«Հետո ինչ եղավ» պատկերապատումը կօգնի երեխաներին հաղթահարել պատերազմի վախերն ու ցավերը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Պարադիգմա կրթական հիմնադրամը գրաֆիկական նովել են ստեղծել՝ աջակցելու ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաներին

Ժաննա Ուլիխանյան
Աղջիկը կարդում է պատկերապատումը։
UNICEF Armenia/2021/Sahakyan
14 Դեկտեմբեր 2021

Գրաֆիկ նովե՞լ, ինչու՞

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում և դրանից հետո ակնհայտ դարձավ, որ դժվար էր հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժած բոլոր երեխաներին՝ պայմանավորված թե՛ մարդկային ռեսուրսների սակավությամբ, թե՛ լոգիստիկ խնդիրներով։ Այս պատկերապատումը երեխաներին առաջարկում է մի քանի հիմնական մոտեցումներ, որոնք կիրառելով՝ երեխաները կարող են հաղթահարել ճգնաժամի պատճառով առաջացած որոշ հոգեբանական խնդիրներ։

Հենց դրա համար Պարադիգմա կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը, հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Թալին Սաղդասարյանը, նկարիչ Տիգրանը Մանգասարյան, հոգեբան Սոլանժ Թամամյանը, համագործակցելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի հետ, ստեղծեցին «Հետո ինչ եղավ » պատկերապատումը։ Դրա միջոցով երեխաներին առաջարկվում է մի քանի հիմնական մոտեցումներ՝ հաղթահարելու ճգնաժամի պատճառով առաջացած որոշ խնդիրներ։

Գրաֆիկ նովելը նախատեսված է 8-15 տարեկան երեխաների համար։ Կազմված է երեք մասից և ներկայացնում է երեք հիմնական պատմություն։ Ներառված են նաև վարժությունիկներ, որ հնարավորություն են տալիս երեխային մտածել պատմության մասին, ինքն իրեն տեսնել այդ պատմության մեջ և իր վրա պրոյեկտել առաջարկվող մոտեցումները։

Երեք պատմություններով անդրադարձ է կատարվում երեք հիմնական խնդիրներին, որոնց երեխաները հաճախ են առերեսվում պատերազմական իրավիճակներում։ Առաջին պատմությունը անորոշության ու անզորության իրավիճակներում անելիք գտնելու, ինքդ քո տեղը գտնելու մասին է։ Երկրորդը՝ հարազատի կորստի վիշտը, իսկ երրորդը վախերը հաղթահարելու մասին է։

Ճիշտ է՝ նովելը ստեղծվել է արձագանքելու հետպատերազմական ճգնաժամին, բայց այն կարող է կիրառվել ցանկացած այլ ճգնաժամային իրավիճակներում ևս։

Ներբեռնել պատկերապատումը
Պարադիգմա կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը, հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Թալին Սաղդասարյանը, նկարիչ Տիգրանը Մանգասարյան, հոգեբան Սոլանժ Թամամյանը
Mediamax

Ինչպես ստեղծել գրաֆիկ նովել երեխաների համար. Մեր փորձը

Քայլ առ քայլ ներկայացնում ենք, թե ինչպես ստեղծվեց այս պատկերապատումը։

Գտնել հիմնական խնդիրները

Այս փուլում, հիմնվելով տարբեր երկրներում պատերազմական և հետպատերազմական հետազոտությունների և աշխատանքների վրա, և երեխաների հետ աշխատող հոգեբանների հետ քննարկումների շնորհիվ՝ առանձնացվեց այն երեք հիմնական մտահոգություններն ու հոգեբանական խնդիրները, որոնց սովորաբար առերեսվում են երեխաները նման ճգնաժամային իրավիճակներում։ Դրանք են․

  • Անորոշությունը, անզորությունը
  • Հարազատների կորստի վիշտը
  • Տարատեսակ վախերը

Խնդիրներն առանձնացնելուց հետո հոգեբանի հետ մշակվեց այն մոտեցումները, որ նպատակահարմար կլինի ներառել նովելում՝ թիրախելով նշված տարիքային խմբի երեխաներին։

Ընտրել պատմությունները

Խնդիրները գտնելուց հետո, երկար քննարկվեց, թե ինչ պատմություններ պետք է ընտրել։ Շտապենք տեղեկացնել, որ ընտրված պատմությունները և հերոսները, հիմնականում իրական են։ Օրինակ՝ նովելում կհանդիպեք մի աղջկա, ով թիթեռ է նկարում և ասում է․ «ես թիթեռ եմ նկարում, որ ուր, որ ուզի, թռչի»։ Հավանաբար կհիշեք կացարաններից մեկում ապրող աղջկա հարցազրույցը, որ ուզում էր թիթեռ դառնալ և թռչել ու գնալ իր հայրենի վայրերը։

Երկրորդ պատմությունը, որը հարազատի կորստի մասին է, թերևս, ամենաբարդ թեման է, և շատ կարևոր էր մի այնպիսի պատմություն ընտրել, որ անուղղակիորեն կներկայացնի թեման, և այդքան ծանր չի լինի երեխայի համար։ Բարեբախտաբար գտնվեց։ Երկրորդ պատմությունը մշակվել է Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի հիման վրա։ Ստանալով արձակագրի տղայի՝ Դավիթ Մաթևոսյանի թույլտվությունը՝ հնարավոր եղավ անգամ մի փոքր հավելել պատմվածքի եզրահանգումը, քանի որ մեր նպատակը մի քիչ այլ էր և պետք էր ընտրել այնպիսի եզրահանգում, որ հոգեբանական տեսանկյունից այդտեղ ավելի ճիշտ կլիներ երեխաների համար։

Գրել -ջնջել սցենարը

Սցենարը մշակելիս հաշվի են առնվել երկու կարևոր կետ։ Նախ՝ սա գրաֆիկական նովել է՝ հիմնված միայն երկխոսությունների վրա, սակայն միայն տեքստը բավարար չէր, պետք էր ամբողջական սցենար մշակել։

Երկրորդը՝ երկխոսությունները մշակելիս խորհրդակցել հոգեբանի հետ, որովհետև բոլոր հիմնական մոտեցումները հաղորդում ենք հենց դրանց միջոցով և հնարավորինս ճշգրիտ հաղորդակցություն պետք էր մշակել։ Ոչ թե, որովհետև պատկերներով դա հնարավոր չէ անել, այլ որովհետև պատկերներով դա ավելի բարդ է ներկայացնել, հատկապես այն երկրում, որտեղ երեխաները այդպիսի ձևաչափին սովոր չեն։ Հայերեն գրաֆիկ նովելներ իսկապես քիչ կան՝ մեկ-երկու հատ են։

Խորհրդակցել մասնագետների հետ

Մոտ քսան տարբեր մասնագետներ են ներգրավվել՝ դիտարկելու նովելը գենդերային հավասարության, երեխաների պաշտապնության, հոգեբանական և այլ բազում ուղղություններով։ Արդյունքում նախնական սցենարը որոշակիորեն փոխվել է, բայց իրականությունից շատ չի հեռացել։ Գուցե որոշ կետեր ավելի շատ փոխվեին, ուղղակի առաջնային նպատակն էր չստեղծել մի այնպիսի իրականություն, որը չկա։

Փորձարկել նյութը երեխաների հետ

Բացի մեծահասակների դիտարկումները հաշվի առնելը՝ նույնչափ կարևոր էր հաշվի առնել նաև երեխաների դիտարկումները։ Միայն երեխաների հետ քննարկելով՝ կհասականայինք՝ արդյոք նովելը ծառայում է իր նպատակին, թե՝ ոչ։ Այցելելով մոտ չորս կացարան՝ 40-50 երեխայի համար կարդացինք նովելի սցենարը։

Այս փորձարկման շնորհիվ արդեն իսկ մշակված սցենարը որոշակիորեն փոխվեց ։

Նախ՝ պարզեցվեց նովելի լեզուն․ մեծահասակների կողմից գրված գիրք էր, և բառեր կային, որոնք երեխաները չէին օգտագործում և երեխաներից շատերը միայն բարբառով էին խոսում։

Մյուս կարևոր քայլն այն էր, որ առանձնացվեցին այն կետերը, որոնք տեքստով այդքան էլ լավ չէին հասկացվում, որպեսզի այդ մասերի պատկերազարդմանն ավելի ուշադրություն դարձվեր։

Երրորդ հիմնական արձագանքը վերաբերում էր ընտրված պատմություններին։ Տեսնելով երեխաների էմոցիոնալ պատասխանն ու արձագանքը՝ պարզ դարձավ, որ ճիշտ պատմություններ են ընտրվել։

Պատկերել պատմությունը

Սցենարն արդեն մշակված էր։ Պետք է սկսել պատկերազարդումը։ Նկարիչ Տիգրան Մանգասարյանը տիտանական աշխատանք է կատարել՝ նկարելով 40 էջ ընդամենը 50 օրում, մինչդեռ սովորաբար գրաֆիկ նովելի մեկ էջը նկարում են 3-7 օրում։

Այս փուլում կարևոր էր մի քանի կետ։

Պետք էր հիմնվել իրական նկարների և իրավիճակների վրա, որպեսզի ընթերցողի և գրքի միջև ստեղծվեր այդ անհրաժեշտ կապը։

Երկրորդ՝ նյութի հիմնական հաղորդագրությունները նաև պատկերների մեջ պետք էր ներառել։

Երրորդ՝ պետք էր գրաֆիկական սիրուն աշխատանք ու արդյունք ունենալ՝ զարգացնելու երեխաների գեղագիտական ճաշակը ևս։

Տղան կարդում է պատկերապատումը։
UNICEF Armenia/2021/Sahakyan

Երեխաների համար ինչ մոտեցումներ ենք ներառել նովելում

 

Պատկերապատման առաջին պատմությունից մեկ էջ։
UNICEF & Paradigma Educational Foundation

Առաջին պատմություն երբ քեզ անզոր ես զգում, շատ բան վախեցնում է ու բարկացնում, սակայն շատ բան էլ կարող ես, եթե․․

Առաջին պատմությունն անդրադառնում է անորոշության, անզորության զգացումին։ Մի տղայի մասին է, ով ապաստարանում է գտնվում իր մայրիկի հետ։ Երեխան իրեն շատ անզոր է զգում, ուզում է մի օգտակար բան անել և ինքնուրույն որոշում է դուրս գալ ապաստարանից և հաց բերել կացարանի բոլոր բնակիչների համար։ Դրսում հանդիպում է մի մեծահասակի, ով օգնում է երեխային, ուղեկցում է նրան, տրամադրում է հացը։ Անծանոթը տղային խորհուրդ է տալիս անել այն, ինչին իր ուժը/կարողությունը պատում է, և դա բավարար է։ Առաջարկում է ապաստարանում օգնել կողքինին, զբաղեցնել փոքրիկներին, քանի որ դա նույնպես աջակցություն է։

Այս պատմության տողատակերում նաև մեկ այլ հիմնական խորհուրդ է դրված, այն է, որ երեխան ծնողի հետ քննարկի և գտնի իրեն հուզող խնդիրների լուծումը՝ նախքան որևէ քայլ անելը։

Պատկերապատման երկրորդ պատմությունից մեկ էջ։
UNICEF Armenia/2021/Sahakyan

Երկրորդ պատմություն մարդիկ մահանում են, բայց նրանք կան, քանի դեռ նրանց հիշում ես ու շարունակում ես կյանքդ լիարժեք ապրել:

Պատմության հերոսներն են մայրն ու աղջիկը, որոնք ապաստարանում նստած կարդում են Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը, որ կանքի, ապրելու պայքարի մասին է։ Այն մասին է, թե ինչպես է մայր ձին պայքարում գայլի դեմ և փրկում իր քուռակին սեփական կյանքի գնով։ Այս պատմության հիմնական խորհուրդը ամենավերջին երկխոսության մեջ է թաքնված։ Երեխային նկարագրելով, թե ինչ պատահեց, աննուղակիորեն ստեղծելով ասոցիացիա իր սեփական կորստի հետ, տալիս ենք այդ կորուստը հաղթահարելու հիմնական խորհուրդը․

Մեջբերում․

-Իսկ Կարմիրը մայրիկին հիշո՞ւմ է։

-Գուցե հիշում է իր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են։

-Մարդկա՞նց նման։

-Այո՛, իր հուշերում նա կա։ Ինքը պիտի շարունակի ապրել և իրականացնել իր երազանքները։ Քուռակը երբեք միայնակ չի մնա։

-Մայր ձին դա կուզե՞ր։

-Այո՛, քանի որ հենց այդ ազատության համար էր պայքարում մայր ձին

Պատկերապատման երրորդ պատմությունից մեկ էջ։
UNICEF Armenia/2021/Sahakyan

Երրորդ պատմությունբոլորն էլ ունեն վախեր, բայց նաև հնարավորություն՝ դրանք հաղթահարելու:

Այս պատմության մեջ կենտրոնանում ենք ոչ թե այս կամ այն վախի վրա, այլ այն հաղթահարելու մոտեցումների վրա։ Հոգեբանության մեջ կա վախի հաղթահարման տարբեր մոտեցումներ, բայց այստեղ կենտրոնացել ենք մի մոտեցման վրա, թե ինչպես կառավարել վախի զգացումը։

Պատմում ենք, թե ինչպես պատերազմի թեժ օրերին երեխան, մեքենան ինքնուրույն վարելով, ընտանիքին հասցնում է Գորիս։ Ամբողջ ճանապարհին նաև ռետրոսպեկտիվ ներկայացնում ենք, թե ինչպես էր հայրիկը տղային սովորեցնում մեքենա վարել։ Մի դրվագ կա, որտեղ երեխան մեքենա վարելիս հանկարծ ուժեղ ձայն է լսում, որից վախենում է, և հայրիկը սովորեցնում է, որ վախը նորմալ է և պետք է ուղղակի կարողանալ հաղթահարել այն․ պետք է պատկերացնել, թե ինչպես է վախի առարկան փոքրանում, իսկ երեխան՝ մեծանում, և պետք է շնչել-արտաշնչել ու շարունակել գործել: Ահա պատմության վերջում եղբոր և քրոջ երկխոսությունը․

-Հա, փորձում էի հանգիստ շնչել, մտածում էի, որ հետո մամային կպատմեմ վախերիս մասին։ Պապան ասում էր, որ միշտ պատմենք մեր վախերի մասին, որ կարողանանք իրար օգնել։

-Մեքենա քշել կսովորեցնե՞ս

-Հենց մաման թողնի, կսովորեցնեմ։ Բայց ինչի՞ ես ուզում հենց հիմա քշել սովորել

-Որ հետ գնալուց ես քշեմ։

Հետո ինչ եղավ նովելի շնորհանդեսն է։
UNICEF Armenia/2021/Sahakyan

Քաղած դասեր

Թերևս կարևոր է ներկայացնել այն բոլոր քաղած դասերը, որոնք կօգնեն հետագա նմանատիպ նյութեր մշակելիս։

Հինգ հիմնական կետ, որ պարտադիր է երեխաների համար նյութ մշակելիս

  • փորձարկում երեխաների հետ․ պետք է նյութի մշակման բոլոր փուլերում ներգրավել երեխաներին։
  • դիտարկել նյութը հնարավորինս տարբեր կողմերից՝ կրթական, հոգեբանական, երեխայի պաշտպանության, գենդերային հավասարության և մնացած բոլոր կողմերից։
  • անկախ՝ ինչ խնդիր է լուծում բովանդակությունը, այն պետք է լինի լավը նաև գեղագիտական տեսանկյունից։ Պետք է ունենալ գրագետ տեքստ, գրագետ և ճաշակով պատկերազարդում։
  • դիտարկել էլեկտրոնային մոտեցումները նույնպես, որպեսզի ավելի շատ երեխաների հասնելու ու ավելի ինտերակտիվ մոտեցումներ կիրառելու հնարավորություն լինի։
  • հաշվի առնել, որ ցանկացած հեքիաթի վերջում միշտ պետք է բարին հաղթի, այն պետք է լինի բարի ու դրական էմոցիաներ առաջացնող։

Նախապես պատրաստվել ճգնաժամներին։

Երբ պատերազմը բռնկվեց, պարզ դարձավ, որ երեխաների համար հատուկ մշակված գրականություն չկա։ Մինչդեռ այս գրաֆիկ նովելն առաջին հայերեն նյութն է այս ձևաչափով ու տեսակով, սակայն նման նյութերի կարիք, հիրավի, շատ կա։ Կարևոր է՝ այսպիսի նյութեր պատրաստել և ունենալ նախապես և ոչ՝ ճգնաժամերից հետո, որպեսզի ավելի արագ հնարավոր լինի կազմակերպել աջակցությունը։

Ինչ վերաբերում է հոգեբանական առաջին օգնությանը, ապա շատ կարևոր է, որ հասարակության լայն շերտեր կարողանան դա տրամադրել, ճիշտ առաջին բուժ օգնության նման։ Չէ՞ որ հաճախ առաջին շտապ օգնություն տրամադրելով՝ կարող ես կյանք փրկել։ Հոգեբանական առաջին օգնությունը ճգնաժամերին առաջին արձագանքը պետք է լինի։

 


