ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում պլանային պատվաստումների իրականացումը կենսական նշանակություն ունի․ ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ

Համառոտ ակնարկ 2020թ․-ի պատվաստումների եվրոպական շաբաթի կապակցությամբ

23 Ապրիլ 2020
Փոքրիկ տղայի դիմանկար։
UNICEF Armenia

Ժնև, Կոպենհագեն 22 ապրիլի, 2020թ.։ ՔՈՎԻԴ-19- ի համավարակն ակնառու հիշեցում է առ այն, որ վարակիչ հիվանդությունները սահմաններ չունեն: Բոլոր երկրներն են խոցելի՝ անկախ եկամտի մակարդակից կամ իրենց առողջապահական համակարգի հզորությունից: Եվրոպական տարածաշրջանում, որտեղ միլիոնավոր մարդիկ շաբաթներ շարունակ ապրում են ինքնամեկուսացման մեջ, իսկ մահացել է ավելի քան 100 000 մարդ, նոր տիպի կորոնավիրուսի տարածման արագությունն ու կործանարար հետևանքները, ամբողջովին վերափոխել են մեր կյանքը։

ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի սուր անհրաժեշտությունը ընդգծում է պատվաստումների առանցքային նշանակությունը կյանքի պահպանման և տնտեսության կայունության համար: Մինչ աշխարհում գիտնականները աշխատում են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, իսկ առողջապահական համակարգերը գերծանրաբեռնված են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարելով, պլանային պատվաստումների ազգային ծրագրերը կարևոր են առավել, քան երբևէ։ Մեր տարածաշրջանի բոլոր պետությունները պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները մարդկանց այն բազմաթիվ հիվանդություններից պաշտպանելու համար, որոնք կանխելու համար պատվաստանյութերն արդեն առկա են:

Երբ պլանային պատվաստումները բաց են թողնում, մեծանում է հիվանդության բռնկման ռիսկը: ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում 2018թ․ գրեթե 527 000 երեխա չի ստացել կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը: Մեկ տարի անց՝ 2019թ․, կարմրուկի վիրուսը Եվրոպայում ի հայտ բերեց իմունային համակարգի խոցելիություն՝ վարակելով ավելի քան 100 000 մարդու բոլոր տարիքային խմբերում: Պատվաստումների միջոցով երեխաների, երիտասարդների և մեծահասակների պաշտպանությունը կանխարգելելի հիվանդություններից պարտադիր է առողջապահական համակարգերի կայունության համար:

«Գիտենք, որ վարակիչ հիվանդությունների նկատմամբ խոցելիությունը մեկ վայրում հանրային առողջության համար սպառնալիք է դառնում ամենուր», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Աֆշան Խանը: «Հույժ կարևոր է, որ այս ճգնաժամի ընթացքում պլանային պատվաստումները շարունակվեն՝ միևնույն ժամանակ հավուր պատշաճի պաշտպանելով բուժաշխատողներին և պատվաստումներ ստացող անհատներին: Առաջնահերթությունը պետք է տրվի առավել խոցելի երեխաներին, որոնք մինչև հիմա բաց են թողել պլանային պատվաստումները»:

Եթե այս աննախադեպ ժամանակներում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված միջոցառումների հետևանքով պլանային պատվաստումների ժամանակավոր ընդհատումներ են տեղի ունենում, իրավիճակի կայունացումից հետո պետությունները պետք է պլանավորեն դրանք վերսկսել հնարավորինս արագ։

Պետությունները պետք է պատրաստ լինեն պատվաստել ավելի բարձր ռիսկային գոտում գտնվողներին և ապահովեն, որ բոլորին, այդ թվում՝ ամենախոցելի խմբերին, հավասարապես հասանելի լինի ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը, երբ այն ստեղծվի։

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու են աջակցել կառավարություններին՝ ամրապնդել պատվաստումների իրենց ծրագրերը, այդ թվում՝ պատվաստումների համահավասար իրականացման, պատվաստումների միջոցով կանխարգելելի հիվանդությունների վերահսկողության, համայնքային ներգրավվածության և կրթության ուղություններով ռազմավարական պլանավորմանը:

Երբ անցում կատարենք նոր ապագայի, պատվաստումները կշարունակեն բոլորի առողջության և բարեկեցության հիմքը հանդիսանալ: Որևէ մեկին հետևում չթողնելու համար համերաշխության, համատեղ գործողությունների և նվիրվածության շնորհիվ է, որ կկարողանանք միասին ավելի առողջ ապագա կերտել:

#ՊատվաստումնԱշխատումէ

#Vaccineswork

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: