Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

18 Նոյեմբեր 2019
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանին է հանձնում կոչման համար նախատեսված ապակյա հուշանվերը։
UNICEF Armenia/2019/Ghambaryan

Երևան, 18-ը նոյեմբերի, 2019թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարեց Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ՝ Արթուր Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակելու մասին: Ալեքսանյանը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և առողջ սնուցման իրավունքը՝ առաջնահերթությունը տալով առավել խոցելի երեխաներին:

Այս նշանակումը ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով է, որը նշվում է Երեխաների համաշխարհային օրը` նոյեմբերի 20-ին: Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպում է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի - Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ և այլ որոշում կայացնողներ:

«Ըստ վիճակագրության՝ մինչև հինգ տարեկան երեխաների 14 տոկոսը գերքաշ է, իսկ 9 տոկոսը՝ թերսնված: Ցավալի է գիտակցել, որ այդքան վաղ տարիքում երեխաների սնուցումը պատշաճ չի կազմակերպվում: Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի ու դե իհարկե, անպայման առողջ սնվի», - նշեց Ալեքսանյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ օգտագործել այս հնարավորությունն ու աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների առողջ ապրելու իրավունքը»,- ավելացրեց Ալեքսանյանը:

Վերջին երկու տասնամյակներում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել առողջապահության ոլորտում. նշանակալիորեն կրճատվել է մանկական մահացությունը, բարձրացել է բացառապես կրծքով կերակրման ցուցանիշը, մինչ 18 տարեկանների բուժումը դարձել է անվճար: Այնուամենայնիվ, երեխաների սնուցման և ֆիզիկական ակտիվության վիճակագրությունը շարունակում է անհանգստացնել:

«Ուրախ ենք, որ օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը միացավ մեզ՝ որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան: Որպես երեխայի իրավունքների և առողջ ապրելակերպի ջատագով՝ Ալեքսանյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Վաղ հասակում պատշաճ սնուցումը նպաստում է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլև ուղեղի զարգացմանը: Մենք ուրախ ենք միավորել մեր ջանքերը՝ հանուն Հայաստանում առողջ մանկությունը յուրաքանչյուր երեխայի համար իրականություն դարձնելու գաղափարի»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան դառնալով՝ Ալեքսանյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների ամենահանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

Մուլտիմեդիա բովանդակություն

Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակման արարողության ժամանակ հարցազրույց է տալիս երեխաներին։

Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր առցանց հարթակ է ստեղծել, որը հնարավորություն է տալիս բոլոր երեխաներին և երիտասարդներին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները: Հարթակին իր աջակցությունն է ցուցաբերել Արթուր Ալեքսանյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: