Ամենաշատ ու ամենաքիչ ֆինանսավորվող երեխայի իրավունքները տոկոսային բաշխվածությամբ

Հայաստանում բյուջետային ծախսերի ամենամեծ մասը ուղղվել է երեխաների զարգացման իրավունքի խմբին

Ժաննա Ուլիխանյան
Սպիտակ քաղաքի դասարաններից մեկում անգլերենի դաս է: Երեխաները ձեռք են բարձրացնում, որպեսզի պատասխանեն ուսուցչի հարցին:
UNICEF Armenia/2019/Margaryan

06 Սեպտեմբեր 2019

Հայաստանը, 1993 թվականին վավերացնելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, պարտավորվել է ձեռնարկել բոլոր միջոցները բոլոր երեխաների իրավունքների իրականացման համար: Յուրաքանչյուր երեխա  անվերապահորեն ունի կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները՝ անկախ  սեռից, ազգային պատկանելությունից, բնակության վայրից, անկախ նրանից՝ հարուստ  է, թե՝ աղքատ, հաշմանդամություն ունի, թե՝ ոչ: Քանի որ այս տարի տոնում ենք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը, առավել քան կարևոր է հասկանալ, թե երեխաների ո՞ր իրավունքներին որքա՞ն գումար է տրամադրվում:

Այս և մի շարք այլ հարցերին պատասխանելու համար՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը (ի դեպ առաջինը տարածաշրջանում) ուսումնասիրել է  Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերը՝ կիրառելով արգենտինյան ձևաչափը:

 


Երեխաների իրավունքների պաշտպանմանն ու իրացմանն ուղղվող հանրային ծախսերի մասնաբաժինները՝ ներկայացված գրաֆիկայով:
UNICEF Armenia

Այսպես, Հայաստանում բյուջետային ծախսերի ամենամեծ մասը ուղղվել է երեխաների զարգացման իրավունքի խմբին: Այս ծախսերի մոտ 90 տոկոսն ուղղվել է կրթության և հանգստի ոլորտներին: Մի փոքր մաս էլ՝ մշակույթին ու կրոնին: Բայց հարկ է նշել, որ 1-5 տարեկան երեխաների համար կրթության ոլորտի ներդրումները եղել են ամենացածրը տոկոսային առումով, իսկ սա այն կյանքի ժամանակահատավծն է, երբ երեխաները ամենաարագն են զարգանում:

Ծախսերի գրեթե նույնքան ծավալ ուղղվել է երեխաների կյանքի պահպանման իրավունքի խմբի իրացմանը: Այստեղ ամենազգալի մասը՝ 40 տոկոսը, ուղղվել է երեխաների սոցիալական պաշտպանությանը, մյուս խոշոր մասն էլ՝ 28 տոկոսը, առողջապահությանը: Սակայն գումարների մեծ մասը ուղղվել է 0-1 տարիքային խմբին:

Երեխաների պաշտպանության իրավունքի խմբի իրացմանն ուղղվել է բյուջետային ծախսերի մոտ 18 տոկոսը: Սա հիմնականում պաշտպանության և հասարարակական կարգի ու անվտանգության ոլորտների՝ երեխաներին ուղղված ծախսերն են:

Ծախսերի մոտ 15 տոկոսը չի բաշխվել ըստ երեխաների 4 հիմնարար իրավունքների և ներառվել է «տարբեր իրավունքների ծախսեր»  խմբում:

Իսկ այ վերջում, պատկերի ամենափոքր կլորիկը՝ ծախսերի այն հազիվ տեսանելի 1 տոկոսը, ուղղվում է երեխաների մասնակցության իրավունքի իրացմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երեխաներին ուղղված բյուջետային ծախսերի վերլուծությանը, քանի որ դա կարևոր է հավասարություն և արդարություն ապահովող քաղաքականության մշակման, և որոշումների կայացման համար, որպեսզի հնարավոր լինի իրականացնել բոլոր երեխաների բոլոր իրավունքները:

Ավբելին, բյուջետային գործընթացներում անհրաժեշտ է պաշտոնապես ներառել ու կիրառել երեխաներին ուղղված հանրային ծախսերի համապատասխան հայեցակարգերը, որպեսզի ՝

  • բյուջետային հատկացումները լինեն ավելի նպատակային
  • գումարները ծախսվեն ավելի արդյունավետ
  • բարձրանա հաշվետվողականության մակարդակը:

 

Չէ՞ որ հատկապես երեխաներին վերաբերող ցանկացած որոշման համար պետք է գործի «Յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել» սկզբունքը: Համաձայն չե՞ք: