Ռեսուրսների պակասի պատճառով դպրոցները չեն կարողանում առողջ և ներառական միջավայր ապահովել բոոր աշակերտների համար

23 Հունիս 2022
Washing hands with soap
UNICEF Armenia/2020/Margaryan

Նյու Յորք, Ժնև, 23 հունիսի, 2022թ. - Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի, չնայած ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոցների թվի կայուն նվազմանը, խորը անհավասարություն կա երկրների միջև և երկրների ներսում այս առումով: Ամենաքիչ զարգացած երկրների և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերի դպրոցականներն ամենաշատն են տուժում: Դրան զուգահեռ, տվյալները փաստում են, որ շատ քիչ դպրոցներ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույցներ և սանիտարահիգիենիկ պայմաններ:

«Չափազանց մեծ է այն երեխաների թիվը, որոնք հաճախում են խմելու ջուր, մաքուր սանհանգույցներ, ձեռքերը լվանալու օճառ չունեցող դպրոցներ, ինչը դժվարացնում է ուսուցումը, - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սանիտարահիգիենիկ պայմանների, կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի և աղետների ռիսկի նվազեցման հարցերով բաժնի ղեկավար Քելի Էն Նեյլորը, - ՔՈՎԻԴ-19 համավարակն ընդգծեց առողջ և ներառական կրթական միջավայր տրամադրելու կարևորությունը: Երեխաների կրթությունը պաշտպանելու համար վերականգնման ճանապարհը պետք է ներառի դպրոցներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի տարրական ծառայությունների առկայություն այսօր և ապագայում»:

«Ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը ոչ միայն կարևոր է վարակների արդյունավետ կանխարգելման և վերահսկման առումով, այլ նաև երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության գրավականն է, - նշել է ԱՀԿ-ի շրջական միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով բաժնի ղեկավար Մարիա Նեյրան, - Դպրոցը պետք է լինի այնպիսի վայր, որտեղ երեխաները կզարգանան և չեն ենթարկվի դժվարությունների և առերեսվի վարակների տարրական ենթակառուցվածքների բացակայության կամ վատ պահպանման հետևանքով»:

Դպրոցները կարևոր դե ունեն առողջարար սովորությունների և վարքագծի ձևավորման խթանման գործում, սակայն շատերը, 2021 թվականի դրությամբ, չունեին տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Համաձայն ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման ծրագրի վերջին տվյալների՝

  • Աշխարհում դպրոցների 29 տոկոսը դեռևս չունի խմելու ջրի մատակարարում, ինչի հետևանքով տուժում է 546 միլիոն դպրոցական: Դպրոցների 28 տոկոսը դեռևս չունի սանիտացիայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 539 միլիոն դպրոցական: Դպրոցների 42 տոկոսը դեռևս չունի հիգիենայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 802 միլիոն դպրոցական:
  • Սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոց հաճախող երեխաների մեկ երրորդը ապրում է ամենաքիչ զարգացած երկրներում, իսկ կեսից ավելին ապրում է անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում:
  • Մինչև 2030 թվականը աշխարհի դպրոցներում համընդհանուր ծածկույթի հասնելու համար պահանջվում է խմելու ջրի գծով առաջընթացին ուղղված ընթացիկ քայլերի տեմպի 14-ապատիկ աճ, տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման գծով երեք անգամյա, իսկ հիգիենայի տարրական ծառայությունների բարելավման հարցում հնգապատիկ աճ:
  • Ամենաքիչ զարգացած երկրներում և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում մինչև 2030 թվականը դպրոցների տարրական սանիտարական ծառայությունների համընդհանուր ծածկույթ ապահովելը կպահանջի ավելի քան 100-ապատիկ և 50-ապատիկ աճ՝ առաջընթացին ուղղված համապատասխան ընթացիկ գործողությունների տեմպերի առումով:
  • Հնարավոր համավարակներին դիմակայման և արձագանքման բարելավումը կպահանջի դպրոցներում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև վարակի կանխարգելման և վերահսկման այլ տարրերի ավելի հաճախակի մշտադիտարկում, այդ թվում՝ մաքրության, ախտահանման և կոշտ թափոնների կառավարման մասին:
  • Ազգային տվյալները փաստում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի սանիտարահիգիենիկ ծառայությունների ծածկույթը փոքր է և մեծապես տատանվում է տարրական, հիմնական և ավագ դպրոցներում քաղաքային և՛ գյուղական բնակավայրերի միջև, որտեղ դպրոցներն ավելի հավանական է, որ ունենան մատչելի խմելու ջուր, քան մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ:
  • Հասանելի տվյալներ ունեցող երկրների կեսում դպրոցների մեկ քառորդից քիչն ուներ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:
  • Հասանելի տվյալներ ունեցող երկրների մեծ մասում դպրոցներն ավելի հավանական է, որ ունենային հարմարեցված ենթակառուցվածք և պարագաներ (թեքահարթակներ, աջակցող տեխնոլոգիաներ, ուսումնական նյութեր), քան հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:

###

Իրավիճակը Հայաստանում

Ըստ ՀՀ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի, 2021-2022 ուսումնական տարում՝

  • 130 դպրոցում (9%), որտեղ ուսանում է ավելի քան 12,000 աշակերտ (3%) և աշխատում 1500 ուսուցիչ (4%), գոյություն չունի կոյուղու համակարգ:
  • 70 դպրոցում (5%), որոնք ունեն ավելի քան 4000 աշակերտ (1%) և մոտ 600 ուսուցիչ (1.6%), չկա խմելու կամ լվացվելու ջուր:
  • Իսկ ավելի քան 50 դպրոցներում սովորող գրեթե 3600 աշակերտներ (0.9%) և 500 ուսուցիչներ (1.3%) չունեն ո՛չ սանիտացիայի պայմաններ, ո՛չ էլ ջուր:

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է Արատատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 15 դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, դպրոցները դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի: Այս տարի դրան կավելանա ևս 5 դպրոց՝ Սյունիքի մարզի, Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում:

Ի լրումն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանների գնահատում, գործող նորմերի վերանայում, նոր առաջարկությունների ներկայացում, որը հնարավորություն կտա թիրախային ու արդյունավետ ներգործություն ունենալ, աստիճանաբար բարելավել ուսումնական հաստատություններում սանատարահիգիենիկ պայմանները` ապահովելով սովորողների և դասավանդողների համար արժանավապատիվ միջավայր։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: