«Խելացի դպրոց» թիմը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սփարք նորարարության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում է
Ստեղծելով տագնապի հայտարարման ավտոմատացված համակարգ՝ Գավառի երիտասարդները ցանկանում են արագացնել արտակարգ իրավիճակների արձագանքը սահմանամերձ համայնքներում:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Հովիկը, Նարեկը, Աննան, Ալվարդն ու Լևոնը Գավառ քաղաքից են։ Նրանք համադասարանցիներ են, սովորում են 10-րդ դասարանում, սակայն վերջերս նաև գործընկերներ են դարձել։ Դեռահասները թեև դեռ դպրոցական են, անվտանգությանը նպաստող տագնապային համակարգ են ստեղծում դպրոցների համար:
Ամեն ինչ, սակայն, սկսվել է «խելացի զանգի» գաղափարից. դեռահասները ստեղծել են մի համակարգ, որը հնարավորություն է տալիս դպրոցներում ավտոմատացնել դասամիջոցի զանգը։
«Դպրոցում պարբերաբար դասամիջոցի զանգն ուշ էին տալիս. այդպես անարդար է։ Զարգացած տեղերում և, թեկուզ, Երևանի շատ դպրոցներում զանգերը ավտոմատացված են։ Սկսեցինք ուսումնասիրել ու մտածել, թե ինչպես կարելի է մեզ մոտ էլ այն ավտոմատացնել», - պատմում է Հովիկը։
«Պատահում էր, որ դասի ժամանակ ուսուցչանոցում մարդ չէր լինում և ուսուցիչը դասարանից դուրս էր գալիս, հասնում էր ուսուցչանոց, որ զանգը սեղմեր։ Մենք որոշեցինք մարդկային գործոնը քչացնել և ստեղծել համակարգ, որ զանգը ճիշտ ժամին ավտոմատ հնչի», -
«Մտածեցինք, որ եթե համակարգը ստեղծենք, ապա խնդիրը բացի մեր դպրոցում լուծելուց, կարելի է լուծել համայնքի տարբեր դպրոցներում ևս», -
Համադասարանցիների համար շրջադարձային էր 2022թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից Գավառում իրականացրած UPSHIFT ծրագրում ներգրավվելը, որը հնարավորություն ընձեռեց նրանց զարգացնել իրենց գաղափարը, ստանալ մասնագիտական օգնություն և հմտություններ՝ իրագործելու այդ գաղափարը։
Դասարանցիները, դառնալով UPSHIFT-ի հաղթողներից մեկը, ստացել են ֆինանսավորում գաղափարը կատարելագործելու և մարզի յոթ այլ դպրոցներում տեղադրելու համար։ 16-ամյա Հովիկը համադասարանցու՝ Նարեկի հետ հաճախել է Գավառի Արմաթ ինժեներական լաբորատորիա, որտեղ էլ ծրագրավորում են սովորել, ինչը նրանց շատ օգնել է համակարգը մշակելու հարցում:
Սակայն դեռահասներն այսքանով չեն սահմանափակվել։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու աշխատակիցների՝ Հասմիկ Ալեքսանյանի և Մկրտիչ Դալլաքյանի առաջարկությամբ, թիմը մշակել է նոր գաղափար՝ ստեղծել արտակարգ իրավիճակների ժամանակ տագնապային ավտոմատացված ազդանշանային համակարգ, որը կօգտագործվի թե՛ պատերազմական իրավիճակներում, թե՛ բնական աղետների դեպքում։
«Ուսուցողական տագնապի ժամանակ դպրոցի սովորական զանգն են օգտագործում: Մտածեցինք՝ դասարանում նստած աշակերտը ինչպես կարող է հասկանալ, որ դա դասամիջոցի զանգ չէ, այլ արտակարգ իրավիճակ է և պետք է տարհանվել։ Ծագեց տագնապի հայտարարման նոր ավոտմատացված համակարգ ստեղծելու մտահղացումը», -
