Աղքատությունից զերծ կյանք ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար

Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա ապրում է աղքատության մեջ

Ժաննա Ուլիխանյան
4 year old Alex looking to the camera sitting on his old bed.
UNICEF Armenia/2018/Babajanyan VII photo
02 Նոյեմբեր 2018

Մեքենան կանգնեց մեկ հարկանի տան մոտ: Մեզ դիմավորեց Վարսիկ տատիկն ու տուն ուղեկցեց: Մտանք մի նեղ միջանցք, որտեղ պատի աջ ու ձախ կողմում հին բազմոցներ էին դրված: Այնուհետև մտանք մի նախասրահ, որի կանաչ պատերի վրա հնությունն իր հետքն էր թողել. ներքևի մասը գրեթե ամբողջությամբ սպիտակել էր: Վարսիկ տատիկն ընտանիքի մյուս անդամների հետ մեզ միանգամից ուղեկցեցին քիչ թե շատ ավելի բարվոք վիճակում գտնվող հյուրասենյակ ու շոկոլադով մի լավ սուրճ հրամցրին: Սրտաբաց, շատ սրտաբաց մարդիկ էին:

Մկրտչյանների յոթ անձից բաղկացած հյուրընկալ ընտանիքն ապրում է Հայաստանի փոքրիկ քաղաքներից մեկում մեկ հարկանի կիսակառույց սեփական տանը: Խոհանոց չունեցող այս տանը երկու բալիկ է ապրում՝ չորսամյա Ալեքսը և յոթամյա Միլենան: Երեխաները, իրենց հայրիկի, մայրիկի, տատիկ-պապիկի և հորաքրոջ հետ միասին ապրում են այստեղ: Ճիշտ է, տանը նորմալ սանհագույց էլ չկար, բայց ամենն այնքան մաքուր ու կոկիկ էր, իսկ մթնոլորտում հաշտությունն ու բարությունն էր տիրում:

Յոթ անձից բաղկացած ընտանիքն ապրում է փոքր եկամուտով Երևանի մոտ գտնվող փոքր քաղաքում:
UNICEF Armenia/2018/Babajanyan VII photo
Յոթ անձից բաղկացած ընտանիքն ապրում է Երևանի մոտ գտնվող փոքր քաղաքում: Եթե Հայաստանի բնակչության 29.4 տոկոսն է աղքատ, ապա երեխաների ավելի շատ՝ 34.2 տոկոսն է ապրում աղքատության մեջ: Աղքատության ազդեցությունը երեխաների վրա մեղմելու համար ՅՈւՆԻՍԵՖ-ն աշխատում է սոցիալական պաշտպանության բազմոլորտային մոտեցում ցուցաբերել՝ սնուցման, կրթության և այլ միջամտությունների միջոցով:

Այս մեծ ընտանիքի միակ կերակրողը Ռուդիկն է: Ու չնայած ողջ գիշերն անց էր կացրել ծառայության մեջ, շատ համբերատար ու հանգիստ պատասխանում էր մեր հարցերին՝ միաժամանակ աչքը երեխաների վրա պահելով: Ռուդիկն ամսական 116 000 դրամ մաքուր աշխատավարձ է ստանում: Այդ աշխատավարձի մի մեծ բաժին վարկի մարմանն է ուղղվում, որ վերցրել էր հոր սրտի ստենդավորման համար: «Դեռ 15 ամիս կա, որ ամբողջովին մարենք այդ վարկը: Որ մարենք, ահագին թեթևացած կլինենք»,- պատմում է Ռուդիկը: Համաձայնե՛ք՝ դժվար է մի մեծ ընտանիքի հոգսը միայնակ տանելը: Փորձում են կնոջ՝ Հայարփիի համար էլ աշխատանք գտնել, դեռ անօգուտ: Դիմել են նպաստ ստանալու համար, սակայն ասել են, որ իրենց նպաստ չի հասնում:

Ընտանիքի միակ այլ եկամուտը պապիկի՝ Ռուդիկի հոր 30 000 դրամ կենսաթոշակն է, որը շատ քիչ հարց է լուծում՝ հատկապես ձմռանը: Չորս սենյականոց այս տունը ձմռանը փոքրանում մեկ սենյակ է դառնում, որը փորձում են ցախով տաքացնել: Իսկ այս տարի ցախն այնքա՜ն է թանկացել…

Ռուդիկի հետ զրույցից հետո վերադարձանք հյուրասենյակ, որտեղ մեծերը զրուցում էին, փոքրիկը խաղում էր, իսկ Միլենան տնային աշխատանքներն էր կատարում այդ նույն սենյակում նույն սուրճի սեղանի վրա: Միլենան մեզ ասաց, որ հաճույքով է դպրոց հաճախում, բայց շատ ավելի հաճույքով պարի խմբակ է հաճախում ու հատկապես սիրում է, երբ գալիս են Երևան ու որևէ գեղեցիկ բեմում համերգի մասնակցում. «Երևանը շատ սիրուն է»:

4 տարեկան երկու երեխա խաղում են սենյակի հատակին:
UNICEF Armenia/2018/Babajanyan VII photo
Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա նյութական աղքատության մեջ է ապրում, ոչ նյութականի ցուցանիշն ավելի բարձր է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանը երեխաների աղքատությունը սկսել է դիտարկել բազմաչափ տիրույթում՝ վեր հանելով երեխաների նաև ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ աղքատությունը:
Հայր օգնում է Ալեքսին գնդակը փչել ու պատրաստել խաղալու համար:
UNICEF Armenia/2018/Babajanyan VII photo
Աղքատությունը երեխաների վրա այլ կերպ է ազդում ու գրեթե համոզված կարելի է ասել, որ տուժած երեխաները զրկվում են լավ կյանք սկսելու հնարավորությունից: Աղքատ երեխաները չեն կարող սպասել մինչ տնտեսությունը կզարգանա. պետք է հենց հիմա միջամտել:

Այս ջերմ ընտանիքի համար մյուս խնդիրներից առավել մեծ խնդիր է դարձել տան ամենափոքրի՝ չորսամյա Ալեքսի մանկապարտեզ հաճախելու, ավելի ճիշտ՝ չհաճախելու հարցը: Մայրը պատմում է, որ մի քանի մանկապարտեզ են դիմել, բայց անընդհատ մերժել են՝ ասելով, որ տեղ չկա: Ռուդիկն էլ լրացնում է կնոջը. «Ասում են տեղ չկա, հետո իմանում ենք, որ մեզնից հետո էլի բալիկ են ընդունել մանկապարտեզ: Դե ճիշտ է, տանը մարդ միշտ լինում է ու կարող են Ալեքսին խնամել, բայց ախր մանկապարտեզն այնքա՜ն կարևոր է երեխայի համար, երեխաներն այնտեղ այնքա՜ն բան են սովորում»:

Ալեքսը դեռ չի խոսում: Մայրը՝ Հայարփին, պատմեց, որ տղայի համար հատկապես այս պահին է շատ կարևոր մանկապարտեզ հաճախելը, երեխաների հետ շփվելը, խոսելը:

«Երբ կարողացանք վերականգնողական կենտրոնում լոգոպետի մեկ կուրս անվճար ստանալ, մասնագետն ինքը պնդեց, որ երեխան պիտի շփվի հասակակիցների հետ, որ խոսքն արագ բացվի: Կուրսը վերջացրինք, հետո դիմեցի պոլիկլինիկա, ասացին, որ լոգոպետի ծառայությունը վճարովի է»,- մեզ հետ կիսվեց Հայարփին:

Մի շարք բացեր ունեցող այս ընտանիքը միավորվել է կանաչաչյա Ալեքսի խնդրիների շուրջ ու աջակցություն է փնտրում հենց այդ խնդիրները լուծելու համար: Ալեքսին հարցրի, արդյոք ինքն ուզում է մանկապարտեզ հաճախել, աչքերիս մեջ խորը նայելով՝ գլուխը վեր ու վար արեց…

Ներկայումս Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա՝ մոտ 224 000 երեխա ապրում է աղքատության մեջ: Ավելին, Հայաստանում յուրաքանչյուր 2-րդ երեխա՝ գրեթե 376 000 երեխա բազմաչափելի աղքատ է:

Մոտ այդքան բնակիչ ունի Գեղարքունիք մարզը: Սա միայն նյութական աղքատության տեսանկյունից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանը երեխաների աղքատությունը սկսել է դիտարկել բազմաչափ տիրույթում՝ վեր հանելով երեխաների նաև ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ աղքատությունը: Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում յուրաքանչյուր 2-րդ երեխա՝ գրեթե 376 000 երեխա բազմաչափելի աղքատ է, այսինքն՝ զրկված է տարրական կենսապայմաններից, մասնավորապես՝ կոմունալ հարմարություններից օգտվելու, սոցիալական շփման և ժամանցի հնարավորություններից: Դա ավելին է, քան Գեղարքունիքի և Սյունիքի մարզի բնակիչների քանակը՝ միասին վերցրած:

Առողջապահական ծառայությունների, սնուցման, կրթության, ջրի և սանիտարական պայմանների, սոցիալական պաշտպանության ոլորտի բարելավման միջոցով երեխաների կյանքում ներդրումների կատարումն այն լավագույն տարբերակներից մեկն է, որը նպաստում է երեխաների լիարժեք զարգացմանն ու ներկայի ու հետագա բարեկեցիկ կյանքին՝ նվազեցնելով աղքատության ազդեցությունը երեխաների վրա:

 

Աղքատությունը երեխաների վրա այլ կերպ է ազդում ու գրեթե համոզված կարելի է ասել, որ տուժած երեխաները զրկվում են լավ կյանք սկսելու հնարավորությունից: Աղքատ երեխաները չեն կարող սպասել մինչ տնտեսությունը կզարգանա. պետք է հենց հիմա միջամտել:

Ալեքսն ընկերոջ հետ նստել են իրենց հին կոտրտված մեքենայի մեջ տան ցուրտ սենյակներից մեկում:
UNICEF Armenia/2018/Babajanyan VII photo

Ալեքսը պետք է սկսի մանկապարտեզ հաճախել, նա պետք է ստանա իրեն անհրաժեշտ լոգոպետի և այլ բժշկական ծառայությունները, հաճախի դպրոց, հետո՝ համալսարան:

Նա պետք է լավ մասնագիտություն ձեռք բերի, որ լավ աշխատանք ունենա:

Ոչ մի երեխա չպետք է անտեսված լինի և ոչ մի երեխա աղքատ ու զրկված չպետք է լինի:

Հայաստանում դեռ 376 000 երեխա նյութական և ոչ նյութական աղքատության մեջ է ապրում…Դա ավելին է, քան Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչները՝ միասին վերցրած: