«Իմ աղջիկներն իմ հրաշքներն են»

Երկու ընտանիք այլ կերպ են դիտարկում Հայաստանում ընդունված տղա երեխայի նախապատվությունը

Հարցազրուցները՝ Նաիրի Աբրահամյանի, խմբագրությունը՝ Անժելա Հոուքի
Հարությունը իր չորս դուստրերի հետ նստած է տան հյուրասենյակում։
UNICEF/Anush Babajanyan VII
10 Մարտ 2020

Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է՝ չթողնելով «անցանկալի» սեռի երեխան ծնվի։ Ինչի պատճառով էլ թե՛ ընտանիքներում, թե՛ դասարաններում, թե՛ համայնքներում, աղջիկները քիչ են։ Վերջին 8 տարվա մեջ 4591 աղջիկ չի ծնվել՝ միայն տղա երեխայի հաստատուն նախապատվության պատճառով։ Պատկերացնո՞ւմ եք՝ 4000-ից ավելի աղջիկ երեխայի՝ 4000 ավելի փոքրիկի կորսված կյանք՝ կորսված հնարավորություններ ու ահռելի ներուժի կորուստ։

Բայց իրավիճակը սկսվում է փոխվել։ Գավառում ապրող Մկրտիչ Հովհաննիսյանը և Երևանում ապրող Հարություն Դարբինյանը չորս դուստրեր ունեն։ Երկուսն էլ վստահ են, որ երեխան երեխա է, երկուսն էլ անտեսել են «իդեալական ընտանիք» ունենալու հասարակական ճնշումները։ Սակայն երկուսն էլ իրենց մաշկի վրա են զգացել, որ դրանք կարող են լինել անդադար, բացահայտ՝ հաճախ իբրև կատակ ներկայացվելով։ 

Հայր ու դուստր միասին վերանորոգում են ռադիո ընդունիչը։
UNICEF/ Anush Babajanyan VII

Քառասունչորսամյա Մկրտիչ Հովհաննիսյանը վերանորոգում է փայտյա տուփը, նրա աղջիկը՝ Սվետլանան, օգնում է հայրիկին։ Այս ընտանիքն ապրում է Գավառում։ Մկրտիչը 4 աղջիկների հայր է, ժամանակին ռադիոֆիզիկ էր, սակայն թողել է իր ուսումն ու գնացել մասնակցելու Ղարաբաղյան պատերազմին, որտեղ նա կորցրել է իր ձախ ձեռքը։

«Ամեն մեկը մի բանի համար պետք է ապրի։ Ես ապրում եմ իմ երկրի, իմ ժողովրդի համար։ Իմ երեխաներն ազգիս հանդեպ ունեցած իմ պարտքն են։ Տղա՞, թե՞ աղջիկ, տարբերություն չկա»,-ասում է Մկրտիչը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ Հայաստանում ուսումնասիրվել են տղայի նախապատվության արմատական պատճառները: Այն իր տեսակի մեջ առաջին խորքային հետազոտությունն է այս թեմայով: Հետազոտությունն իրականացվել է 2017-2019 թթ-ին Բրաունի համալսարանիՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի և Լոզանի համալսարանի կողմից։ Հետազոտության արդյունքները փաստում են, որ երեք հիմնական գործոն կա, որոնք համատեղ ազդելով սաստկացնում են սեռերի անհավասարությունը՝ արդյունքում դառնալով աղջիկների չծնվելու պատճառ․ դրանք են՝ ծնելիության անկումը, ուլտրաձայնային տեխնոլոգիաների զարգացումը և տղա երեխայի արժևորման խորապես արմատավորված նորմը։

Մկրտիչը իր աղջիկների և կնոջ հետ նստած է իրենց հյուրասենյակի բազմոցին։ Ընտանեկան նկար է։
UNICEF/Anush Babajanyan VII

«Չգիտեմ, թե ինչու են մարդիկ այդքան ցանկանում տղա ունենալ։ Նրանց թվում է, թե տղաները հետագայում հոգ կտանեն իրենց մասին։ Բայց ես գիտեմ տղաների, ովքեր երբեք իրենց ծնոնղներին նույնիսկ մեկ բաժակ ջուր չեն տվել։ Մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է պետք»,- ասում է Մկրտիչը:

Հարությունը խաղում է իր չորրոդ փոքրիկ աղջկա հետ։
UNICEF/Anush Babajanyan VII

39-ամյա Հարությունը խաղում է իր նորածին դստեր՝ Լանայի հետ Երևանում գտնվող իրենց տանը։ «Աղջիկներս իմ կյանքը լցրել են անսահման ուրախությամբ։ Երբ 4-րդ աղջիկս ծնվեց, սոց ցանցերում գրեցի «ծնվեց իմ 4-րդ հրաշքը», բոլորը պատասխանում էին․ «ուռա՜, վերջապես տղա ես ունեցել, շնորհավորում ենք», գրեցի, որ «իմ աղջիկներն իմ հրաշքներն են»։

Ինչպես Մկրտիչը, Հարությունը նույնպես պարբերաբար պատասխանել է շրջապատի արձագանքին։ «Ես միայն առողջ երեխա էի ուզում, ինձ համար ընդհանրապես կարևոր չէր սեռը։ Բայց շրջապատիս արձագանքը այլ էր, նրանք ասում էին․ «Դե ոչինչ, մյուսը տղա կլինի»։ Հաճախակի արհամարհում էի, իսկ երբեմն էլ պատասխանում ու հակադարձում»,-ասում է Հարությունը։

«Տղուց տղա է ծնվում» արտահայտությունը Հարությունը հաճախ է լսել ընկերներից, որին նա հանգիստ հակադարձող կատակով է պատասխանում․ «Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»։ Երբ Հարությունի երկրորդ աղջիկը՝ Սուսաննան, ծնվեց, ընկերները սկսեցին այլ կատակներ տարածել․ «Արի՛ ցույց տանք, թե ոնց պետք է տղա ունենալ»։ Նա սրտին մոտ չի ընդունում այսպիսի խոսակցությունները, բայց երբեմն հակադարձում է։

Հարությունի չորրոդ դուստրը՝ Լանան, քնած է իր մահճակալի մեջ։
UNICEF/Anush Babajanyan VII

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնած հետազոտությունը փաստում է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կարելի է բացառել` միայն մարտահրավեր նետելով ու փոխելով հասարակության նորմերը ոչ միայն կանանց ու աղջիկների համար, այլ նաև տղաների ու տղամարդկանց համար։ Ի վերջո, Հայաստանին հարկավոր է իր յուրաքանչյուր երեխայի ներուժը և այդ ներուժին հասնելն է երկրի ապագա զարգացման գրավականը: Յուրաքանչյուր երեխա, լինի աղջիկ, թե տղա, անչափ կարևոր են։ 

Թե ինչ է նշանակում լինել աղջիկ կամ տղա, առավելևս «լավ» աղջիկ և «լավ» տղա, ձևավորվում են վաղ մանկությունից սկսած և այստեղ մեծ դեր ունեն մեր ծնողները, տատիկներն ու պապիկները: Ոչ պակաս ազդեցություն են ունենում, սակայն, նաև մեր դպրոցն ու ուսուցիչները, ընկերները, լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: Գալիք տարիներին, ՅՈՒՆՍԻԵՖ-ը կշարունակի իր աշխատանքը կրթության ոլորտի մասնագետների և ուսուցիչների հետ, որպեսզի նրանք ավելի ներառող մեթոդներ կիրառեն, մեթոդներ, որոնք հավասարապես կարևորում են յուրաքանչյուր աշակերտին՝ անկախ նրա սեռից։

Պտղի սեռի ընտրությունը խորապես արմատավորված խտրականության և հասարակության մեջ կանանց ստորադասության հետևանք է։