«Ձախողումները միայն ավելի բարձր թռչելու, ավելի մեծ քայլեր անելու հնարավորություն են տալիս»

Զրույց 16-ամյա Անիի հետ, ում համար արհեստական բանականությունը տարերք է, և դպրոցը ավելի համակարգված, իսկ աշխարհն ավելի լավը դարձնելու գործիք

Ժաննա Ուլիխանյան
Անին մասնագիտությամբ ծրագրավորող է։
UNICEF Armenia/2021/Gevorgyan
21 Ապրիլ 2021

Մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Ես ՏՏ ոլորտում ճանապարհս սկսել եմ 12 տարեկանից, երբ սկսեցի հաճախել ԹՈՒՄՈ կենտրոն։ Սկզբում ծրագրավորման լեզուներ էի սովորում, թեթև խաղեր էի ստեղծում։ Այնուհետև գտա Տեխնոլաբը, որտեղ խորացրի գիտելիքներս։ Հետո մի շարք ընկերություններում ընդգրկվեցի՝ որպես կամավոր, հասցրի զբաղվել տարբեր ճյուղերով, բայց ինձ ամենից շատ գրավեց արհեստական բանականությունը, հատկապես ոգևորվեցի, որ Հայաստանում ավելի քիչ են սրանով զբաղվողները, իսկ աղջիկներ՝ գրեթե չկան։

Ես էլ, ցանկանալով կոտրել ցանկացած կարծրատիպ, լրիվ ընկղմվեցի դրա մեջ։ Ընկերս, ով Աքսելերատորի անցած տարվա հաղթողներից մեկն էր, պատմեց նախաձեռնության մասին։ Ես էլ դիմեցի ու սկսեցի մասնակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ կազմակերպած Աքսելերատոր #5-ին։

 

Մասնակցել Աքսելերատորին V 

Նոր գիտելիքներ և հմտություններ ստանալ V

Միացա GTA թիմին, քանի որ հենց այդ սթարթափում էր արհեստական բանականությունն ամենից լավ ընդգրկվում։ GTA-ն մի հարթակ է, որ արհեստական բանականության միջոցով կօգնի գործատուներին ընտրել ամենահամապատասխան մարդուն իրենց այս կամ այն պաշտոնի համար։ Այս դեպքում ես կխորացնեի իմ գիտելիքներն, ու ինքս էլ կարող էի ստարտափին նոր բան առաջարկել։

Չէի սպասում, բայց ես Աքսելերատորի ընթացքում ահագին գիտելիքներ ստացա։ Ինձ շատ օգնեցին բիզնես դասերը, Արեգը՝ բիզնես դասերի մենթորը, շատ գրավիչ էր ներկայացնում, թե ինչպես բիզնես ստեղծել, ինչպես բիզնես պլան գրել, ինչպես վերլուծել, նոր ստեղծվող ստարտափի համար ում թիրախավորել և ինչպես։ Մարքեթինգի դասերը նույնպես հետաքրքիր էին, քանի որ պետք էր հասկանալ ինչպես բրենդավորել ստարտափն ու մարքեթինգային ինչ մոտեցում որդեգրել։ Չնայած, ի վերջո, ինձ համար պարզեցի, որ պակաս եմ դրանով հետաքրքրվում, բայց, իհարկե, ստարտափ ստեղծելիս դրա մասին որոշակի գաղափար կազմելը նույնպես կարևոր է։

Ծրագրավորման դասերին HTML CSS ենք սովորել, երկրորդ մասում՝ ծրագրավորման լեզու՝ java script: Խմբի որոշ աղջիկների համար դա բավականին բարդ էր, իսկ ես կցանկանայի, որ ծրագրավորման դասերն ավելի խորը լինեին։ Չնայած Աքսելերատորի խնդիրը հավանաբար այլ է․ ՏՏ ոլորտով հետաքրքրված, բայց ոլորտում քիչ փորձ ունեցող աղջիկներին ներգրավվել, ներկայացնել հնարավորությունները, վերապատրաստել, տալ անհրաժեշտ սկզբնական գիտելիքներն ու հմտություններն ու մոտիվացնել ավելին սովորել և ավելիին ձգտել։

Երկու աղջիկներ միասին համակարգչով նոր ծրագիր են մշակում։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Ե՞ս, աղջիկ․ ՏՏ ոլորտում

Ես փոքր հասակից համակարգիչներով էի հետաքրքրված։ Երբ առաջին անգամ կարողացա միացնել համակարգիչը, շատ ոգևորվեցի։ Ինձ հենց սկզբից հետաքրքրում էր, թե ոնց է այն ներսից աշխատում։ Երբ մեր համակարգիչը փչացել էր, շատ էի ուրախացել, քանի որ կարողացա բացել և տեսնել, թե ինչ կա այդ պրոցեսորի մեջ։

Թումոյում էլ հենց սկզբից ընտրեցի ռոբոտաշինություն, ծրագրավորում, կայքեր, խաղեր, բայց մի շարք այլ բաներ էլ եմ փորձել՝ լուսանկարչություն, անիմացիա և այլն։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ գնացի ռոբոտաշինության դասին, սենյակում 120 տղա էր և երկու աղջիկ՝ ես և մեկ այլ աղջիկ։ Դժվար էր, քանի որ տղաներն ինձ շատ չէին ներգրավում, կարծում էին՝ չեմ կարողանա։ Բայց դասախոսը, ով կին էր, մեզ երկուսիս շատ էր ոգևորում, և ստացվեց, կարելի է ասել հաջողեցի, և իմ ռոբոտը լավագույնների շարքին դասվեց:

Երեք աղջիկներ միասին աշխատում են իրենց ծրագրի վրա։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Ինչո՞ւ աղջիկները պետք է ՏՏ ոլորտ մտնեն

Երեք բան․ Մեկը եթե դու այդ ոլորտը սիրում ես, չպետք է նայել ինչ-որ մարդկանց կարծիքին, ովքեր մտածում են, թե դա աղջիկների համար չէ։

Երկրորդն ու ավելի կարևորն այն է, որ սա իսկական հրաշքի է նման։ Այն, ինչը դու ի զորու չես անել, դու ասում ես, որ համակարգիչը քո փոխարեն անի։ Ես ընտրել եմ արհեստական բանականությունը, քանի որ դա մարդկանց կյանքը հեշտացնելու հրաշալի գործիք է։

Երրորդ՝ գտնել քեզ սատարող մարդկանց։ Ծնողներս ինձ միշտ են աջակցել․ գուցե որովհետև գիտեն, որ եթե մտքիս մի բան դնեմ, անպայման անելու եմ։ Աղջիկներին, որոնց ընտանիքում դեմ են այս ուղղությամբ առաջ շարժվելուն, առաջարկում եմ խոսել ծնողների հետ ու ներկայացնել ոլորտի բոլոր առավելությունները և որ դա հենց այն է, ինչով ուզում են զբաղվել։

 

Աղջիկներին դեպի գիտություն խրախուսելու համար

Դպրոցում շատ թերի ենք անցնում գիտական առարկաները։ Քիմիան սովորելիս ես ստիպված եմ լինում առցանց փնտրել այդ օրվա քիմիայի փորձերը։ Համարում եմ, որ հենց այդտեղից է սկսվում երիտասարդների անհետաքրքրությունը դեպի գիտություն։ Եթե մենք երբեք չենք տեսնում, թե նյութերն իրար խառնելիս ինչ է ստացվում և կամ թե ինչ կարող է ստացվել, սկսում ենք ուղղակի անգիր անել դասերը։

Հենց Աքսելերատորի դասերին սկսեցի սիրել բիզնեսի ոլորտը, և ծնվեց մեկ այլ փոքրիկ ստարտափի գաղափար՝ Girlօpolis-ի հիմքը դրվեց։ Հայաստանում առաջին անգամ մարտի 5-7-ին կազմակերպվում է հաքաթոնների շարք միայն 18-30 տարեկան կանանց և աղջիկների համար։ Նպատակը աղջիկներին համախմբել, մոտիվացնել և դրդել մտածել ՏՏ ոլորտի մասին։

Փորձելու ենք համայնք ստեղծել, որտեղ աղջիկները պատրաստ են մեկը մյուսին աջակցել։ Առաջին հաքաթոնից հետո կվերլուծենք ու կհասկանանք՝ որ ուղությամբ ենք զարգացնելու գաղափարը։

Աղջիկները միասին փողոց են անցնում՝ հետիոտնի անցումով։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Արհեստական բանականությունը՝ աշխարհը փոխելու գործիք

Արհեստական բանականությամբ շատ բան կփոխեի իմ միջավայրում՝ հատկապես՝ իմ դպրոցում։ Կփորձեի ավելի համակարգել դպրոցի աշխատանքը, թե՛ հեռավար կրթությունը, թե՛ առկան և թե՛ դրանք համատեղ։ Հեռավարից հետո, հաշվի առնելով երկրում այս խառը վիճակները, թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները մի տեսակ սկսել են ավելի քիչ կարևորել կրթությունը։

