ՔՈՎԻԴ-19-ը հեշտ հաղթահարելու համար երեխաներին նվիրված նոր պատմվածք է լույս տեսել

09 Ապրիլ 2020
Ջիլիզա գյուղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնադրած այլընտրանքային մանկապարտեզում փոքրիկ Ալվարդը պառկել է գորգի վրա, իսկ ձեռքերին մանկական հեքիաթների գիրք է։
UNICEF Armenia/2020/Margaryan

Ժնև, 9-ը ապրիլի, 2020թ Մարդասիրական ոլորտում գործող ավելի քան 50 կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵՖ, ԱՀԿ, ՄԱԿ ՓԳՀ, ԿԽԿՄԸՄՖ, Սեյվ դը Չիլդրեն) համագործակցության արդյունքում, նոր պատմվածք է գրվել, որի նպատակն է ՝օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է ՔՈՎԻԴ-19-ը և ինչպես համակերպվել դրա հետ։

Արիո անունով երևակայական կերպարի օգնությամբ «Իմ հերոսը դու ես․ ինչպես երեխաները կարող են պայքարել ՔՈՎԻԴ -19-ի դեմ» պատմվածքը բացատրում է, թե ինչպես երեխաները կարող են պաշտպանվել ու պաշտպանել իրենց ընտանիքները, ընկերներին կորոնավիրուսից և թե ինչպես հաղթահարել այն բացասական հույզերը, որոնք ի հայտ են գալիս, երբ առերեսվում են նոր և արագորեն փոփոխվող իրավիճակի հետ։

«Ամբողջ աշխարհում, երեխաների կյանքն ամբողջովին տակնուվրա է եղել։ Նրանց մեծամասնությունն ապրում է երկրներում, որտեղ սահմանափակվել է շարժը կամ երկիրը գտնվում է մեկուսացման ռեժիմի մեջ։ Այս հրաշալի գիրքը կօգնի երեխաներին հասկանալ այս նոր իրականությունն ու հաղթահարել այն։ Ու նաև սովորել, թե ինչպես կարող են փոքրիկ քայլերով իրենց իսկ պատմությունների հերոսը դառնալ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։

Գրքի հիմնական տարիքային խումբը 6-ից 11 տարեկան երեխաներն են։ Այն Արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության հարցերով միջգերատեսչական մշտական հանձնաժողովի նախագիծն է, որը ՄԱԿ-ի գործակալությունների, ազգային և միջազգային ՀԿ-ների և միջազգային գործակալությունների միջև յուրօրինակ համագործակություն է, որի նպատակն է՝ արտակարգ իրավիճակներում սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել։

Նախագծի իրականացման նախնական փուլում աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 1700 երեխաներ, ծնողներ, խնամակալներ և ուսուցիչներ պատմել են իրենց պատմություններն այն մասին, թե ինչպես են դիմագրավում համաճարակին։ Նրանց ներդրումն անգնահատելի էր հեղինակ և նկարիչ Հելեն Փեթաքի (Helen Patuck) և նախագծի վրա աշխատող թիմի համար։ Նրանք պետք է ստեղծեին այնպիսի մի պատմվածք, որպեսզի տարբեր ծագմամբ և տարբեր երկրամասերում բնակվող երեխաները կարողանային պատմության մեջ իրենց տեսնել։

Եվ որպեսզի պատմվածքը հասանելի լինի հնարավորինս շատ մանուկների, այն թարգմանվելու է բազմաթիվ լեզուներով։ Այսօր արդեն պատմվածքը թողարկվել է 6 լեզուներով, առաջիկայում կթողարկվի ևս 30 լեզվով։ Այն լույս է տեսել թե՛ առցանց տարբերակով և թե՛ որպես աուդիո գիրք։

Գրքի անգլերեն և ռուսերեն տարբերակները կարող եք ներբեռնել այստեղից:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram ևYouTube-ում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին ավելին