BTS-ն ու Big Hit-ը վերահաստատում են իրենց աջակցությունը երեխաների հանդեպ բռնությանը և անտեսմանը վերջ տալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի արշավին

Համավարակի երկրորդ տարվա սկզբին Գրեմմի մրցանակին առաջադրված խումբը վերահաստատում է իր աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվությամբ և սիրո ու միասնության ուղերձով

04 Մարտ 2021
BTS and Executive Director of UNICEF Henrietta Fore.
UNICEF/UN0237877/Nesbitt

ՍԵՈՒԼ / ՆՅՈՒ ՅՈՐՔ, 2021 թ. մարտի 5 – Այսօր հրապարակված տեսանյութում Գրեմմի մրցանակին առաջադրված BTS խումբը Big Hit Entertainment (Big Hit) ձայնագրման ընկերության հետ համատեղ վերահաստատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրված իր խոստումը․ օգնել վերջ տալ բռնությանը և անտեսմանը, նպաստել երեխաների և երիտասարդների ինքնագնահատականի բարձրացմանը և նրանց բարեկեցության բարելավմանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2017 թվականից համագործակցող հարավ-կորեական այս խումբը հանդես եկավ վիրտուալ հաղորդագրությամբ՝ խոստանալով շարունակել սիրո և միասնության ուղերձ տարածող «ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ» արշավը, որ հատկապես կարևոր է ֆիզիկական մեկուսացման այս պահին:

Գործընկերության շրջանակում BTS-ը և Big Hit-ը ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ինչպես նաև «LOVE MYSELF» ապրանքանշանի վաճառքից ստացված հասույթն ու «LOVE YOURSELF» ալբոմի վաճառքից ստացված շահույթի մի մասը:

«Մենք չափազանց հուզված և շնորհակալ ենք, որ մեր՝ փոքր քայլերով սկսված «ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ» քարոզարշավը ավելի մեծ համագործակցության հիմք է հանդիսացել: Մենք ինքներս ձգտել ենք «սիրել ինքներս մեզ», և կարծում եմ՝ մենք, թե՛ որպես թիմ, և թե՛ որպես անհատներ, նույնպես զարգացել ենք», - ասաց խմբի անդամ RM-ը:

Դպրոցների փակման, ֆիզիկական հեռավորություն պահպանելու միջոցառումների և ծառայությունների հասանելիության նվազման պատճառով COVID-19 համավարակն օգնեց գիտակցել երեխաների և երիտասարդների մտավոր և սոցիալ-հոգեբանական բարեկեցության կարևորությունը։ Վերջինս հատկապես կարևոր է առցանց կամ իրական կյանքում անտեսվող, շահագործվող կամ ահաբեկվող երեխաների և երիտասարդների դեպքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքում է այս փոփոխվող ժամանակներին՝ աշխարհում երեխաների և երիտասարդների բարեկեցությունը պաշտպանելու և բարելավելու իր նոր եռանդուն ռազմավարությամբ:

«ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վնաս է հասցնում մեր բոլորի՝ հատկապես՝ երեխաների և երիտասարդների կյանքին և հուզական բարեկեցությանը», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Իր երաժշտության և ուղերձների միջոցով BTS-ն իր աշխարհասփյուռ լսարանին ասում է. «Դուք մենակ չեք: Բոլորիս համար էլ այս պահը շատ ծանր է: Միայն միասին, սիրով և բարությամբ մենք կարող դա հաղթահարել»: Մեր համագործակցության նոր փուլ սկսելուն մեկտեղ՝ մենք միասին պարտավորվում ենք ավելի բարի, ավելի անվտանգ և ավելի փոխկապակցված աշխարհ կառուցել»:

2017 թ.-ից ի վեր, BTS-ը և Big Hit-ի «ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ» արշավը ամբողջ աշխարհում 2.98 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ երեխաների և երիտասարդների հանդեպ բռնությունը դադարեցնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի համար, ինչպես նաև ամբողջ աշխարհի դեռահասներին քաջալերել է պատմել իրենց անձնական փորձը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: