ՔՈՎԻԴ -19 համաճարակի պատճառով իմունիզացիայի և առողջապահական հիմնական ծառայությունների խաթարման վերաբերյալ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի հայտարարությունը

01 Ապրիլ 2020
Երեխան ստանում է իր հերթական պատվաստումը
UNICEF Armenia/2016/Pirozzi
Նորածինների և երեխաների բուժ-զննումը ներառում է աճի դիտարկում և պատվաստումներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը ներկայացնել նոր պատվաստանյութերը և ապահովել պատվաստման բարձր ծածկույթ:

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 1-ը ապրիլի 2020թ «Ամբողջ աշխարհում ՔՈՎԻԴ-19 համաճարակը գերծանրաբեռնում է առողջապահական ծառայությունների համակարգը, քանի որ բուժաշխատողները ուշադրությունը կենտրոնացրել են համաճարակի դեմ պայքարին։

«Ֆիզիկական հեռավորությունը պահպանելու սկզբունքը ստիպում է ծնողներին պլանային պատվաստումները հետաձգելու վերաբերյալ դժվարին որոշում կայացնել»։

«Բժշկական նշանակության ապրանքները բավարար չեն, իսկ մատակարարման շղթաները աննախադեպ ճնշման տակ են տրանսպորտային խափանումների պատճառով: Թռիչքների չեղարկման և երկրների կողմից առևտրային սահմանափակումների պատճառով կտրուկ նվազել է կարևոր նշանակության դեղամիջոցների, այդ թվում ՝ պատվաստանյութերի հասանելիությունը»:

«Քանի որ համաճարակը շարունակում է տարածվել, հավանական է, որ կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ իմունիզացիան, ընդհատվի հատկապես Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում․ տարածաշրջաններ, որտեղ դրանք անչափ անհրաժեշտ են»։

«Հակամարտություններից և բնական աղետներից տուժած երկրներում ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաներն ամենամեծ վտանգի տակ են»։

«Ուղերձը հստակ է՝ մենք չպետք է թույլ տանք, որ կյանքը փրկող բժշկական միջամտությունները տուժեն ՔՈՎԻԴ-19 -ի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերի հորձանուտում»։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ամենաշատը տուժած երկրներում հիմնական առողջապահական ծառայություններին և իմունիզացիայի ծրագրերին՝ նվազեցնելով ՔՈՎԻԴ-19-ի տարածման հավանականությունը։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի պատվաստանյութերի մատակարարումը դրա կարիքը ամենաշատը ունեցող երկրներ շարունակվի»։

«Առաջիկա օրերին շատ երկրներում կառավարությունները կարող է ստիպված լինեն ժամանակավորապես հետաձգել կանխարգելիչ զանգվածային պատվաստումները, որպեսզի դրանով չնպաստեն ՔՈՎԻԴ 19-ի տարածմանը և հետևեն ֆիզիկական հեռավորության վերաբերյալ խորհուրդներին»։

«ՔՈՎԻԴ -19-ի հետ կապված իրավիճակը վերահսկելի դառնալուն պես՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է բոլոր կառավարություններին՝ սկսել մանրամասն պլանավորել պատվաստումներին ուղղված գործունեությունը։ Այս քայլերը պետք է մասնավորապես տարածվեն այն երեխաների վրա, ովքեր այս ժամանակահատվածում բաց են թողել պատվաստումների իրենց չափաբաժինները՝ առաջնահերթությունը տալով ամենախոցելի երեխաներին։ Եվ որպեսզի հաջողությամբ կիրառության մեջ մտցնենք ՔՈՎԻԴ 19-ի պատվաստանյութը, երբ այն արդեն պատրաստ լինի, մենք պետք է վստահ լինենք, որ իմունիզացիային ուղղված մեր ծրագրերը շարունակում են գործել և հասնում են ամենաշատը դրա կարիքը ունեցողներին»։

«Պատվաստումները շարունակում են կյանքը փրկող առողջապահական միջամտություն լինել։ Որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ ու մատակարար՝ ՅՈՒՆԻՍՖ-ը շարունակում է իր առանցքային դերը կառավարությունների՝ իմունիզացիային ուղղված ներկայիս և գալիք ջանքերին աջակցելու հարցում»։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում: