Աղետների ռիսկի նվազեցման 5 ձեռքբերում Հայաստանում

Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ ԴԻՊԵԿՈ ծրագրի եզրափակիչ արարողությունը, որի ընթացքում իրականացնող կողմերը ներկայացրեցին Հայաստանում և Վրաստանում ԴԻՊԵԿՈ-ի գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու քաղված դասերը

Զառա Սարգսյան
ԴԻՊԵԿՈ ծրագրի ամփոփման պանելային քննարկումը:
UNICEF Armenia/2019/Badalyan
25 Փետրվար 2019

Վերջին տասնամյակում Հայաստանը գրանցել է մի շարք լուրջ ձեռքբերումներ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ: Այս գործում իր նպաստն է ունեցել Եվրոպական միության ԴԻՊԵԿՈ ծրագիրը, որը Հարավային Կովկասում իրականացված աղետների ռիսկի նվազեցման ամենածավալուն ծրագիրն է:

Հունվարի 25-ին Երևանում տեղի ունեցավ ծրագրի եզրափակիչ արարողությունը, որի ընթացքում իրականացնող կողմերը ներկայացրեցին Հայաստանում և Վրաստանում ԴԻՊԵԿՈ-ի գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու քաղված դասերը:

ԴԻՊԵԿՈ-ն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում 2010–2018թթ.՝ նպատակ ունենալով հզորացնել աղետների ռիսկի կառավարման ազգային համակարգերը, ինչպես նաև բարձրացնել համայքների դիմակայունությունը և երեխաների անվտանգությունը կրթական հաստատություններում։

Աղետներից պաշտպանվելու հերթական փորձի ժամանակ աղջնակը պատսպարվել է դասասենյակում գրասեղանի տակ:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

ԴԻՊԵԿՈ-ի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն աշխատել է ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ՝ արձանագրելով հետևյալ ձեռքբերումները.

1. Հայաստանը դպրոցների անվտանգությունը և աղետների ռիսկի նվազեցումը ներառել է կրթության ոլորտի քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Կրթության զարգացման պետական ծրագրում և Ազգային ուսումնական պլանում: Աղետների ազդեցությունը հնարավոր է նշանակալիորեն նվազեցնել, եթե մարդիկ լավ տեղեկացված լինեն, և մենք վստահ ենք, որ ուսուցումը պետք է սկսել ամենավաղ տարիքից:

2. 2010–2011թթ. աղետների ռիսկի նվազեցման ու արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մասին ուսուցումը ներառվել է պետական կրթական ծրագրում: Տարրական դպրոցում «Ես և շրջակա միջավայրը» առարկայի, միջին դպրոցում հասարակագիտության և այլ առարկաների շնորհիվ աշակերտներն արդեն սովորում են, թե ինչպես լավագույնս պաշտպանվել արտակարգ իրավիճակների ժամանակ: Ստեղծվել են նաև լրացուցիչ կրթական նյութեր, որոնք կարող եք գտնել Արտակարգ իրավիճակների նախարարությունների կայքում :

3. 2014–2015թթ. Հայաստանը մշակել է դպրոցների անվտանգության գնահատման իր մեթոդոլոգիան: 2014-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստել է 20 մասնագետների, ովքեր աջակցել են պետական դպրոցների շենքերի կառուցվածքային և ոչ կառուցվածքային անվտանգության գնահատման իրականացմանը: Գնահատման արդյունքը ապշեցուցիչ էր. դպրոցների շենքերի մոտ 80 տոկոսը չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության ստանդարտներին: Արդյունքներն օգնեցին մեզ Հայաստանի բոլոր պետական դպրոցները դասակարգել՝ ըստ դրանց ցածր, միջին և բարձր սեյսմիկ խոցելիության, ինչն էլ հիմք հանդիսացավ որպես Կառավարության «Դպրոցների սեյսմիկ իրավիճակի բարելավում» 2015–2030թթ. ծրագրի մաս, որոշելու, թե որ դպրոցներն է պետք վերանորոգել, որոնք քանդել և փոխարենը նոր դպրոցներ կառուցել:

Երեխաները դուրս են վազում դպրոցից աղետներից պաշտպանվելու հերթական փորձի ժամանակ:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

4. Հայաստանը 2016թ-ին դպրոցներում շրջանառության մեջ է դրել աղետների կառավարման ուղեցույցներ: Այս ուղեցույցների նպատակային ու հաստատուն կիրառումը յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն է տալիս անվտանգության մշակույթ ստեղծել, պահպանել շրջակա միջավայրը և բարձրացնել արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու պատրաստվածությունը: Յուրաքանչյուր դպրոց պետք է կազմի աղետների ռիսկերը նվազեցնելու հատուկ թիմ, որը նախ գնահատում է դպրոցի վիճակը և բացահայտում առկա ռիսկերը: Նույն թիմը գնահատման հիման վրա մշակում է, թե ինչպես է պետք նվազեցնել կամ վերացնել այս ռիսկերը: Կարևոր է, որ աշակերտները նույնպես այս գործընթացի մասնակից են լինում՝ գնահատման փուլից մինչև իրականացման փուլ:

5. 2017–2018թթ. դպրոցների ուսումնական նոր շենքերի դիզայնի և հին շենքերի վերանորոգման ուղեցույցներ մշակվեցին: ՅՈՒՆԻՍԵՖը նաև ներկայացրեց փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների մոդելը, որտեղ պայմանները կարելի է օգտագործել համատեղելու փոքր համայնքների այլ կարիքները, ասենք՝ տարածք մանկապարտեզի կամ տարատեսակ խմբակների համար: Եթե կառուցապատող ընկերությունները դպրոցներ կառուցելիս հետևեն այս ուղեցույցներին, ապա Հայաստանին կհաջողվի նշանակալիորեն բարձրացնել աշակերտների անվտանգությունը կրթական հաստատություններում:

Կրակմարիչը կախված է դպրոցի պատից:
UNICEF Armenia/2018/Malkhasyan

Չնայած այս բոլոր ձեռքբերումներին՝ գործը դեռ ավարտված չէ և միշտ էլ բարելավելու տեղ կա,իսկ ռեսուրսների սակավությունը, ինչպես միշտ, խանգարում է նոր թիրախներ սահմանել, օրինակ՝ բարձրացնել նաև մանկապարտեզների անվտանգությունը:

Որպես աշխարհում արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաներին հասնող և հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպություն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին այս կարևորագույն հարցում:

Անվտանգ կյանք յուրաքանչյուր երեխայի համար: