որ տագնապայնության ու տրավմայի հետևանքները անտեսելը կարող է լուրջ և երկարատև հետևանքներ ունենալ երեխաների և դեռահաս աղջիկների ու տղաների համար՝ խաթարելով նրանց բարեկեցությունը, անվտանգության և արժանապատվության զգացումը, ինչպես նաև իրենց ներուժը լիարժեք իրացնելու կարողությունը»։
2025 թվականին Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը, կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության ոլորտներում ձեռնարկել է ինչպես անհապաղ, այնպես էլ երկարաժամկետ միջամտություններ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ։
Գավառը Հայաստանի ամենահին քաղաքներից մեկն է, գտնվում է Սևանա լճի ձախակողմյան ափին՝ շրջապատված Հայաստանի ամենագեղատեսիլ բնությամբ, և հայտնի է իր համեղ խոհանոցով։ Գավառը նաև այն համայնքներից է, որտեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայկական հոգեբուժական ասոցիացիան արդեն իրականացրել են մանկաբույժների և բուժքույրերի վերապատրաստումներ՝ ծնողներին տնային այցելությունների միջոցով աջակցելու համար։
«Անդրադարձել ենք աշխատանքի մի շարք կարևոր ոլորտների՝ սկսած բարեկեցության խթանումից, վաղ հայտնաբերումից և կառավարումից, մինչև ուղղորդում և հետագա վերահսկում: Երևանի գործընկերների հետ նաև քննարկել ենք, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ աջակցել աուտիզմ, տագնապային խանգարումներ կամ ուշադրության դեֆիցիտ կամ հիպերակտիվության համախտանիշ ունեցող երեխաներին: Միասին մենք վերանայել ենք մի շարք թեստեր, որոնք օգնում են չափելու երեխաների մտավոր զարգացման մակարդակը»,- նշում է Գավառի պոլիկլինիկայի և Արաբկիր ԲԿ-ի Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնի Գավառի մասնաճյուղի ընտանեկան բժիշկ և մանկաբույժ Վալենտինա Ցվետկովան։
Բժշկուհի Ցվետկովան արդեն նկատել է իր համայնքում երեխաների շրջանում հոգեկան առողջության հետ կապված ախտորոշումների որոշակի աճ, ինչը նրա համար վկայություն է այն մասին, որ դասընթացները բարձրացրել են տեղացի մասնագետների կարողությունները՝ խնդիրները ավելի վաղ հայտնաբերելու համար։
Կարևոր է գտնել նրանցից յուրաքանչյուրի հետ առողջ հաղորդակցման բանալին հանուն երեխաների, քանի որ երկար քննարկումները կամ ծնողիների հետագայում չվերադառնալը միայն մեկ հետևանք ունեն՝ խլում են այն ժամանակը, որը պետք է տրամադրվեր երեխայի խնդրի հստակ ախտորոշմանը, ճիշտ բուժում նշանակելուն և դա իրագործելուն»,- բացատրում է տիկին Զալիբեկյանը։
Վալենտինա Ցվետկովան հավելում է. «Դեպք ունեմ, երբ ծնողները խնդրում էին ինձ փոխել երեխայի բժշկական քարտերում գրանցված ախտորոշումը։ Նման օրինակները թույլ չեն տալիս մեզ արդյունավետ աշխատել ծնողների հետ, որպեսզի նրանք կարողանան աջակցել իրենց երեխաներին՝ հասնելու իրենց ներուժին:
Բժիշկները նշում են, որ այսօրինակ վերապատրաստումները, ինչպես նաև Երևանից գործընկեր բժիշկների աջակցող այցերը իսկական փրկություն են մարզերում և հեռավոր համայնքներում աշխատող բժիշկների համար։ Այսպիսի համագործակցությունը տեղացի մասնագետներին թույլ է տալիս գործնականում տեսնել և յուրացնել մասնագիտական շատ ու շատ նրբություններ, նորամուծություններ, իսկ ծնողները ստիպված չեն լինի հաճախակի բժշկական այցերի համար մեկնել Երևան։
«Մի կողմ եմ թողնում Գավառից կամ Մարտունուց Երևան հասնելու ֆինանսական դժվարությունները, առողջության խնդիրներ ունեցող երեխաների համար մի քանի ժամ ճանապարհ գնալը իսկական փորձություն է. նրանք հոգնում են, երբեմն էլ նրանց վիճակն ավելի է վատանում»,- պարզաբանում է բժիշկ Ցվետկովան:
Մինչ դասընթացները շարունակվում են՝ ընդգրկելու Հայաստանի ավելի շատ համայնքներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համագործակցությամբ նախատեսում է մշակել և ներդնել ուղղորդման մեխանիզմներ՝ ապահովելու համագործակցության և երեխաների ու դեռահասների համար հոգեկան առողջության ծառայությունների ավելի լայն շրջանակ։ Այս մեխանիզմները կգործեն ոչ միայն համայնքային կրթական, սոցիալական ծառայությունների և առողջապահական առաջնային հաստատությունների միջև, այլև առողջապահական առաջնային հաստատությունների և մասնագիտացված հոգեկան առողջության կենտրոնների միջև։
[1] «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» 2017-2018. «Արաբկիր» բժշկական կենտրոն - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, 2019 թ.