COVAX նախաձեռնության միջոցով արդեն Հայաստանում է COVID-19 պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջնորդությամբ COVAX նախաձեռնության միջոցով Հայաստան մատակարարված COVID-19 պատվաստանյութի 50,400 չափաբաժինը կօգնի արագացնել պատվաստումների գործընթացը:

17 Մայիս 2021
An airplane in the background of Mount Ararat. 2nd batch of C-19 vaccines received.
Ministry of Health/March 2021/Martirosyan

ԵՐԵՎԱՆ, 17-ը մայիսի, 2021 թ.: ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունել է այսօր առավոտյան COVID-19 պատվաստանյութի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Հայաստան, որն իրականացվել COVAX նախաձեռնության (CEPI, GAVI, UNICEF, ԱՀԿ) միջոցով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նյութատեխնիկական աջակցությամբ: COVID-19- ի դեմ AstraZeneca պատվաստանյութի 50,400 դեղաչափի մատակարարումը կօգնի արագացնել պատվաստումների իրականացման և պատվաստման երկրորդ չափաբաժնի ստացման գործընթացը Հայաստանում:

Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝  COVAX նախաձեռնության անունից գնելով և առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին: «Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով՝ դրանք տարածելու հարցում և պատվաստանյութերի նկատմամբ վստահության ամրապնդման միջոցով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը համատեղ աշխատելու են՝ նաև ապահովելու, որ հանրապետության ողջ տարածքում առկա լինի համապատասխան սառցային շղթան»:

«Որպես COVAX- ի համանախագահ՝ ԱՀԿ-ի գերակայություններից մեկը COVID-19 պատվաստանյութերի որակի, անվտանգության և արդյունավետության ապահովումն է: ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող նախաձեռնության շրջանակներում, մենք պարտավորվել ենք աջակցել պետությանը՝ առողջապահության առաջնային օղակի մասնագետների համար պատվաստումների ուղեցույցների վերանայման, մշակման և տեղայնացման գործում: Մեր մասնագիտական աջակցության, վերապատրաստումների և ուղղորդման միջոցով նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային հանգույցներ՝ նպատակ ունենալով կրթական դասընթացներ նախաձեռնել համապատասխան անձնակազմի համար` ի նպաստ Հայաստանում իմունականխարգելման ազգային ծրագրի», - նշել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

«Team Europe/Եվրոպայի թիմը» պատրաստակամ է ապահովելու, որ Հայաստանում պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ ստանա այն՝ երկրի ցանկացած կետում: COVAX նախաձեռնության շրջանակում Team Europe-ը կրկին աջակցում է Հայաստանի կառավարությանն իրականացնելու պատվաստումներ` ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ գործընկերությամբ: Պատվաստանյութերն աշխատում են, պատվաստանյութերը կյանքեր են փրկում», - նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Քանի դեռ աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 համավարակի դեմ, պատվաստանյութերի մեծ քանակի մատակարարումը կյանքեր փրկելու և ավելի նորմալ կյանքի վերադառնալու հույս է ներշնչում։ Անվտանգ և պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, այլ պաշտպանիչ միջոցառումների հետ մեկտեղ, կօգնի մարդկանց առողջ լինել, վերսկսել տնտեսական գործունեությունը և կանգնեցնել համավարակը։ COVAX նախաձեռնության միջոցով, միջազգային համերաշխության շնորհիվ՝ պատվաստանյութերն արդեն հասնում են դրա անհրաժեշտությունը ունեցող բոլոր երկրներ։ Ուրախ ենք, որ Հայաստանն այն երկրներից է, որն արդեն ստացել է պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը, և առողջապահության նախարարությունը երկրում բնակվող բոլոր մարդկանց տրամադրում է անվճար պատվաստանյութեր` ապահովելով պատվաստումների հասանելիությունը», - ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

Պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

COVAX նախաձեռնությունը համաղեկավարվում է Համաճարակային պատրաստվածության նորարար մոտեցումների կոալիցիայի (CEPI), «Gavi» պատվաստանյութերի դաշինքի և ԱՀԿ-ի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ: Նախաձեռնության նպատակն է մինչև 2021 թվականի ավարտն ապահովել ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում (Emergency Use Listing/ EUL) ընդգրկված պատվաստանյութերի առնվազն 2 միլիարդ չափաբաժին: COVAX -ը միակ գլոբալ  նախաձեռնությունն է, որն աշխատում է կառավարությունների և արտադրողների հետ՝ ապահովելու, որպեսզի COVID-19 պատվաստանյութերը հասանելի լինեն ամբողջ աշխարհում՝ ինչպես բարձր, այնպես էլ ցածր եկամուտ ունեցող երկրներում:

Նախաձեռնությանն աջակցում են կառավարության և միջազգային զարգացման ոլորտի գործընկերներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Եվրոպական միությունը, Ճապոնիան, Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամն ու այլոք:

COVID-19-ի դեմ պատվաստումների մասին ավելին իմանալու համար այցելեք  Պատվաստումներ բոլորի համար (www.unicef.org/armenia/պատվաստումներ  կայքէջը:  #ՊատվաստումնԱշխատումԷ