Երիտասարդները որոշել են ստեղծել հավելված, որի միջոցով տագնապային ազդանշանը կմիացվի. «Հավելվածի առավելությունն այն է, որ դպրոցի յուրաքանչյուր կետից, թեկուզ դպրոցից դուրս, օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից կարող են տագնապը միացնել»:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի աջակցությամբ՝ թիմն այս գաղափարը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինովացիոն հիմնադրամի կողմից կազմակերպվող SPARK -ի նորարարության մրցույթին։ Արդյունքում, Հայաստանի թիմը, մրցելով 65 երկրից ներկայացաված 117 գաղափարների հետ, դարձել է 9-ը հաղթողներից մեկը։ Ութ այլ թիմերի պես նրանք արժանացել են քսան հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորման և աջակցություն ստացել տարբեր փուլերում, այդ թվում՝ բիզնես մոդելի մշակման, փորձարկման և նախագծի հաղորդակցության ապահովման փուլերում: Այդ ամենի շնորհիվ նրանք հիմնեցին իրենց կազմակերպությունը:

«Երիտասարդներն ունեին երեք ամիս իրենց գաղափարը կյանքի կոչելու համար: Թիմային աշխատանքը և ԱՓՇԻՖԹԻ ժամանակ ստացած մի շարք այլ հմտությունները նրանց շատ օգնեցին: Երիտասարդներին հզորացնելը, նրանց ձայնը լսելի դարձնելը, նրանց հետ աշխատելը և իրենց համայնքում փոփոխություններ բերելու գործում նրանց օգնելը ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար շատ կարևոր է»,-
«Մինչև UPSHIFT-ը ես թիմով չէի աշխատել ու սա շատ մեծ փորձառություն եղավ։ Շատ հաճելի է, որ դու ներգրավված ես թիմում, իհարկե նաև պատասխանատու ես քեզ զգում թիմի համար։ Գիտես, որ աշխատանք ունես, որը պետք է լավ անես, քանի որ հնարավոր է քո վատ աշխատանքից ընդհանուր գործը տուժի», -
Նախագծում թիմի յուրաքանչյուր անդամ իր պարտականություններն ու աշխատանքն ունի: Սոցիալական ցանցերի և մարքեթինգի համար պատասխանատու Աննան նշում է, որ թեև հիմա շատ աշխատանք չունի նախագծի շրջանակում, քանի որ այս փուլում դեռ աշխատում են տեխնիկական մասի վրա, սակայն, այնուամենայնիվ, ամբողջ թիմը փորձում է միմյանց օգնել, խորհրդակցել յուրաքանչյուր հարցում ու գտնել լավագույն լուծումը: Աննան ասում է, որ UPSHIFT-ի ընթացքում է համոզվել իր ապագա մասնագիտության հարցում. որոշել է, որ շուկայագետ է դառնալու:
Լևոն Գուռոյանն էլ, ծրագրում ներգրավվելով, կարողացել է հմտանալ իր ապագա մասնագիտության՝ գրաֆիկ դիզայնի մեջ։
«Ես մանկուց սիրել եմ նկարել, նկարչության եմ հաճախել ու որոշեցի լինել գրաֆիկ դիզայներ, քանի որ և՛ համակարգչի ու հեռախոսի հետ սեր ունեմ, և՛ ֆոտոշոփի։ UPSHIFT-ի շրջանակում սովորեցի ֆոտոշոփի գործիքակազմը, մասնագետների հետ շփվելու հնարավորություն ունեցա, ծանոթացա դիզայնի տարբեր ոճերի հետ», -
Նարեկին է վստահվել հավելվածի ամբողջ դիզայնը։ «Որոշեցի միանալ թիմին ու օգնել, որպեսզի պրոդուկտն ավելի գեղեցիկ լինի։ Այս գործն այնպես պետք է անես, որ և՛ քեզ դուր գա, և՛ այն մարդկանց, որոնց համար պատրաստում ես այն», - ասում Նարեկը՝ մեծ փորձառություն համարելով նաև դասարանցիների հետ թիմային աշխատանքը, որն իր խոսքով շատ ավելի արդյունավետ ու հաճելի է։
Համագործակցությունների համար պատասխանատու Ալվարդը ևս այս փորձառությունը համարում է բացառիկ։ 16-ամյա աղջիկն արդեն իսկ բավականին փորձ է ձեռք բերել. խելացի զանգերի տեղադրման ժամանակ հենց ինքն է բանակցել ու համագործակցել դպորցների տնօրենների հետ։
«UPSHIFT-ը իմ կյանքի առաջին լուրջ և պատասխանոտ աշխատանքն էր։ Ծրագրի շնորհիվ սովորեցի բեմից անկաշկանդ խոսել, քանի որ միջոցառումների ժամանակ, սկզբում շատ էի լարվում, սակայն ի վերջո կարողացա հաղթահարել կաշկանդվածությունս։ Սովորեցինք մեզ ու մեր կատարած աշխատանքը ներկայացնել»,-
Այժմ էլ Ալվարդն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակների ու ռազմական դրության պայմաններում բնակչությանը ազդարարման մասին օրենքները, որպեսզի իրենց հավելվածի միջոցով ճիշտ ազդանշաններ տան: Իսկ Հովիկն ու Նարեկն իրականացնում են հավելվածի ծրագրային ու տեխնիկական մասը։
«Կտրել, կպցնելն ու զոդելն իմ գործն է։ Իսկ Հովիկը մեր ծրագրավորողն է։ Երկուսս իրար օգնելով, իրար թիկունք դարձած աշխատում ենք պրոդուկտի վրա», - նշում է Նարեկ Խաչատրյանը, որը ևս UPSHIFT-ի շնորհիվ կարողացել է կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում: Ասում է՝ հասկացել է՝ իրենը ՏՏ ոլորտն է, հասկացել է, որ պետք է ռադիոֆիզիկայով ու էլեկտրոնիկայով և մի փոքր էլ ծրագրավորմամբ շարունակել։ «Ամենահաճելի պահն այն է, որ մեր սարքը հավաքում, վերջացնում ենք, արդեն ծրագիրը գցում ենք մեջը ու սպասում ենք այն վայրկյանները, որ ծրագիրը պետք է աշխատում է։ Ու երբ ամեն ինչ աշխատում է, այդ պահը մի մեծ երջանկություն է առաջացնում», - ասում է 16-ամյա աշակերտը։
Հովիկն էլ հաստատակամ է շարունակել ուսումը ՏՏ ոլորտում։ Այս ընթացքում կարողացել է այնքան գիտելիք ձեռք բերել, որ գրեթե միայնակ գրում է հավելվածը։ Ասում է՝ հատկապես ուրախ են, որ իրենց ստեղծած հավելվածը կօգտագործվի այլ մարզերում ևս և որոշ չափով կնսպաստի հատկապես սահմանամերձ շրջանների անվտանգությանը։
«Այս հաղթանակն իսկապես ոգևորիչ է թե՛ մեզ, թե՛ երիտասարդների համար: Այժմ երիտասարդները պատասխանատու են ամբողջ գումարի կառավարման ու գաղափարի զարգացման համար։ Կարևոր փուլ է իրենց կյանքում, ու մենք շատ ուրախ ենք, որ մեր կողմից կարողացանք ինչ-որ բան անել, որ գաղափարն ավելի զարգանա», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի ծրագրի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը:
«Երբ պատրաստ լինեն, տագնապային ազդարարման համակարգերը կտեղադրվեն երիտասարդական կենտրոններում, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ հիմնվել են տարբեր համայնքներում»:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Նորարարության հիմնադրամը հայտարարեց SPARK մրցույթի եզրափակիչ փուլում երեք հաղթողներին. Ուրուգվայի, Պաղեստինի և Գվատեմալայի թիմերը կշարունական աջակցություն ստանալ և զարգացնել իրենց գաղափարը:
«Ու թեև Հայաստանի ծրագիրը չի ընդգրկվել երեք հաղթողների ցանկում, մենք վստահ ենք, որ սա հրաշալի փորձառություն էր երիտասարդների համար, քանի որ վստահ գիտենք, որ հերթական անհաջողությունը ավելի մեծ հաջողության հասնելու միակ ճանապարհն է», - ամփոփեցին Հասմիկն ու Մկրտիչը:
Երիտասարդները նույնպես հպարտ են իրենց անցած ճանապարհով. «Հիմա մեր ուղեղում շատ մտքեր են ծագել՝ բացի էլեկտրական զանգը և խելացի տագնապի ազդարարման համակարգը, շատ այլ ծրագրեր ունենք նախագծած։ Դրանք էլ պիտի իրագործենք», - եզրափակում են երիտասարդները։