Պայթյունից մեկ ամիս անց․ ինչպե՞ս օգնել Բեյրութի երեխաներին դպրոց վերադառնալ

Պայթյունից վնասվել կամ փլուզվել է 183 կրթական հաստատություն՝ վտանգելով ավելի քան 77,000 երեխաների և երիտասարդների ապագան

16 Սեպտեմբեր 2020
Լիբանանում փոքրիկ աղջիկը դաս է սովորում։
UNICEF Lebanon/2020

Բեյրութ, 16 սեպտեմբերի, 2020թ.  Բեյրութի պայթյունից մեկ ամիս անց ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է՝ ուսումնական տարվան ընդառաջ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել տուժած երեխաների կրթության հասանելիության խնդիրը՝ ընդգծելով, հրատապ քայլերի և ավելի շատ ներդրումների կարևորությունը:
 
Պայթյունից տուժել է ավելի քան 163 պետական և մասնավոր դպրոց, ինչի հետևանքով 70,000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու, 7600 ուսուցիչ՝ աշխատելու և կրթելու հնարավորությունից։ Նույն խնդրի առաջ են նաև տեխնիկական և մասնագիտական ուսուցում տրամադրող 20 կրթօջախների՝ 7300 ուսանողները։
 
Երեխաների կրթության ապահովումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջնահերթություններից է: Կրթությունը, գիտելիքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համարում է ոչ միայն երեխայի լավ ապագայի երաշխիք, այլև՝ հնարավորություն խթանելու տրավմայի ենթարկված երեխաներին՝ վստահել սեփական կարողություններին, վերականգնել հավատը վաղվա օրվա նկատմամբ: Պայթյունից 20 կմ շառավղով սահմանազատված տարածքում մոտ 600 000 երեխա է ապրում, որոնք կարող են կարճաժամկետ և երկարաժամկետ հոգեբանական խնդիրներ ունենալ։

Կրթության և բարձրագույն կրթության նախարարության նախնական տվյալով, այս տարածքի դպրոցների 80%-ը տարբեր աստիճանի վնասներ են կրել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մյուս գործընկերների հետ, հրատապ կարգով, ռեսուրսներ են հավաքագրվել՝ գոնե հոկտեմբերին դպրոցները վերանորոգելու և վերաբացելու համար:
 
«Աղետների ժամանակ կրթությունը կարող է կենսական ուժ ունենալ այն երեխաների համար, որոնց կյանքը տակնուվրա է եղել՝ նրանց համար անվտանգ միջավայր ապահովելով և քաոսի մեջ «սովորականի» զգացում արթնացնելով»,- նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յոկո Մոկուոն։ «Ուստի, մենք շատ անհանգստացած ենք փլուզված դպրոցների պատճառով և այն հետևանքների, որ կարող են կրել երեխաները դրա արդյունքում»։
 
Պայթյունն էլ ավելի է դժվարացրել կորոնավիրուսի հետևանքով արդեն իսկ բարդացած դասապրոցեսի կազմակերպումը: Փլուզված տներից տեղափոխված ընտանիքների համար կրթական պարագաների և համացանցի հասանելիության խնդիրներ են ծագել, որոնք 2020/2021 ուս․ տարվա համար հրատապ լուծման կարիք ունեն: Սա ավելի է երկարացնում երեխաների՝ կրթությունից դուրս մնալու ժամանակահատվածը և, նույնիսկ, կրթությունը չշարունակելու վտանգ առաջացնում։ Պայթյունից տուժած և սոցիալական բարդ վիճակում գտնվող ընտանիքները, հիմնականում, բավարար միջոց չունեն երեխաներին դպրոց ուղարկելու համար։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ աշխատում է տուժած տարածքներում. դպրոցները վերանորոգվում և վերակահավորվում են, տրամադրվում են անվտանգության ուղեցույցներ, ուսուցիչները վերապատրաստվում են, որպեսզի կարողանան նաև հոգեբանական աջակցություն տրամադրել։ Համակարգվում է ուսուցիչների և երեխաների համար կրթական պարագաների և վաղ մանկական ուսումնառության փաթեթների մատակարարումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է նաև հեռավար կրթությունը նորարար լուծումներով կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև համացանցը և անհրաժեշտ սարքավորումները երեխաներին հասցնելու ուղղությամբ։
 
Երեխաներին ուղղված ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը նաև ներառում է.

  • 18 խմբաքանակ (ընդհանուր առմամբ 67 տոննա ծավալով) կենսական նշանակության հումանիտար աջակցության պարագաների մատակարարում (տեղում գնվող պարագաները ներառված չեն),
  • գործընկերների հետ համատեղ ավելի քան 155 շինության ջրամատակարարման վերականգնում, փլուզված համայնքներում 870 ջրի բաքերի տեղադրում,
  • 2400 մարդու խմելու և կենցաղային օգտագործման ջրի տրամադրում, ընտանիքներին 4485 հիգիենայի փաթեթի և 462 մանկական հավաքածուի տրամադրում,
  • 1406 երեխաների, ծնողների և խնամակալների հոգեբանական աջակցության տրամադրում,
  • առանց ծնողական խնամքի մնացած երեք երեխայի համար այլընտրանքային խնամքի կազմակերպում,
  • մինչև հինգ տարեկան 308 երեխայի համար անհրաժեշտ սննդային հավելումների մատակարարում,
  • նոր արևային սառնարաններ պետք է տեղադրվեն Ռաֆիկ Հարիրի հիվանդանոցում՝ վերականգնելու պատվաստանյութերի պահեստավորման համար օգտագործվող երկու սառը սենյակները,
  • 23 վնասված բուժհաստատությունների վերանորոգման կարիքների գնահատում։
  • բնակիչներին բաժանված ավելի քան 430 000 կտորե դիմակ,
  • առաջնային բուժհաստատություններին անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների խմբաքանակի տրամադրում, պատվաստման ծառայությունների իրականացում,
  • ի թիվս այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարվել է 3,5 միլիոն բժշկական դիմակ, 8070 դեմքի վահանակ, 124821 բժշկական համազգեստ, 11145 ակնոց, 7646 ջերմաչափ և 2,6 միլիոն զույգ ձեռնոց,
  • զբաղվածություն է ապահովվել ավելի քան 1900 երիտասարդի համար, այդ թվում՝ մաքրման, թեթև վերանորոգման, խոցելի ընտանիքների համար սննդի պատրաստման և մատակարարման գործում։

Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելուն զուգահեռ, առաջիկա երեք ամիսների ընթացքում երեխաների և ընտանիքների առաջնային կարիքներին արձագանքելու, երեխաներին և խնամակալներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցություն իրականացնելու, անվտանգությունն ապահովելու, առաջնային ծառայությունները վերականգնելու և դեռահասների ու երիտասարդների համար կարևոր հմտությունների զարգացումն ապահովվեու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 50 միլիոն ԱՄՆ դոլար: 
 
Միացե՛ք մեզ, օժանդակեք Լիբանանում տուժած երեխաներին և ընտանիքներին, հանգանակեք՝ https://help.unicef.org/beirut-explosions:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

Մուլտիմեդիա բովանդակություն

Ֆաթենը պատմում է Լիբանանի պայթյունից հետո առաջած ահ ու սարսափի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: