Ողջ աշխարհում անհրաժեշտ են նշանակալի փոփոխություններ՝ աջակցելու փոքրիկ երեխաներ ունեցող ընտանիքներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է ընտանիքամետ քաղաքականությունների վերաբերյալ նոր առաջարկություններ

01 Օգոստոս 2019
Մայրը ծննդատան սենյակում կրծքով է կերակրում իր փոքրիկին, իսկ հայրը հուզված գրկել է երկուսին:
UNICEF Armenia/2016/Pirozzi

Նյու Յորք, 1ը օգոստոսի 2019թ. – Մասնավոր հատվածը և կառավարությունները պետք է անհապաղ ներդնեն ընտանիքամետ քաղաքականություններ, որոնք կնպաստեն երեխաների առողջ զարգացմանը, ինչպես նաև՝ աշխատավայրում ծնողների հաջողության հիմք կհանդիսանան:

«Ընտանիքամետ քաղաքականություն. ձևավորելով ապագայի աշխատավայրը» հայեցակարգում նշվում է, որ վճարվող ծնողական արձակուրդների, կրծքով կերակրման համար նախատեսված ընդմիջումների, երեխայի նպաստների և հասանելի ու որակյալ խնամքին վերաբերող քաղաքականությունները դեռևս աշխարհում հասանելի չեն ծնողների ճնշող մեծամասնությանը:

 

Հայեցակարգը ներառում է հետևյալ 4 առաջարկությունները՝

 

  1. Ծնողների համար վճարովի արձակուրդ: Առնվազն վեց ամիս համատեղ վճարովի արձակուրդ բոլոր ծնողների համար, որոնցից 18 շաբաթը պետք է տրվի մայրերին: Կառավարությունները և մասնավոր հատվածը պետք է ձգտեն մինչև 12 ամիս համատեղ վճարովի արձակուրդ տրամադրել:Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, վճարովի մայրական արձակուրդը մեկ ամսով ավելացնելը 13 տոկոսով նվազեցրել է մանկական մահացությունը: Բարձր եկամուտ ունեցող երկրներում ծնողների համար վճարովի արձակուրդի յուրաքանչյուր լրացուցիչ շաբաթ ավելի քան 4 տոկոսով նվազեցնում է միայնակ մայրերի՝ աղքատության մեջ ապրելու հավանականությունը: Վեցամսյա վճարովի ծնողական արձակուրդները նաև նպաստում են բացառապես կրծքով կերակրմանը: Ծնողների համար վճարովի արձակուրդը նաև նպաստում է աշխատակազմի հոսունության ցուցանիշի, անձնակազմի համալրման և ուսուցանման ծախսերի նվազեցմանը, ինչպես նաև՝ փորձառու մասնագետների պահպանմանը: Այն երկրներում, որտեղ նմանատիպ քաղաքականություններն արդեն առկա են մի քանի տասնամյակ, աճել է կանանց զբաղվածությունը և հանգեցրել մեկ շնչի համար համախառն ներքին արդյունքի 10-20 տոկոսանոց աճի:
  2. Կրծքող կերակրման աջակցություն: Աշխատաժամերի ընթացքում կրծքով կերակրման համար նախատեսված կանոնավոր ընդմիջումները նպաստում են կրծքով կերակրմանը և պայմաններ են ստեղծում կաթիկ կթելու համար, իսկ կրծքով կերակրման համար հարմարավետ միջավայրը, որը ներառում է անհրաժեշտ բոլոր հարմարությունները, թույլ է տալիս մայրերին աշխատանքի վերադառնալուց հետո էլ շարունակել կրծքով կերակրել երեխային կամ բացառապես կամ հավելյալ սննդին համատեղ:
  3. Երեխաների համընդհանուր խնամք: Երեխաների մատչելի և որակյալ խնամքի համընդհանուր հասանելիություն՝ սկսած ծնողական արձակուրդի ավարտից մինչև երեխայի առաջին դասարան ընդունվելը, այդ թվում՝ փոքր երեխաների համար նախախնամք և հետխնամք, ինչպս նաև՝ նախնական խնամքի առաջնային ծրագրեր: Այն երեխաները, ովքեր ստանում են որակյալ և զարգացմանը նպաստող վաղ մանկական խնամք, ավելի առողջ են, ավելի լավ են սովորում, դպրոցներից դուրս չեն մնում, ինչպես նաև՝ չափահաս տարիքում ստանում են ավելի բարձր եկամուտ: Երեխայի խնամքի համար նախատեսված ծառայություններն անչափ կարևոր են կանանց հզորացման համար և թույլ են տալիս ծնողներին կատարել իրենց աշխատանքային պարտականություններն ու ձգտումները, իսկ տանը կատարել իրենց ծնողական պարտավորությունները:
  4. Երեխայի նպաստ: Ընդլայնել բոլոր երեխաների համար դրամական նպաստների ծածկույթը՝ սկսած ամենափոքր երեխաներից մինչև՝ բուհական վարձի հատուցում: Երեխայի նպաստները պետք է լինեն բոլոր երկրների սոցիալական պաշտպանության համակարգի մասը:

 

«Ընտանիքամետ քաղաքականությունների օգուտները շատ ավելին են, քան դրանց ներդրման ծախսերը՝ ավելի ամուր առոողջություն, աղքատության նվազում, բիզնեսի արդյունավետության բարձրացում և տնտեսական աճ», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Հօգուտ մեր ընտանիքների ներդնելը ոչ միայն խելամիտ սոցիալական քաղաքականություն է, այլև՝ խելամիտ տնտեսական քաղաքականություն»:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան

Հաղորդակցման ծրագրերի ղեկավար

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Հեռ: 37477232169

Հեռ: 37410580174

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram ևYouTube-ում: