COVAX նախաձեռնությունն այս շաբաթ առաքելու է պատվաստանյութերի 65 միլիոներորդ չափաբաժինը, մինչդեռ պետք է առաքեր առնվազն 170 միլիոներորդը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը՝ մեծ յոթնյակի հունիսյան գագաթաժողովին ընդառաջ: Լրացուցիչ չափաբաժինները նվիրաբերելու ժամանակը հիմա՛ է:

19 Մայիս 2021
Holding covid-19 vaccine
UNICEF Armenia/2021/Margaryan

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 19-ը մայիսի, 2021թ.: «COVAX նախաձեռնությունը՝ COVID-19 պատվաստանյութերի համաշխարհային համահավասարությունն ապահովող կառույցը, առաջիկա օրերին առաքելու է իր 65 միլիոներորդ չափաբաժինը, այնինչ, պետք է առաքեր առնվազն 170 միլիոներորդը: Երբ հաջորդ ամիս մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպեն Մեծ Բրիտանիայում, և քանի որ կորոնավիրուսային հիվանդության մահացու երկրորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է տարածվել Հնդկաստանում և հարևան հարավասիական երկրներում, պակասորդը կկազմի 190 միլիոն չափաբաժին:

«Մենք բազմիցս նախազգուշացրել ենք «փայտը ձեռքից գցելու» և ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին առանց պատվաստանյութերի, ախտորոշման և բուժման միջոցների արդարացի հասանելիության թողնելու ռիսկերի մասին: Մտահոգված ենք, քանի որ Հնդկաստանում հիվանդության մահացու ալիքը ցույց է տալիս, թե ինչ կպատահի, եթե չանսան մեր նախազգուշացումներին: Չնայած Հնդկաստանում իրավիճակը ողբերգական է, բայց Հնդկաստանը միակը չէ: Դեպքերի թիվը շեշտակի աճում է, և առողջապահական համակարգերը պայքարում են Հնդկաստանի հարևան երկրներում՝ Նեպալում, Շրի Լանկայում, Մալդիվներում, ինչպես նաև այլ երկրներում՝ Արգենտինայում և Բրազիլիայում:

Երեխաներն ու նրանց ընտանիքները չափազանց բարձր գին կվճարեն այս ամենի համար: Որքան երկար վարակն առանց խոչնդոտների տարածվի, այնքան մեծ է վիրուսի մահացու կամ վարակիչ նոր տեսակների առաջացման ռիսկը:

Այս համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է՝ ամբողջ աշխարհում: COVAX-ը, ԱՀԿ-ի, Գավիի և CEPI-ի գլխավորությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ որպես իրականացնող գործընկեր, ցույց է տվել այդ ճանապարհը: Բայց COVAX-ում մատակարարումների պակաս կա:

«Պատվաստանյութեր արտադրող Հնդկաստանում իրավիճակն ունի գլոբալ հետևանքներ, այն է՝ COVAX-ին հասանելի պատվաստանյութերի խիստ կրճատումն է: Ներքին պահանջարկի աճը նշանակում է, որ մինչև մայիսի վերջ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված 140 միլիոն չափաբաժինը չի կարող տրվել COVAX-ին: Եվս 50 միլիոն չափաբաժին, ամենայն հավանականությամբ, չի տրամադրվի նախաձեռնությանը հունիսին: Այս հանգամանքը, ի լրումն պատվաստանյութերի ազգայնականությանը, սահմանափակ արտադրական կարողությունների և ֆինանսավորման բացակայությանը, պատճառ է հանդիսացել, որ COVID-19 պատվաստանյութերի բաշխումը հետ ընկնի ժամանակացույցից:

«Հաջորդ ամիս մեծ յոթնյակի առաջնորդները հանդիպելու են՝ արտակարգ իրավիճակների դադարեցման հնարավոր սցենար մշակելու: Airfinity-ի հետազոտական կառույցի տրամադրած տվյալների նոր վերլուծությունը, որն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միացյալ Թագավորության ազգային կոմիտեի հանձնարարությամբ, փաստում է, որ մեծ յոթնյակի երկրները և Եվրամիության անդամ պետությունների խումբը կարող են նվիրաբերել պատվաստանյութերի շուրջ 153 միլիոն չափաբաժին, եթե հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին նվիրաբերեն իրենց հասանելի չափաբաժինների 20 տոկոսը: Ըստ էության, նրանք կարո՛ղ են այդպես վարվել՝ միևնույն ժամանակ կատարելով իրենց սեփական բնակչությանը պատվաստելու պարտավորությունները»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար ավելի քան 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: 

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հետևե՛ք մեզ  FacebookTwitterInstagram և YouTube սոցիալական հարթակներում: