Աղքատություն. նյութական և ոչ նյութական

Ինչպես կարելի է վերջ դնել աղքատությանը կամ մեղմել դրա հետևանքները

Զառա Սարգսյան
Սև ու սպիտակ նկարում պատկերված փոքրիկ տղան մանկապարտեզում մասնակցում է ֆիզիկական պատրաստման դասին:
UNICEF Armenia/2018/Osipova
02 Նոյեմբեր 2018

Երեխաների նյութական աղքատությունն այն է, երբ երեխայի ընտանիքն ապրում է աղքատության շեմից ցածր եկամուտով: Նյութական աղքատությունը երեխայի բազմաթիվ զրկանքների, այսինքն՝ բազմաչափ աղքատության հիմնական, սակայն ոչ միակ պատճառն է:

Երեխաների բազմաչափ աղքատությունն այն է, երբ երեխան զրկանքներ է կրում տարբեր չափումներում կամ ոլորտներում, օրինակ՝ առողջապահության, կրթության, սնուցման, ջրի, հիգիենայի, բնակարանային պայմանների, տեղեկատվության, պաշտպանության: Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխան հազիվ թե հասնի իր ողջ ներուժին, հետևաբար՝ հետագայում ավելի քիչ կվաստակի: Արդյունքում, ավելի հավանական է, որ մեծահասակ տարիքում նա նույնպես կապրի աղքատության մեջ գտնվող տնային տնտեսությունում կամ կգլխավորի այն:

Երեխաների աղքատությունը վերացնելը երազանք չէ

Երեխաների աղքատությունը վերացնելու համար նախ պետք է տեսնել՝ երկրում գործո՞ւմ է արդյոք անմիջապես երեխաների աղքատության վերացմանն ուղղված քաղաքականություն և դրանից բխող ծրագրերի փաթեթ: Իհարկե, այստեղ բազմաթիվ կարևոր նրբություններ կան, բայց համընդհանուր և ընդունված քայլեր նույնպես գոյություն ունեն:

Երեխաների աղքատության խնդրին առնչվող քաղաքականությունն ու ծրագրերը պիտի իրենց հիմքում ունենան հետևյալը.

1. Ամենախոցելի երեխաների համար ապահովեն առողջապահական, կրթական, սնուցման որակյալ ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը՝ դրանով թիրախելով այս երեխաների բազմաչափ աղքատությունը: Այս ծառայությունների միջոցով երեխաների համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելով՝ կօգնենք, որ նրանք հասնեն իրենց ողջ ներուժին և մեծանալուն զուգընթաց դուրս գան աղքատության շրջանից:

2. Աջակցեն ընտանիքներին և տնային տնտեսություններին՝ ունենալու նվազագույն եկամուտ, և ապահովել, որ ֆինանսական խոչընդոտները չխաթարեն երեխայի զարգացումը:

Այս երկու ուղղություններով քաղաքականությունն ու ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է նախ վերլուծել և հասկանալ, թե ինչու են այս երեխաները դուրս մնում ծառայություններից, արդյո՞ք դրանց պակաս կա, թե՝ դրանք պարզապես շատ թանկ են, և ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրները: Նաև պետք է հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր ապահովել, որ ընտանիքները աղքատության շեմը գերազանցող եկամուտ ունենան՝ նպաստների միջոցով. զբաղվածության հարցում օժանդակելո՞ւ, թե՝ երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու եղանակով:

Բազմաչափ աղքատությանը վերջ դնելուն զուգահեռ, նյութական աղքատությունը թիրախավորող ծրագրերը կարող են դասակարգվել հետևյալ կերպ.

· Աջակցություն զբաղվածության գծով, որը կավելացնի տնային տնտեսության եկամուտը: Սա կարող է ներառել վերապատրաստումներ (որպեսզի պահանջվող հմտություններ ձեռք բերվեն), աջակցություն աշխատանք գտնելու հարցում, օրենքների և կանոնակարգերի մշակում, որոնք արժանապատիվ աշխատանք կապահովեն, օրինակ՝ նվազագույն աշխատավարձ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդ, ծնողի բացակայության քաղաքականության մշակում:

· Երեխաներ ունեցող ընտանիքներին ֆինանսական աջակցության ապահովում՝ դրամական փոխանցումների կամ հարկերի կրճատման միջոցով:

· Անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գների կարգավորում, որպեսզի նվազի դրանց բեռը ընտանիքի բյուջեի վրա:

· Աջակցություն դեռահասներին՝ հատկապես թիրախելով թերի կրթություն կամ անբավարար փորձ ունեցողներին:

· Երեխաների ցերեկային խնամքի որակյալ ու մատչելի ծառայությունների ապահովում, որպեսզի ծնողը/խնամակալը կարողանա աշխատել:

· Մանկական աշխատուժի օգտագործման կանխարգելում:

Աջակցե՛ք երեխաների աղքատությանը վերջ դնելու պայքարին

Հաջորդ տասնհինգ տարիները որոշիչ են լինելու:

Մենք կոչ ենք անում աշխարհի ղեկավարներին ու մարդկանց՝ գործել և վերացնել երեխաների աղքատությունը:

Բոլորը իրենց դերն ունեն. և՛ ազգային կառավարությունները, և՛ ՄԱԿ-ը, և՛ հետազոտողները, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ քաղաքացիները, և՛ հենց իրենք՝ երեխաները: Բոլորս պիտի ականջալուր լինենք այս կոչին և համախմբվենք հանուն երեխաների:

 

Աղբյուրը՝ www.endchildhoodpoverty.org/