Արհեստական բանականության միջոցով կարելի է ստեղծել առցանց հարթակ, որ թե՛ ուսուցչի, թե՛ աշակերտի համար հեշտ լինի, և ապահովի նրանց միջև արդյունավետ կապ։ Հարկավոր կլինի նաև ուսուցիչներին վերապատրաստել, որպեսզի դասի կեսը չանցնի տեխնիկական խնդիրների վրա։ Բայց պետք է ասեմ, որ մեր դասարանում 15 երեխայից մեծ մասը նորմալ համակարգիչ չունի․ դասերին միանում է կամ հեռախոսի կամ պլանշետի միջոցով, դա էլ խնդիր է։

Ընկերներիս 80%-ը չի կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրել։ Բայց մասնագիտություններն օր-օրի շատանում են, իսկ շատերը նույնիսկ դրանց մասին չգիտեն, չեն էլ պատկերացնում, թե, օրինակ, տվյալագիտությունն ինչ է ու ինչի համար է դա անհրաժեշտ։ Գուցե պետք է ստեղծել արհեստական բանականություն, որ «Հարի Փոթերի» ֆիլմի Բաշխիչ գլխարկի նման կարող ես դնել գլխիդ և այն քեզ հուշի, թե ինչն է քոնը և որ ոլորտում դու ավելի լավ կարող ես իրացնել քո ներուժը։ Ստարտափի լավ գաղափար կլինի, չէ՞։

 

Հետագա ծրագրերը և նպատակները

Աքսելերատորում հաղթելուց հետո ԳՏԱ ստարտափի վեբ կայքն ենք պատրաստում։ Պետք է փորձենք ավելի լավ ներկայացնել գաղափարը, ավելի շատ մարդկանց հասնել, հետո նոր կփորձենք գտնել հավելյալ ներդրումներ գաղափարը լրիվ աշխատեցնելու համար։ Արհեստական բանականությունը թանկ հաճույք է։ Այն երկար և համատեղ աշխատանք է պահանջում։

Մեզ, օրինակ, այս պահին տվյալագետ է անհրաժեշտ, ով կօգնի տվյալների մեծ բազա հավաքել, որի հիման վրա էլ ծրագիրը պետք է հարցազրույցներ անցկացնի թեկնածուների հետ, հետո հասկանա, թե ինչպես են պատասխանել նրանք, հետո վերլուծի, համեմատի տվյալները և հասկանա, թե այս կամ այն թեկնածուն որքանով է հարմար այս կամ այն աշխատատեղի համար։

Ավելի առաջ նայելով՝ երկու հիմնական նպատակ ունեմ․

  • ընդունվել և սովորել Սթենֆորդում, քանի որ հենց այնտեղ է գտնվում արհեստական բանականության լաբորատորիան, որ շատ հայտնի է աշխարհում։
  • օգնել տաղանդավոր երիտասարդներին։ Հույս ունեմ ապագայում կկարողանամ մի կարևոր բան ստեղծել, որ կօգնի, կոգեշնչի, կմոտիվացնի, կաջակցի այդ երիտասարդներին և հնարավորություն կտա զարգանալ և ավելի լավ ապագա ունենալ։

 

Իսկ վերջում․․․ THE END

Աղջիկնե՛ր և տղանե՛ր, երբեք մի վախեցեք նոր բաներ փորձել։ Տեխնոլոգիաների դարում, ամեն օր մի նոր բան է ստեղծվում, պետք է ուղղակի չվախենալ նոր բաներ փորձելուց։ Ավելին՝ մի վախեցեք ձախողումներից։ Ես ձախողվել բառը չեմ հասկանում, ինձ համար ձախողվելն ուղղակի փորձելն է և հասկանալը՝ արդյոք դա ինձ համար է, թե՞ ոչ։

Ինձ համար ձախողումները միայն ավելի բարձր թռչելու, ավելի մեծ քայլեր անելու հնարավորություններ են։

 


«ԳՏԱ»-ն աշխատանքի հարթակ է ՏՏ ընկերությունների համար, որը արհեստական բանականության միջոցով կիրականացնի թեկնածուների հարցազրույցները, կընտրի ամենահարմար ու տաղանդավոր աշխատակիցներին ընկերությունների համար, ավելին՝ կօգնի ընկերություններին պահել այդ աշխատողներին։ Հարթակում ամեն մի ընկերություն կկարողանա իր էջն ունենալ՝ ըստ իրենց ցանկացած դիզայնի ու բովանդակության։

Թիմը հաղթեց Աքսելերատոր #5-ում, որ իրականացնում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ, և 750 ԱՄՆ դոլար պարգևատրություն ստացավ: