14-24 տարեկանների 8 ստարտափ թիմ նախնական ֆինանսավորում է ստացել «ԻմաՋեն» երիտասարդական նախաձեռնության «Սերունդ առանց սահմանների» մրցույթի շրջանակում
6 մարզերից և Երևանից մրցույթի առաջին փուլը հաղթահարած 12 նախագծերից 8 գաղափար անցել է ինկուբացիոն փուլը։

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ԵՐԵՎԱՆ, 31-ը մայիսի 2022 թ. - «ԻմաՋեն» երիտասարդական նախաձեռնության «Սերունդ առանց սահմանների» մրցույթի շրջանակում Դիլիջանում անցկացված բութքեմփի ավարտին 14-24 տարեկան երիտասարդների ութ ստարտափ թիմ անցել է նախագծերի իրականացման փուլ՝ յուրաքանչյուրը որպես նախաֆինանսավորում ստանալով 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
«Սերունդ առանց սահմանների» մրցույթի մեկնարկը տրվել է այս տարվա մարտի սկզբին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Մրցույթի հայտերի ընդունման փուլում ստացվել է 109 հայտադիմում Հայաստանի վեց մարզերը և Երևանը ներկայացնող 14-24 տարեկան երիտասարդներից։ Հայտերում ներկայացված են եղել տարաբնույթ գաղափարներ՝ ուղղված կրթական որակի բարելավմանը և քաղաքացիական ակտիվիզմի խթանմանը, աշխատատեղերի ավելացմանը, կլիմայի փոփոխության կանխմանը, մեդիագրագիտությանը և հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը:
«Սերունդ առանց սահմանների» մրցույթի գործընկերներն են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Սիներջի» ընկերության հայաստանյան գրասենյակը ու «Բոդի շոփ» բրենդի հայաստանյան մասնաճյուղը։ Ներկայացված 109 հայտադիմումներից ընդհանուր ընտրական հանձնաժողովի կողմից առանձնացվել են 12-ը, որոնք մրցել են մայիսի 28-29-ին Դիլիջանում անցկացված բութքեմփի շրջանակում։ Արդյունքում գաղափարների ինկուբացիոն փուլ են անցել հետևյալ ութ թիմերը․
- «Landslide Rulers» թիմը (Երևան), որը ցանկանում է կառուցել հատուկ վանդակներ՝ վերօգտագործելով թափոնները՝ դրանց երկրորդ կյանք հաղորդելով և միաժամանակ պայքարելով սողանքների դեմ:
- «ԿԼԻՄԱՊՈԼԻՍ» թիմը (Վեդի) նախատեսում է սեղանի խաղ ստեղծել, որը կունենա նաև իր առցանց տարբերակը՝ ներկայացնելով երիտասարդներին, թե ինչպես կարելի է նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները:
- «Creative Corner» թիմի (Գյումրի) գաղափարը ոչ ֆորմալ կրթական հաստատության ստեղծումն է, որը սպասարկման ոլորտում առաջարկում է վերապատրաստում և պրակտիկա՝ օգնելով երիտասարդներին մուտք գործել աշխատաշուկա:
- «Tea & More» թիմը (Կողբ) նախատեսում է ստեղծել չրերի և բուսական թեյերի արտադրություն:
- Girlopolis» թիմի (Երևան) գաղափարը STEM-ով հետաքրքրված աղջիկների համար մի շարք հեքաթներ անցկացնելն է՝ խրախուսելով աղջիկներին հիմնել իրենց ստարտափները, զարգացնել իրենց տեխնոլոգիական գաղափարները:
- «MeDialog» թիմը (Երևան) նախատեսում է խրախուսել մեդիագրագիտությունը դեռահասների և երիտասարդների շրջանում՝ կանխելով առցանց բռնության ենթարկվելու և խարդախությունների մեջ ներքաշվելու վտանգները՝ դարձնելով երիտասարդներին ավելի ինքնավստահ և ավելի պաշտպանված:
- «Vayeli Cafe and Bakery» թիմի գաղափարը Կապանում սրճարան հիմնելն է: Այդպիսով ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն, այլև այն կծառայի որպես հավաքատեղի երիտասարդների համար:
- «էկո Կողբ» թիմի գաղափարն է Տավուշում ստեղծել էկո տոպրակների կարի արտադրամաս, որը կկանխի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, աշխատատեղեր կստեղծի կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ GenU-ի աջակից «Բոդի շոփ»-ը խոստացել է աջակցել Էկո Կողբին և խթանել պայուսակների վաճառքը Հայաստանի «Բոդի շոփ»-ի խանութների ցանցում:
Այս փուլում թիմերը կուղղեն տրամադրված նախաֆինանսավորումը իրենց գաղափարների իրագործմանը՝ ոլորտային փորձագետների աջակցմամբ:
«Սերունդ առանց սահմանների» մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին՝ ծավալելու հանրօգուտ գործունեություն, լսելի դարձնելու իրենց ձայնը, ինչպես նաև բացահայտելու և իրագործելու իրենց ներուժը ձեռնարկատիրության և ստեղծարարության ոլորտներում: Երիտասարդ տարիները լավագույն ժամանակն են նախաձեռնորեն լուծելու սեփական համայնքների սոցիալական խնդիրները: Ինչպես ցույց է տվել դիմումների ընդունման փուլը, հայ երիտասարդները գաղափարների պակաս չունեն և պատրաստակամ են նպաստելու իրենց երկրի զարգացմանը և ապագայի կերտմանը»,- միաձայն փաստում են կազմակերպիչները:
2022 թ.-ի հուլիսին ներկայացված լուծումներից ամենախոստումնալից երկուսը կմասնակցեն մրցույթի միջազգային փուլին, որի հաղթող նախագծերը լրացուցիչ ֆինանսավորում կստանան, իսկ մրցույթի գործընկերների կողմից մշակված ինկուբացիոն միջազգային հատուկ ծրագիրը կնպաստի այդ նախագծերին մասշտաբների ընդլայնմանը։
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: