COP30-ին ընդառաջ, Հայաստանի երիտասարդները հրապարակում են Ազգային երիտասարդական հայտարարությունը

Հանգստյան օրերին տեղի ունեցած LCOY Հայաստան-ի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերից հավաքված ավելի քան 100 դեռահաս և երիտասարդ քվեարկեցին ու ընդունեցին 2025 թ. Ազգային երիտասարդական հայտարարությունը

08 Սեպտեմբեր 2025
LCOY 2025 participants have raised their hands to applaud in sign language during a mini-session on sign language to welcome participants with disabilities.
UNICEF Armenia/2025/Galstyan

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 11, 2025 թ.․ Հայաստանի մարզերից ավելի քան հարյուր երիտասարդ սեպտեմբերի 6-7-ը համախմբվել էին Երևանում՝ մասնակցելու Երիտասարդների տեղական համաժողովին (LCOY Հայաստան)։ LCOY Հայաստանը YOUNGO-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պաշտոնական երիտասարդական ցանցի մաս է: Միջոցառումը կազմակերպվել էր կլիմայական հարցերով երիտասարդության առաջնորդների՝ Նարեկ Օհանյանի (COP27-ի մասնակից) և Անի Պալթաջյանի (COP28-ի մասնակից) նախաձեռնությամբ։ Համաժողովն անցկացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ:

Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացած համաժողովին միացել էին նաև Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամները (այս տարվա սկզբին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ստեղծված)։ Երկօրյա քննարկումների ավարտին՝ սեպտեմբերի 7-ին, LCOY-ի մասնակիցները քվեարկությամբ հաստատեցին եզրափակիչ Ազգային երիտասարդական հայտարարությունը։ Փաստաթուղթը փոխանցվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ուղարկվեց YOUNGO՝ որպես հավելում COP30-ին Բրազիլիայի Բելեմ քաղաքում հրապարակվելիք Գլոբալ երիտասարդական հայտարարագրի մեջ։

«Ազգային երիտասարդական հայտարարագրի հիմնական ուղերձը, ինչպես նաև այն, ինչ բազմիցս ընդգծեցին մասնակիցները, այն է, որ համայնքային, ազգային և գլոբալ մակարդակներում անհրաժեշտ են շտապ և պատասխանատու կլիմայական գործողություններ։ Խոստումները պետք է վերածվեն քաղաքականությունների, իսկ քաղաքականությունները՝ իրական առաջընթացի։ Սա հնարավոր դարձնելու համար բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք՝ կերտելու կլիմակայուն ապագա, որտեղ յուրաքանչյուր երիտասարդի ձայնը լսելի է, յուրաքանչյուր գաղափար՝ արժևորված, և յուրաքանչյուր քայլ՝ նշանակալի», – նշեցին Անի Փալթաջյանն ու Նարեկ Օհանյանը միջոցառման ավարտին։

«Երիտասարդները պարզապես մեր ապագան չեն, նրանք նաև մեր ներկան են։ Եվ այսօր կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի հատկապես նրանց վրա։ Ահա թե ինչու պետք է ապահովենք, որ կլիմայական քաղաքականությունները պաշտպանեն նրանց իրավունքներն ու ապագան։ Եվ հենց այդ պատճառով է կարևոր, որ նրանց ձայնը, գաղափարներն ու առաջնորդությունը լինեն կլիմայական ճգնաժամի լուծման առանցքում։ Իսկ որպեսզի դա կյանքի կոչվի, անհրաժեշտ է, որ երիտասարդները լիարժեք ներգրավված լինեն կլիմայական որոշումների կայացման գործընթացներում՝ տեղականից մինչև համաշխարհային մակարդակ։ Հայաստանը արդեն քայլեր է ձեռնարկել կլիմայական կառավարման գործընթացներում երիտասարդների մասնակցությունը հաստատուն դարձնելու ուղղությամբ, և ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է շարունակել աջակցել այս ջանքերին», – նշել է  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«Հայաստանում կայացած LCOY 2025-ը մեր երիտասարդների կողմից կազմակերպված ոգեշնչող նախաձեռնություն էր։ Նրանք կարողացան ձևավորել հնարավորինս ներառական գործընթաց՝ ապահովելով, որ Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդների տեսակետները ներկայացված լինեն։ Թեև Հայաստանը գլոբալ առումով ջերմոցային գազերի մեծ արտանետող չէ, կլիմայի փոփոխության հետևանքները զգալի կլինեն թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ Կովկասյան տարածաշրջանում։ Վտանգի տակ են թե՛ ջրի անվտանգությունը, թե՛ պարենային անվտանգությունը, թե՛ էներգետիկ անվտանգությունը, և թե հանրային առողջապահությունը։ Երիտասարդների մասնակցությունն անչափ կարևոր է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց կարծիքը հայտնելու իրենց իսկ ապագայի վերաբերյալ։ Կարևորը՝ հայ երիտասարդները կարողանում են համագործակցել և կապ հաստատել միմյանց հետ, միասին ձևավորել առաջարկություններ ու պահանջներ, որոնք կարող են ազդել երկրի ապագայի վրա։ Սա նաև ցույց է տալիս նրանց աճող գիտակցումը իրենց՝ որպես գլոբալ քաղաքացու դերի մասին», – նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան ինտերակտիվ աշխատարաններ և պանելային քննարկումներ, երիտասարդների կողմից ղեկավարվող կլիմայական միջոցառումներ, ինչպես նաև քաղաքականության փաստաթղթերի մշակման նիստեր:

Երիտասարդական հայտարարագրին և LCOY-ի մասին ավելին իմանալու համար, այցելեք ՝ LCOY Հայաստան 2025 | UNICEF Հայաստան կայքէջը:

Քննարկումներին մասնակցելուհամար`կիրառեք #LCOYArmenia #Youth4Climate #ClimateActionNow հեշթեգերը:

 

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookInstagram և X-ում: