«ԱՐՄԱՎ» հավելված՝ հաղորդակցման հնարավորություն չխոսող երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «ԱՐՄԱՎ» կենտրոնը համատեղ փորձարկում են այլընտրանքային հաղորդակցման հայալեզու «ԱՐՄԱՎ» հավելվածը:

Հասմիկ Առաքելյան
Հաշմանդամություն ունեցող երեխան հավելված է օգտագործում հաղորդակցվելու համար
UNICEF Armenia/2016/Pirozzi
12 Մարտ 2024

«ԱՐՄԱՎ» հավելվածը միակ հայալեզու աջակցող տեխնոլոգիական միջոցն է թաբլեթների համար, որն օգնում է խոսքի ու հաղորդակցման լուրջ դժվարություններ ունեցող երեխաներին արտահայտելու իրենց հույզերը, ցանկությունները, մտքերը` ներգրավելով նրանց կրթության մեջ և նպաստելով նրանց սոցիալական ներառմանը: ARMAV AAC անվամբ այս հավելվածն անվճար հասանելի է App Store-ում և Google Play-ում։

«Շատ կարևոր է հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխայի ակտիվ ներգրավումը սոցիալական միջավայրում և կրթության մեջ։ Իսկ լիարժեք ներգրավման համար կարևոր է, որ երեխան հաղորդակցման այլընտրանքային միջոցներով հաղորդակցվելու հնարավորություն ունենա», նշեց ԱՐՄԱՎ շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր, լոգոպեդ Արմինե Ավագյանը:

«Աջակցող սարքավորումներն ուղղակիորեն ազդում են հաշմանդամություն ունեցող երեխաների բարեկեցության վրա: Այս տեխնոլոգիաները նպաստում են երեխաների ներառմանը հասարակության մեջ՝ դրանով իսկ մեծացնելով կրթություն ստանալու և հետագայում աշխատաշուկայում ակտիվ լինելու նրանց հնարավորությունները: Օրինակ, լսողական սարքերի ճիշտ օգտագործումը օգնում է փոքր երեխաներին բարելավել լեզվական հմտությունները, հարմարեցված անվասայլակը կարող է մեծացնել երեխայի` դպրոց հաճախելու և ուսումնառությանը մասնակցելու հավանականությունը»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի համակարգող Հասմիկ Առաքելյանը:

Ուսումնասիրությունները (Avagyan, 2011; Bondy & Frost, 1994) վկայում են, որ եթե մինչև 5 տարեկան երեխաները այլընտրանքային հաղորդակցման միջոցներով են սկսում շփվել, ապա նրանցից շատերը շուտով սկսում են խոսել: Փոքր երեխաների դեպքում ծնողները որոշ դեպքերում մտավախություն ունեն, որ եթե փոքրիկը մշտապես այս հավելվածով հաղորդակցվի, հետագայում չխոսելու ռիսկն ավելի կմեծանա։ Սակայն սա իրականում հաղորդակցման միջոց է, որը տրվում է երեխային՝ մոտիվացնելով նրան, որ խոսի:

Այլընտրանքային հաղորդակցման ԱՐՄԱՎ հավելվածը ստեղծվել է բոլոր տարիքի երեխաների համար: Այն օգտատիրոջը տալիս է ձայն։ Այսինքն` անձն ընտրում է իր ասելիքին համապատասխանող նկարը/ները, դիպչում է դրանց, իսկ սարքն իր փոխարեն բարձրաձայնում է բառերը, ֆրազները, մտքերը։ Հավելվածը ներառում է մեծ թվով բառեր (մոտ 2000), որոնք ըստ հետազոտությունների հանդիսանում են առանցքային և բավարարում են ամենօրյա շփումներին։

Հավելվածի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կայքում, որ ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «ԱՐՄԱՎ» կենտրոնի համագործակցության արդյունքնում: Իսկ հավելվածի ֆունկցիաների մասին ավելին՝ կայքի հատուկ բաժնում՝ հետևյալ հղմամբ:

«Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է այլընտրանքային հաղորդակցման տեխնոլոգիական միջոց և, բնականաբար, մինչ այժմ չեն եղել նման միջոցների կիրառման վերաբերյալ գիտելիք ստանալու հնարավորություններ: Մենք մասնագետներին զինում ենք գիտելիքներով, որպեսզի նրանք կարողանան օգտատերերին սովորեցնել օգտագործել հավելվածը: Այդ հավելվածից օգտվել չսովորեցնելը նույն է, ինչպես օրինակ՝ տանը մարդը ունենա դաշնամուր, սակայն առանց նվագել սովորեցնելու ակնկալի, որ իր երեխան մի օր պետք է դառնա երաժիշտ կամ դաշնակահար», նշեց Արմինե Ավագյանը:

Սեպտեմբերի սկզբին «ԱՐՄԱՎ» հավելվածի կիրառման վերաբերյալ դասընթաց իրականացվեց հաղորդակցման դժվարություններ կամ չխոսող երեխաների հետ աշխատող 7 մասնագետների համար: Դասընթացի մասնակիցները ընտրվել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից ներկայացված հաստատությունների ցանկից։

Նրանք ներկայացնում էին երեխաներին առողջապահական, սոցիալական և մանկավարժահոգեբանական ծառայությունններ մատուցող տարբեր կառույցներ, այն է՝ Հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցը, ԱրԲեՍ առողջության կենտրոնը, Գավառի Երեխաների Զարգացման և Վերականգնողական կենտրոնը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ը, Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը, Երևան թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։

Դասընթացներին հաջորդելու են ամսական մեկ անգամ պարբերականությամբ աջակցող հանդիպումներ դասընթացին մասնակցած մասնագետների համար՝ ուղղված աշխատանքում ծագած դժվարություններն ու հաջողությունները վերլուծելուն և աջակցելուն:

«Ինչպես ցանկացած պարագայում, այս դեպքում հատկապես անհրաժեշտ է ապահովել ծնող-երեխա-մասնագետ եռանկյունու փոխհամագործակցությունը: Մասնագետի հետ աշխատանքում մասնակիցը դառնալով՝ շահում է թե´ երեխան, թե´ ծնողը և թե´ մասնագետը, ինչը կարող է նշանակալից դեր ունենալ երեխայի հաղորդակցման հմտությունների զարգացման գործընթացում», նշեց Հասմիկ Առաքելյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ 2021թ-ին կազմվել է աջակցող սարքավորումների համապարփակ ցանկ՝ համապատասխան տեխնիկական բնութագրերով, երկու նախակրթարաններ վերազինվել են աջակցող սարքավորումներով, ստեղծվել է երկրի առաջին գույքադարանը, վերապատրաստվել են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և նրանց հետ աշխատող մասնագետները, այդ թվում ուսուցիչները՝ զարգացնելու նոր հմտություններ և խթանելու կրթական համակարգում աջակցող սարքավորումների օգտագործումը:

Աջակցող սարքավորումները ոչ միայն նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, այլև դրանք տալիս են առողջապահական և կրթական ծառայություններից օգտվելու հնարավորություն և կարող են նվազեցնել երկարատև խնամքի և այլ ծառայություններից երկարաժամկետ օգտվելու անհրաժեշտությունը:

Հետագայում նախատեսվում է հավելվածը ներառել ՀՀ ընդունված աջակցող տեխնոլոգիաների ցանկում, շարունակել գործընկերությունը` ուղղված հավելվածի պարբերական թարմացումները իրագործելու, վերապատրաստվող մասնագետների շրջանակը ընդլայնելուն։ Ինչպես նաև պետք է փորձել հավելվածի և առհասարակ այլընտրանքային հաղորդակցման ցածր ու բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացը ներառել մասնագետների շարունակական վերապատրաստման ծրագրերում։