Հոգեբանական աջակցություն պատերազմից տուժած երեխաներին

Մինչ պատերազմի բռնկումը ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն հոգեսոցիալական աջակցություն էր տրամադրում Հայաստանի երեք սահմանամերձ մարզերում՝ Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում՝ կապված ՔՈՎԻԴ-19 համավարակի հետ։

Երբ պատերազմը բռնկվեց, ավելի մեծ ջանքեր և ռեսուրսներ ներդրվեցին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր գործընկերների հետ միասին սկսեց աշխատել գրեթե բոլոր մարզերում, որտեղ հանգրվանել էին պատերազմի պատճառով տեղահանված ընտանիքները։ Աշխատում էինք հետևյալ հիմնական ուղղություններով՝ հոգեբանների, ինչպես նաև սոցիալական աշխատողների, ուսուցիչների և այլ հարակից մասնագետների կարողությունների զարգացում առաջին հոգեբանական օգնություն և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար, երեխաների և ընտանիքների հետ աշխատանք խմբային և անհատական ձևաչափով, ինչպես նաև ընկերային աջակցության խմբերի ձևավորման միջոցով։

Մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ՝ բոլոր համայնքերում զարգացրինք նեղ և հարակից մասնագետների՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների, պետական համայնքային ծառայողների, ուսուցիչների, սոցիալական ոլորտի այլ մասնագետների կարողությունները։ Այսուհետ, այս համայնքներում հնարավոր կլինի ցուցաբերել հոգեբանական առաջին օգնություն՝ անկախ նրանից այդ պահին համայնքում որևէ գործող ծրագիր կա, թե՝ ոչ։

Պատերազմի օրերին և դրանից հետո, ի լրումն Երեխաների պաշտպանության թեժ գծի՝ 0800 61111, վերագործարկվեց երկու թեժ գիծ ևս՝ 044 086111 և 055 086111։ Առաջինը երեխաների և նրանց ընտանիքների, իսկ երկրորդը՝ մասնագիտական աջակցության թեժ գիծ սոցիալական ոլորտի աշխատուժի համար էր նախատեսվել, քանի որ վերջիններիս աշխատանքի բեռը կրկնապատկվել-եռապատկվել էր և նրանք ևս, ինչպես հոգեսոցիալական, այնպես էլ մասնագիտական խորհրդատվության աջակցության կարիք ունեին։

Երեք սահմանամերձ մարզերում՝ Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծվեցին ընկերային աջակցության խմբեր։ Ընտրվեցին դեռահասներից, ծնողներից, մասնագետներից կազմված խմբեր, որոնց փոխանցվեցին հոգեբանական առաջին օգնության վերաբերյալ հիմնական գիտելիքներ։ Այսուհետ, ճգնաժամի դեպքում այս խմբերը կարող են ակտիվանալ ու առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերել այն բոլոր անհատներին, որոնք դրա կարիքն ունեն, մինչ վրա կհասնի մասնագիտական աջակցությունը։

2020թ-ի հոկտեմբերից սկսած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող միջամտությունների արդյունքում 32,306 երեխաներ և դեռահասներ, ծնողներ և խնամակալներ, ինչպես նաև՝ սոցիալական ծառայության մասնագետներ ստացել են հոգեսոցիալական աջակցություն։

Սոցիալական ծառայության ավելի քան 2,000 մասնագետ վերապատրաստվել է արտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցության և դեպքերի կառավարման թեմաներով: Իսկ ուսուցման հատուկ էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տվել և տալիս բոլոր հետաքրքրված մասնագետներին բարձրացնել իրենց կարողությունները հոգեբանական առաջին օգնություն և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հարցում:

Ավելի քան 500 մասնագետ խորհրդատվություն է ստացել մասնագիտական աջակցության թեժ գծի միջոցով:

Ավելի քան 11,000 երեխաներ, դեռահասներ, ծնողներ և խնամակալներ ուղղակիորեն՝ խմբային կամ անհատական ձևաչափով ստացել են հոգեսոցիալական աջակցություն։ Իսկ «Հետո ինչ եղավ» պատկերապատումը կտրամադրվի հակամարտությունից տուժած ավելի քան 30,000 երեխաներին։

Առաջիկայում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում նախատեսվում է այս պատրաստվածությունը և կարողությունները ավելի զարգացնել, քանի որ պատրաստվելով ճգնաժամերին՝ մենք պատրաստվում ենք կյանքի ցանկացած այլ կարևոր իրավիճակին։